Իսկ Ադրբեջանը զինվում է ու հարաբերություններ հաստատում

Քանի գնում, անգամ ՔՊ-ականներն են սկսում թերահավատորեն մոտենալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտքին։ Արմատական ՔՊ-ականներից Սարգիս Խանդանյանն է պնդում, որ Ադրբեջանը զինվում է, և ՀՀ-ի՝ փոխադարձ վերահսկողության մեխանիզմ ներդնելու առաջարկը «շատ տրամաբանական է»։ Նրա գործընկեր Արման Եղոյանի կարծիքով էլ. «Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիրը կնքել 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»։ Ուղղակի վերջինս չգիտի, որ նշված փաստաթուղթն առհասարակ ոչ խաղաղության, ոչ էլ սահմանների մասին է։

Ու այս ֆոնին՝ Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը ստուգել է «ադրբեջանական բանակի մարտական պատրաստությունը Հայաստանի հետ սահմանին», Ալիևը Իտալիայի վարչապետի աջակցությունն է ստացել՝ «ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման» հարցով։ Իսկ Ալրևն ասել է, թե «Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը» ու շարունակում է զինվել։

Աշխարհաքաղաքական ամենատարբեր ռևերանսների, բայց շա՜տ ավելի կյանքի հաճույքները վայելելու սիրահար Հայաստանի իշխանությունները, սովորույթի համաձայն, հետո ուղղակի կնվնվան, թե բա «մեզ չգնեցին»։ Օգնում են զինվողին, ու դա տեսանելի է Ադրբեջանից։