Նիկոլ Փաշինյանը և ողորմածիկ «Ձկնկուլը»․ Սամվել Ալեքսանյանն այլևս մեղավոր չէ՞

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի աշխատակիցներից մեկը՝ Արմեն Վարդգեսի Իսրայելյանը (Ձկնկուլ), 8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ»-ին հարցազրույց էր տվել, պատմել գործարարի կողմից իրեն առևանգելու և բնակարանն ու բիզնեսները խլելու մասին, ապա այդ հայտարարությունից 4 ամիս անց սպանվել էր, սակայն կատարվածը մինչ օրս բացահայտված չէ։

Երևանի բնակիչ Արմեն Իսրայելյանը, որը հայտնի էր «Ձկնկուլ» մականվամբ ՀԺ-ի լրագրողին պատմել էր, որ 2002-2015 թվականներին աշխատելէ Սամվել Ալեքսանյանի մոտ, 2015 թվականից գործարարի հետ սկսվել են խնդիրները։ Իսրայելյանի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ Ալեքսանյանի քեռու տղան «կազինո է խաղացել», Ալեքսանյանն էլ իմացել է այդ մասին ու իրենց մեղադրել, այդ ամենի մասին տեղյակ լինելու և իրեն չասելու համար։

«Խնդիրներ եմ ունեցել Սամվել Ալեքսանյանի հետ 2015 թվականին, մոտ 7ամիս է՝ այդ խնդիրները շարունակվում է։ Խնդրները եկել են նրանից, որ իր քեռու տղա Սամվել Ղազարյանը, որը աշխատել է իր սպիրտի ֆինանսական բաժնում, Սամվել Ալեքսանյանի փողերն է բերել, տարել, փողային հարցերի մեջ եղել։ Ինքը, իմանալով, որ մենք իմացել ենք, որ իր քեռու տղան կազինո է խաղում ու իրեն տեղյակ չենք պահել, դրա համար շտռաֆ ա դրել մի քանի հոգուս վրա, որ մարդա 60․000 դոլար բերենք ու հատուցենք այդ պարտքը։ Սաղ իմացել են, որ քեռու տղան կազինո խաղացող է, մենակ ինքը չի խաղում, իր բարեկամների կեսից շատն էլ մինչև հիմա խաղում են կազինո։ Ինքը դա ավելի լավ գիտի, ուղղակի իրեն պետք է մեզնից ազատվել, ու մնացածի աչքը վախեցնել, դրա համար դիմեց նման քայլի, վերցրեց մեր ձեռքից, ինչ կար-չկար։

Ես Բաբաջանյան 97/4 հասցեում ունեցել եմ ավտոմոյկա, կից ունեցել եմ վարսավիրանոց՝ Բաբաջանյան 97/5, ունեցել եմ հացի փուռ՝ Բաբաջանյան 96, ունեցել եմ ավտոտնակ և բնակարան։ Ես այդ ամենն ունեցել եմ իր մոտ աշխատելով, բայց բանկերից փող վերցնելով, մինչև հիմա էլ բանկի տակ եմ։ Ալեքսանյանը ասեց՝ դրանք սաղ պետք է տաս ինձ։ Դրանից հետո ինձ կանչում է իր մոտ՝ պարզաբանում տալու, դե մենք ասում ենք՝ քո քեռու տղեն է խաղացել, թող ինքն էլ գար, քեզ ասեր, մենք ի՞նչ գործ ունենք, քո ախպերն ա։ Ինքն այդքանը հաշվի չառնելով, ասաց՝ այդ ամենը պետք է տաք մեզ։ Ես չեմ համաձայնվել, որ իրեն տամ, 2 օր իր մոտ մնալուց հետո, համոզում եմ, ասում եմ՝ լավ, որ գնամ տուն, դակումնետացիան բերեմ, որ իր ասած մարդու անունով փոխենք․․․»,- 2016 թվականին ՀԺ-իհետ զրույցում ասել է Իսրայելյանը։

Այս հրապարակման հաջորդ օրը՝ 2016 թվականի հունիսի 17-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում թեմայի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ․

