Արցախցիների հետևից ինչո՞ւ են ընկել

Մինչև ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն առաջարկում է արցախցիներից խլել Արցախի մշտական ներկայացուցչության շենքը (ինչի մասին դեռ ամիսներ առաջ պահանջ է հնչել Ադրբեջանի կողմից), Արցախյան քաղհասարակության տասնյակ ներկայացուցիչներ հանդիպում են ունեցել ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, Արցախ Միության կազմակերպմամբ ու հանդիպման ընթացքում քննարկել Արցախի ժողովրդի ցեղասպանության դատապարտման և իրավունքների միջազգային պաշտպանության վերաբերյալ իր մոտեցումներն ու Օկամպոյի խորհուրդները: Վերջինս հատուկ կերպով անդրադարձել է հայ պատանդների ազատ արձակման նպատակով իր կողմից մեկնարկած արշավին՝ կարևորելով տեղեկատվական հարթակներում հանրային ակտիվ ճնշման ապահովումը, որը կարող է վերաճել միջազգային պատշաճ ուշադրության ու գործողությունների՝ COP 29 համաժողովին ընդառաջ:

Ու մինչև միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա մեծացնելու քննարկումներ են գնում, ՀՀ իշխանությունները շարունակում են ճնշումներ բանեցնել անգամ արցախյան դատարկ ավտոբուսների դեմ։ Բանն այն է, որ ՔԿ-ի մոտ մեկ տասնյակից ավել կայանված ավտոբուսները մեկ տարի առաջ Հայաստան են բերվել Արցախից, կայանված են եղել Մասիս քաղաքում։ Տեղի բնակիչները լրագրողներին պատմել են, որ այդ դատարկ ավտոբուսներն էլ «մասկի շոուով» են առգրավվել, ինչը փաստում է նաև ՔԿ-ի հաղորդագրությունը։ «Հասարակական տրանսպորտի շահագործման ոլորտի ընկերությանն առնչվող՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվել է համապատասխան ավտոբուսային տրանսպորտային միջոցների առգրավման քննչական գործողություն»։ ՀՀ իշխանությունների սարսափն արցախյան ամեն ինչի հանդեպ ուղղակի ծիծաղ է հարուցում։ Ի՞նչ անենք, խորհուրդ տանք գնալ իրենց համար առցանց գուշակություններ անողների մոտ, որ վախները բռնե՞ն։