Հայկական Ջոկերը՝ ՄԱԿ-ի ամբիոնում

«Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Խրիմյան Հայրիկի ավանդած պատկերացումները հարդարել ենք, փաթեթավորել ժապավեններով ու ժանյակներով, բայց աշխարհը ճանաչելու մեր մեթոդի մեջ շատ բան չենք փոխել։

Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր։ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը ոչ միայն աշխարհի մասին մեր պատկերացումները, այլև մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու ենթատեքստ ունի»,- մոտ մեկ շաբաթ առաջ նման բովանդակությամբ գրառում էր արել Նիկոլ Փաշինյանը։

Դրա կամայական ընթերցողի մոտ կարող է սխալ տպավորություն ստեղծվել, որ նա՝ մի տիեզերական ուժի ազդեցությամբ հասկացել է իր ու իր կառավարության կողմից իրականացվող քաղաքականության մակերեսայնությունը և ահա որոշել է սեփական պետությունն ու ազգն այլևս ծաղրի առարկա չդարձնել ու աշխարհի հետ հարաբերվել գոնե համարժեքությամբ։

Պարզվում է, սակայն, որ «մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու» ենթատեքստը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի վրա ծիծաղելու միջոցով աշխարհին զվարճացնելու նպատակադրում։ Մարդը, որ խոսում է մեր պատկերացումների ու քաղաքականությունների մակերեսային բնույթի մասին, հազարավոր կիլոմետրեր է կտրել-անցել, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի անունից հանդես գա՝ որպես շարքային շոումեն-ստենդափեր։

Ստորև ներկայացվող մեջբերման հեղինակը ոչ թե որևէ հումորիստ է, այլ ՀՀ վարչապետի անունից ՄԱԿ-ում հանդես եկող Նիկոլ Փաշինյանը։

«Եվ հետևաբար, ինչպե՞ս կառուցել ապագան: Ասածս տարօրինակ կհնչի, բայց կարևորագույն բանը, որ կարող ենք անել ապագայի համար, պոզիտիվ խոսույթներ ձևավորելն է, և դրանց հիմքերի ստեղծման հնարավորությունների վրա կենտրոնանալը, անկախ նրանից՝ այս պահին դրանք կա՞ն, թե՞ ոչ: Այսօրվա գլոբալ ճգնաժամի պատճառներից մեկն այն է, որ միջազգային հարթակները վաղուց դարձել են փոխադարձ մեղադրանքների, սպառնալիքների, փակուղիների, ճգնաժամերի ազդարարման հարթակ: Դժվար եմ հիշում միջազգային հարթակներում պոզիտիվ խոսույթ իմ կամ այլ լիդերների անունից: Եվ սրա համար օբյեկտիվ պատճառներ կան. պոզիտիվ խոսույթի նյութը քիչ է: Իսկ գուցե դա նրանից է, որ նախկին մի շրջանում պոզիտիվ խոսույթը քիչ է եղել կամ բացակայել է: Մենք սովորաբար գալիս ենք ՄԱԿ՝ ազդարարելու, թե ինչքան վատ է լինելու, որովհետև դրա մասին վկայող փաստերը շատ են ու ամենուր, և դրանք տեսնելու համար ջանք առանձնակի պետք չէ գործադրել: Ջանք պետք է գործադրել լավ ապագայի նախադրյալները տեսնելու և դրանց շուրջ մտածելու համար, որովհետև այն, ինչ տեղի է ունենում իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքում:

Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը, Ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը: Ի տարբերություն նախորդ երեք անգամների` ես Գլխավոր ասամբլեայի իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու․․․ Ուստի պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ՝ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»։

Փաշինյանի այս ելույթը հնչել է այն բանից բառացիորեն մի քանի ժամ անց, երբ, օրինակ, Իսրայելի ռազմական գործողությունների արդյունքում Լիբանանում զոհվել է շուրջ 500 քաղաքացիական անձ, և գրեթե այն նույն ժամերին, երբ Հայաստանի թշնամական պետության՝ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ իր երկրի համար առաջնային կարևորություն ունի Հայաստանի դեմ պատերազմին պատրաստվելը։

Ահա այս, և աշխարհում պայթյունավտանգ իրավիճակի մասին վկայող տասնյակ այլ իրադարձությունների համապատկերում երկրի ղեկավարի կարգավիճակով մեկը խոսում է «պոզիտիվ խոսույթներ» ձևավորելու մասին։ Հասկանալի է, իհարկե, որ դեռահաս աղջնակի շարադրության մակարդակի այս ելույթի իրական նպատակն այն է, որպեսզի հնչեր «իմ այս տարվա ելույթում ավելի շատ կկենտրոնանամ հնարավորությունների վրա, քան հարևան երկրներին մեղադրելու» արտահայտությունը։

Այսինքն՝ հանուն Ալիևի ու Էրդողանի հասցեին որևէ մեղադրական հայտարարություն չհնչեցնելու, Նիկոլ Փաշինյանը գերադասել է իրեն և, ցավոք, նաև Հայաստանին ծաղրի առարկա դարձնել ողջ աշխարհի քաղաքական էլիտայի առջև՝ «մեր մասին աշխարհի պատկերացումներն էապես լավարկելու ենթատեքստի» շրջանակներում։ Այս իրադարձության ողբերգականությունն այն չէ, որ աշխարհում հերթական անգամ ծիծաղելու են Նիկոլ Փաշինյանի վրա, շատ ավելի սարսափելի է, որ, ցավոք, դա տարածվելու է նաև Հայաստանի՝ որպես պետության ու հայ հասարակության հանդեպ միջազգային հանրության  վերաբերմունքի վրա։ Հայտնի չէ մի դեպք, որ ժողովրդի մասին, որը թույլ է տալիս, որ իրեն ղեկավարեն խեղկատակները, աշխարհում բարձր կարծիք ունենան։ Լավագույն դեպքում նրա վրա ուղղակի ծիծաղում են։ Եվ դա ոչ թե ապացուցման կարիք ունեցող թեորեմ է, այլ մարդկության պատմությամբ ապացուցված աքսիոմա։ 

Հարություն Ավետիսյան