«Այսօրվա մամուլում մի սարսափելի պատմություն է հրապարակվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի իրականացրած առևանգումների և ահաբեկումների մասին։ Ես պահանջում եմ, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը լուրջ քննության ենթարկի այս պատմությունը, որովհետև կան կոնկրետ փաստեր, կոնկրետ վկայություններ։ Հատուկ քննության առարկա պետք է դառնա նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի գործունեությունը, որպեսզի ի վերջո պարզաբանեն, թե Ոստիկանության այդ բաժինը ՀՀ ոստիկանության բաժի՞նն է, թե՞ Սամվել Ալեքսանյանի անձնական օգտագործման ոստիկանության բաժինը»։

2016 թվականի հոկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտնեց, որ նախօրեին ՌԴ-ում սպանվել է Արմեն Իսրայելյանը՝ Ձկնկուլը։

«Երեկ հայտնի դարձավ, որ Մոսկվայում սպանվել է «Ձկնկուլ» անունով հայտնի Արմեն Իսրայելյանը, որը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի խմբի նախկին անդամ էր և Ալեքսանյանի կողմից առևանգումներ, ահաբեկումներ և այլ ծանր հանցանքներ կատարելու մասին հայտարարությունների հեղինակ և այդ հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործով առանցքային վկա։ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Իսրայելյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործը 1 շաբաթ առաջ կարճել է, ինչը ՀՔԾ-ի և ընդհանրապես Հայաստանի իրավապահ համակարգի ծախու լինելու անհերքելի ապացույց է։

Ակնհայտ է, որ Իսրայելյանին Մոսկվայում վերացրել է «վարձու մարդասպանը», և տեղի ունեցածի վերլուծությունը բերում է ուղիղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»։

Սամվել Ալեքսանյանն արձագանքելով Փաշինյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր։

«Նիկոլ Փաշինյանը ե՞րբ ա ճիշտ բան ասել, որ հիմա ասի»։

Այս դեպքից ընդամենը 2 տարի անց Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության և 6 տարի կառավարում է երկիրը, սակայն մինչ օրս նշված դեպքը բացահայտված չէ, ինչը, ըստ Փաշինյանի տրամաբանության, հուշում է, որ ՀՀ իրավապահ համակարգն այսօր էր շարունակում է «ծախու» լինել։

Ավելին, Փաշինյանն իշխանության գալուց հետո Սամվել Ալեքսանյանի հետ ջերմ հարաբերություններ հաստատեց, որը գնալով խորացավ։

Ի դեպ, 2020 թվականին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Փաշինյանին հարցրել էր նշված դեպքի մասին։ Դուք եկաք իշխանության, բայց սպանությունը շարունակում է չբացահայտված մնալ: Ձեզ մեղավոր չե՞ք զգում Արմեն Իսրայելյանի սպանության համար, հատկապես այն դեպքում, երբ նա սպանվել է Ձեր ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո։

Ի պատասխան Փաշինյանն ասել էր․ «Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ: Հայաստանում չբացահայտված հանցագործություններ կային, որոնք բացահայտվում են, կան, որ դեռևս չեն բացահայտվել, և իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնը»։

Ինչ վերաբերում է ՀԺ-ին հարցազրույց տալուց հետո սպանվելուն՝ Փաշինյանն այսպես էր արձագանքել․ «Նա կարող էր ուրիշի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալ»:

Արդյոք նշված գործը կարճվելուց հետո Փաշինյանը հրահանգե՞լ է այն վերաբացել, ի՞նչ փուլում է գործը, արդյոք Սամվել Ալեքսանյանը և սպանված Արմեն Իսրայելյանի հիշատակած մյուս անձինք հարցաքննվե՞լ են։ Կոնկրետ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է արել նշված դեպքը բացահայտելու համար։ Այս հարցերի պատասխանները իմանալու համար Oragir.News-ը գրավոր հարցում կուղարկի իրավապահ մարմիններին, պատասխանը լինելուն պես դրանք կհրապարակենք։