Չի բացառվում, որ Ալիևը հատուկ է ընտրել Քարվաճառ այցելության օրը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության օրն է։ Շուրջ 1 տարի ամբողջությամբ օկուպացված Արցախ՝ ավելի կոնկրետ Քարվաճառի շրջան էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։

Շատերի կարծիքով՝ սա Ալիևի կողմից հատուկ է արվել՝ ցույց տալու համար աշխարհին և հատկապես Հայաստանին ու հայ հասարակությանը, որ Արցախ պետություն, որպես այդպիսին, գոյություն չունի։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ, որն ասաց` ինքը վստահ չէ, թե ինչու է Ալիևը Քարվաճառ հենց այս օրը այցելել, բայց չբացառեց, որ հենց քաղաքական դրդապաճառները կարող են լինել՝ հաշվի առնելով թուրքերի և ադրբեջանցիների կողմից սիմվոլիզմին ուշադրություն դարձնելը։

«Ալիևը միշտ էլ մեծ տեղ է տալիս սիմվոլներին, և չի բացառվում, որ այսօրվա նրա այցը իր քաղաքական մեսիջը ուներ։ Եվ շատ հնարավոր է, որ հենց այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, հատուկ է ընտրված։ Եթե հետ նայեք, կտեսնենք, որ 44-օրյա պատերազմի օրը՝ սեպտեմբերի 27-ը, պատահական օր չէր․ դա 1920 թվականին Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման օրն է, նոյեմբերի 9-ը նրանց դրոշի օրն է և այլն»։

Քաղաքագետը հստակ պատասխան չցանկացավ տալ այն առումով, որ սա Ալիևի և նրա կնոջ առաջին այցը չէր օկուպացված Քարվաճառ։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/09/02/128365© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/09/02/128365