Եվրաինտեգրում՝ հայրենիքը հանձնելու դիմաց

Երեկ ասուլիս են տվել Ժողովրդավարական ուժերի խորհրդակցական հարթակի ներկայացուցիչները՝ նվիրված ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվեի համար ստորագրահավաքի կազմակերպմանը։ Կհաջողեն արդյոք նրանք այդ հարցում, դժվար է ասել, մանավանդ, որ իրենց սիրելի վարչապետն արդեն իսկ հայտարարել է, թե «անիմաստ բանով են զբաղված»։

Հենց երեկ Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը, ու այստեղ տեղի ունեցած հանդիպումներով տրվել է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը։ Եվս մեկ անգամ ասենք, սա բոլորովին չի նշանակում, որ հենց վաղը Հայաստանի երիտասարդները տեսնելու են, թե «ԵՄ-ն գլոբուսի մյուս կողմը չէ, այն ավելի մոտ է», ինչպես հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար։ Դա տևական ու երկար գործընթաց է՝ մանավանդ այն պարագայում, երբ Հայաստանի հետ վիզաների ազատականացմանը դեմ են արտահայտվում ԵՄ որոշ պետություններ՝ այդ թվում Ֆրանսիան։

Բայց մենք կոնֆետի թուղթ սիրող ենք, սիրում ենք, երբ մեզ խաբում են գեղեցիկ խոսքերով, հավատում ենք Եվրոպայի խոստումներին ու կանգնում կոտրած տաշտակի առաջ՝ մեր պատմության մեջ ոչ առաջին անգամ։