«Առանձնակի համարձակություն չեմ ակնկալում ՍԴ-ից. Արցախահայերը կարող են վերադարձի համար համապատասխան մարմիններ ստեղծել». Ալվինա Գյուլումյան

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին շրջանում տարբեր առիթներով հայտարարում են, որ իրենց համար այս պահին ամենակարևորը խաղաղության պայմանագիրն է, որտեղ, սակայն, արցախահայերի վերադարձը և առհասարակ Արցախի հարցը ներառված չէ։

Մինչդեռ տարբեր երկրների արտգործնախարարներ, միջազգային կազմակերպություններ հայտարարում են, որ արցախահայերը պետք է վերադառնան Արցախ, նրանց այդ իրավունքը պետք է բարձրաձայնվի ու պաշտպանվի։ Վերջերս նման բովանդակությամբ հայտարարություն էր տարածել Կանադայի արտգործնախարարը։

Եթե ՀՀ իշխանությունը հրաժարվել է բարձրաձայնել արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը, ո՞վ պետք է այդ հարցն առաջ մղի, հատկապես այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում Արցախի իշխանություն գոյություն չունի։

ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունն ասում է, որ չկա Արցախի իշխանություն, ապա կա Արցախի ժողովուրդ, որը կարող է ստեղծել իր շարժումը։

«Արցախի ժողովուրդը կարող է իր վերադարձի համար համապատասխան մարմիններ ստեղծել, նաև իր անկախության պաշտպանության համար ստեղծել կառույցներ՝ կազմակերպա-կառուցվածքային ինչ-որ բան ստեղծել, որը կպայքարի արցախահայերի իրավունքների համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։

Թե որքանո՞վ է այս ամենը իրատեսական, ըստ Ալվինա Գյուլումյանի, վերջին 4 տարիների ընթացքում ականատես եղան աշխարհի քար լռությանն ու հայկական կողմի պասիվությանը, մինչդեռ միջազգային իրավունքի տեսանկյունից հիմքեր կան։

«Միջազգային իրավունքը հարկադրանքի միջոցներ` որպես այդպիսին, ըստ էության, չունի, և այս պայմաններում ասել, որ սա միանշանակ արդյունք է տալու` դժվար է, բայց որ կարող ենք և պետք է անենք, սա այլ հարց է. լռությունն ավելի վատ է»,- հավելեց Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրում Բաքվում պահվող գերիների, Արցախի ու արցախահայերի վերադարձի հարցը չներառելուն, Ալվինա Գյուլումյանն ասաց՝ լինելով իրավաբան, չի կարող կարծիք հայտնել մի փաստաթղթի մասին, որը չի տեսել։ Չգիտի՝ այդ փաստաթղթում ինչ են ներառել, ինչը՝ ոչ։

«Երկրորդը՝ ըստ էության մենք ընտրեցինք ոչ ճիշտ ճանապարհ, երբ հարցը տեղափոխեցինք Հայաստան-Ադրբեջան հարթություն և դրանով իսկ Ադրբեջանին հիմքեր տվեցինք ասելու, որ մենք իբրև իրենց նկատմամբ «ագրեսիա» ենք իրականացրել։ Սա նշանակում է, որ մենք պատերազմել ենք ու հիմա խաղաղություն ենք կնքում։

Եթե գնացել են դրան, ուրեմն այդ պայմանագրում պետք է ներառեն բոլոր հարցերը։ Նույն գերիների վերադարձի առումով կա 2020 թվականի նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը, որտեղ կետ կար, որ բոլոր գերիները վերադառնում են։ Սակայն չվերադարձրեցին ու շատերին դարձրեցին սակարկության առարկա։ Իսկ նրանք, որոնք վերադարձել են, ըստ էության, այդ սակարկման արդյունքում են վերադարձել։ Նույն հայտարարության հաջորդ կետը վերաբերում էր նրան, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ այդ պահին կանգնած են, նաև, այսպես կոչված, «միջանցքի» վերաբերյալ կետ կա։ Հայկական կողմից մենք չենք լսել՝ բարձրաձայնեն, որ այդ նույն հայտարարությունը Բերձորի միջանցք էր նախատեսել, ո՞ւր է, ինչո՞ւ չպահանջվեց, ինչո՞ւ չպահանջվեց նաև Ադրբեջանի նկատմամբ համապատասխան սանկցիաներ կիրառել»,- ասաց մեր զրուցակիցը։

Ալվինա Գյուլումյանը նաև ընդգծեց՝ ծանոթ չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման վերաբերյալ աշխատանքային կանոնակարգին, որն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, պետք է քննարկի Սահմանադրական դատարանը, հետևաբար՝ կարծիք հայտնել չի կարող։

«Դժվար է ասել, թե ինչպես կվարվի Սահմանադրական դատարանը, ամեն դեպքում  առանձնակի համարձակություն չեմ ակնկալում»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ  օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։