Կրթության ոլորտի կազմաքանդումը շարունակվում է՝ անհաղորդ դեմքի արտահայտությամբ

Սկանդալները շարունակվում են ԿԳՄՍ նախարարության շուրջ։ Այն դեպքում, երբ մամուլն օրինակներով ցույց է տալիս, որ 13 անուն գիրք ուղղակի չի տպագրվել ուստի նաև դպրոցներ չի հասել,  Ժաննա Անդրեասյանը հերքել է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին լուրերը՝ սառը, առանց էմոցիայի ու ցինիկաբար։ Բայց չի զլացել, ասել է, թե «Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսը «Համակարգչային գիտություն, թվային գրագիտություն» առարկան է, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար շատ ավելի այլ նյութեր են կարևոր, մյուսը՝ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, որտեղ չենք ունեցել երաշխավորված դասագիրք և հատուկ գնում ենք այնպիսի մի եղանակի, որ նաև պատմության ուսուցումը դարձնի ավելի արդյունավետ՝ դա անելով թղթապանակի և ուսումնական նյութերի միջոցով»։

Այս տիկնոջն ուզում ես հարցնել, հիմա կա՞ բացակայություն, թե չկա։ Բայց պարզ է, որ ոչ մի ադեկվատ պատասխան չի էլ լինելու։ Ինչպես միշտ իրենց էշն են քշելու։

Սրան զուգահեռ՝ Գիտությունների ակադեմիան է հայտարարություն տարածել ու բողոքել, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի քննարկմանը, որը նաև նոր կարգավորումներ է նախատեսում ակադեմիայի մասով, իրենք ուղղակի չեն եղել։ «Համոզված ենք, որ գիտական կազմակերպությունների և ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես անցնեին բովանդակային քննարկումներ բնագավառի ներկայացուցիչների հետ, իսկ պետական կառավարման մարմինների քննարկումներին պետք է ներկա լիներ ՀՀ ԳԱԱ-ն՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահի»։

Պատկերացրեք մի երկիր, որտեղ գիտությունների ակադեմիան առհասարակ ներգրավված չէ կրթության ոլորտի որևէ օրենքի քննարկմանը։ Դա մենք ենք, միայն ու անկրկնելին, բացառիկն ու աննախադեպը՝ խիստ բացասական իմաստներով։