ԱՄՆ-ն Հայաստանի համար ցուրտ ձմեռնե՞ր է կանխատեսում

Իսկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում «Քարնեգի» հիմնադրամի քաղաքական հետազոտությունների գծով ավագ փոխնախագահ Դեն Բաերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված լսումների ժամանակ ասել է, թե առաջիկայում Հայաստանին մի քանի ցուրտ ձմեռներ են սպասվում, քանի որ, ըստ նրա՝ «Մոսկվան էլ փորձելու է սաբոտաժի  ենթարկել (Հայաստանի արևմտականացման- խմբ.) գործընթացը, սակայն Երևանի և Անկարայի միջև կարգավորումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարատև խաղաղությունն օգուտ կբերեն երեք երկրին էլ»: Հետո երկար տեքստ, թե ինչպես կարող է «խաղաղության» պայմանագիրը «բարելավել» տարածաշրջանում իրավիճակը ու իբր Հայաստանի տնտեսությունը, նվազեցնել կախվածությունը ՌԴ-ից։

Բաերի խոսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումը կփոխի խաղի կանոնները, տարածաշրջանային առևտուրը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կարող է յուրաքանչյուր երկրում նպաստել տնտեսության աճին։ Բաերն ընդգծել է, որ «Արևմուտքի նպատակն է երկրի ազատ և անկախ ապագային աջակցելը, այլ ոչ թե Մոսկվայի դեմ միավորներ հավաքելը»:

Ու ոչինչ, որ դրա արդյունքում Հայաստանում կլինեն «ցուրտ ձմեռներ», երկիրը կդատարկվի, թուրքերն ու ադրբեջանցիներն էլ վերջապես կհասնեն իրենց դարավոր երազանքին՝ Հայաստանն առանց հայերի։