«Դարի գործարքն» ու դեկլարացիաների խաբկանքը. խոստովանել ցավալին՝ այն հաղթահարելու համար

Հայաստանյան լրահոսում «տրենդային» չդիտվեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շնորհավորանքն Ադրբեջանի նախագահ Ալիևին, քանի որ այն չէր համապատասխանում հիմնականում դեկլարատիվ այն օրակարգերին, որ միջազգային հարաբերությունների տեսանկյունից լցրել են Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերության թեմայով:

Իսկ շնորհավորանքի առիթը, այսպես կոչված, «Դարի գործարքն» էր, որ կնքվել էր 1994 թվականի սեպտեմբերի 20-ին: 30 տարի առաջ կնքված այդ գործարքով Ադրբեջանը բացեց իր նավթագազային ռեսուրսները խոշոր պետությունների, խոշորագույն ընկերությունների առաջ՝ ձևավորելով նրանց շահերի մի հանգույց և կապելով այն սեփական շահերի հետ: «Դարի գործարքին» մասնակցել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք՝ «Բրիթիշ Պետրոլիումը»«Ամոկոն»«Ստատոյլը»«Լուկոյլը»«Դելտան», և այլք՝ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից:

Չարժե ծավալվել այդ պատմության շուրջ՝ այն Ադրբեջանի քաղաքականության անհարկի դրվատանքի չվերածելու համար: Բայց ոչ միայն արժե, այլև, թերևս, հարկ է խոստովանել, որ հակառակորդ պետությունը Հայաստանի հանդեպ ուժային հավասարակշռությունը հետևողականորեն թեքել է իր օգտին ոչ միայն մեծ քանակի սպառազինության, այլ նաև մեծ թվով արտաքին ներդրողների հետ խոշոր տնտեսական ծրագրեր կազմելու և դրանց իրականացման գործում պատասխանատու աշխատանքի համար:

Ընդ որում, Հայաստանում տարիների ընթացքում ընդամենն «ինքնարդարացում» կամ «ինքնամխիթարում» է եղել այն, թե Ադրբեջանն ուներ նավթ ու գազ, իսկ մենք՝ ոչ: Համաշխարհային տնտեսությունը միայն նավթի ու գազի հետևից չէ, որ գնացել է կամ գնում է: Դրանից բացի, Հայաստանն էլ ուներ իր հետաքրքիր ռեսուրսները, որոնց միջազգային կապիտալիզացիայի ողջախոհ, հետևողական, պատասխանատու քաղաքականությունը կարող էր բերել մի իրավիճակի, երբ Հայաստանը՝ եթե օգտագործենք «խաչմերուկ» նորաձև արտահայտությունը, կարող էր դառնալ տարբեր ներդրումային հետաքրքրությունների խաչմերուկ:

Իսկ այդ պարագայում, տնտեսական հետաքրքրությունների հետ մեկտեղ, ձևավորվում են նաև տնտեսական շահերի այդ խաչմերուկում անվտանգությունն ապահովելու ընդհանուր հետաքրքրություններ: Մեծ հաշվով, միջազգային հարաբերություններում որոշակիորեն համեստ դեր ու մասնակցություն ունեցող պետությունների հաջողությունները հիմնավորապես կերտվում են նաև այդ երկրներում արտաքին ներդրումների հաջողված պատմությունների մասշտաբով և թվաքանակով:

Օրինակ, Հայաստանում կարող է մեծ աղմուկ բարձրանալ, երբ Միացյալ Նահանգների որևէ պաշտոնյա կանի որևէ հերթապահ և հերթական հայտարարություն Հայաստանի տարածքային ամբողջության և ինքնիշխանության մասին, բայց ըստ էության քար և նույնիսկ արհամարհական լռություն է լինում, երբ Միացյալ Նահանգների դեսպանները և դիվանագետները պարբերաբար կարող են հայտարարել, որ «Լիդիան» ընկերության բնականոն գործունեության ապահովումն է Հայաստանի հանդեպ արտաքին ներդրողների վերաբերմունքի գրավականը:

Մինչդեռ, պետության ու նաև հանրության արձագանքների համակարգի վերաբերյալ գնահատականը միջազգային դերակատարները ձևավորում են՝ կախված հենց դրանից, թե որքանով են տվյալ պետությունն ու հանրությունը տարբերում դեկլարացիաները՝ իրենց ռազմավարական շահերի ընդգրկում ապահովող առարկայական խոսակցություններից:

Ըստ այդմ էլ որոշում են, թե ում հետ պետք է խոսեն, աշխատեն ու հարաբերվեն առարկայորեն, իսկ ում հետ բավարար կլինի ընդամենը դեկլարացիաների անընդհատությունը: Եվ դրանով էլ ձևավորվում է միջազգային հարաբերությունների արդյունքը կամ հետևանքը:

Որքան էլ ցավալի է խոստովանել, բայց առաջին հերթին հենց այդ հարցում է հաջողել Բաքուն, հետո նոր միայն դրա վրա կառուցել իր ռազմաքաղաքականությունը:

Բայց եթե մենք ի վիճակի չլինենք անել մեզ համար այդ ցավալի խոստովանությունները՝ հասկանալով մեր թույլ տված խորքային բացերը, եթե չկարողանանք ձևավորել ռեգիոնի աշխարհաքաղաքական մասշտաբին համարժեք աշխարհատնտեսական նշանակության առաջարկ և օրակարգեր, ձևավորել Հայաստանում հաջողված արտաքին ներդրումային պատմություններ և, ըստ այդմ, գործընկերային նկարագիր, ապա մնալով իշխանական կամ ընդդիմադիր դեկլարացիաների ռեժիմում, մենք խորքային առումով չենք կարողանալու դուրս գալ իրապես վերականգնման ճանապարհ՝ լինի խաչմերուկով թե առանց դրա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