ՀՀ ղեկավարի առաջնահերթությունը դմակով խաշլաման է, Ադրբեջանի բռնապետի խնդիրը` Հայաստանի հաշվին նոր զիջումներ կորզելը. Տաթևիկ Հայրապետյան. Hraparak.am

– Փաշինյանը շաբաթ օրվա ասուլիսի ժամանակ կրկին խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից, հայ ռազմագերիներից: Ո՞րն էր ասուլիսի մեսիջը:

– Եթե ասուլիսը մեկնաբանենք հայ-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից եւ փոքր-ինչ վերաձեւակերպենք ՀՀ վարչապետի ասածները, ապա Փաշինյանի կողմից Ալիեւին հղված ուղերձն այն է, որ Փաշինյանն արդեն բավականաչափ միակողմանի զիջումների է գնացել՝ ի պատասխան Ալիեւի պահանջների, հիմա առաջարկում է եղածն ամրագրել, իրեն մի թուղթ տալ, որի անունը կլինի «խաղաղության պայմանագիր», որն էլ Փաշինյանը հայ ժողովրդին կներկայացնի որպես բացառիկ ձեռքբերում։ Փաշինյանը նաեւ ակնարկում էր Ալիեւին, որ մնացած հարցերը, հետագա միակողմանի զիջումները կապահովի թղթի ստորագրումից հետո։ 
Այս ուղերձին անմիջապես հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը, որտեղ փաստացի արձանագրվում էր, որ նրանք մերժում են Փաշինյանի այս առաջարկը եւ շարունակելու են պահանջներ առաջ քաշել՝ հետագա միակողմանի զիջումներ կորզելու համար։  Իմ կողմից հավելեմ, որ այդ «խաղաղության պայմանագիր» կոչվածն Ադրբեջանի կողմից պատերազմով ու պատերազմի սպառնալիքով ձեւավորված իրողությունների քաղաքական ամրագրումն է։ Հիշեցնեմ, որ մեկ-երկու տարի առաջ բանակցություններ վարում էին հենց Արցախի հարցի շուրջ։ Փաշինյանը նշաձող էր իջեցնում, որ Արցախի հարցում «աննախադեպ միջազգային կոնսոլիդացիա» ապահովեր, իսկ միակ բանը, որին հասավ՝ Արցախի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումն էր։ Հիմա էլ Ալիեւին խնդրում է մի թուղթ ստորագրել, բայց Ալիեւի ախորժակն այնքան է բացվել, որ մերժում է այդ առաջարկը։ 

– Նախքան COP-29-ը հայ ռազմագերիների հարցը կարո՞ղ է լուծվել: Եթե ոչ, ապա ի՞նչ տեղի կունենա:

– Ցավալիորեն, ես նման հնարավորություն այս պահին չեմ տեսնում։ Ընդհակառակը․ օրինակ՝ Ադրբեջանում վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ թիրախավորումը զգալիորեն աճել է։ Բացի այդ, ադրբեջանական մամուլում հրապարակվում են մեկնաբանություններ, որ COP-29-ից հետո կսկսեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ դատավարություններ։ 
Ցանկանում եմ նաեւ նշել, որ դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին Ադրբեջանում իշխանությունների կողմից կազմակերպվել էր սոցհարցում՝ այն հարցադրմամբ, թե իբր բնակչությունը կո՞ղմ է, որ համաներմամբ ազատ արձակվեն հայ ռազմագերիները, թե՞ ոչ։ Նրանց հրապարակումների համաձայն՝ հարցման մասնակիցների 90%-ը դեմ էր եղել ազատ արձակմանը։ Սա ինձ հիմք է տալիս մտածելու, որ իրականում նման միտում չկա, եւ եթե այդ ամենի հիմնավորումը պետք է լիներ ինչ-որ միջազգային իմիջը, ապա ասեմ, որ Ադրբեջանը որեւէ մտավախություն չունի իր միջազգային իմիջի շուրջ։
Ադրբեջանն ակնհայտ ցույց է տալիս, որ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, ռազմավարական հռչակագիր ստորագրում Չինաստանի հետ, միանում է ԲՐԻԿՍ-ին, թիրախավորում ԱՄՆ-ին, ակնհայտորեն արգելափակում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների մուտքը Բաքու, միեւնույն ժամանակ ձերբակալությունների նոր շղթա է սկսել, հատկապես այն մարդկանց դեմ, որոնք, օրինակ, արեւմտյան ֆինանսավորմամբ կամ տարբեր միջոցներով ակտիվություն էին ծավալում ու նաեւ հանդես գալիս վարչակարգի վերաբերյալ քննադատական հրապարակումներով։ Սրանով իսկ Ադրբեջանը ցույց է տալիս, որ պետությունը գնում է ոչ թե բռնապետության ատրիբուտները մի կողմ դնելու ուղիով, ընդհակառակը՝ դրանք ավելի խորացնելու ճանապարհով։

– Վերջերս Ալիեւն ու Պուտինը քննարկում էին հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ առանց հայկական կողմի ներգրավման: Ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ կհաջորդի սրան:

– Այն իրավիճակում, երբ ՀՀ ղեկավարի առաջնահերթությունը դմակով խաշլաման է, Ադրբեջանի բռնապետի խնդիրը Հայաստանի հաշվին իր օգտին նոր զիջումներ կորզելն է։ Դա Մոսկվա-Բաքու առեւտրի կարեւոր բաղադրիչներից է։ Փաշինյանն իրեն դուրս է դրել քննարկումներից, քանի որ ո՛չ օրակարգ ունի, ո՛չ բովանդակություն է կարողանում ստեղծել, ո՛չ բանակցային ունակություններ ունի։ Նա ՀՀ քաղաքացիներին կեղծ քարոզչությամբ կերակրելուց զատ, այլ ֆունկցիոնալություն չունի, մեծ հաշվով։ Դրա համար մեր մասին ու մեզ առնչվող հարցերը քննարկվում են առանց մեզ, քանի որ Հայաստանը, որպես պետություն, չի ձեւակերպում իր շահը եւ չի ստեղծում օրակարգ։ Սա շատ ցավալի ու դառը ճշմարտություն է։

– Փաշինյանը նաեւ նշել է, որ Սյունիքով Ադրբեջան ճանապարհը կարող են մասնավոր ընկերություններ հսկել: Ի՞նչ է նա ակնարկում:

– Այս միտքը մինչ Փաշինյանը հնչեցրել են նրան հարող տարբեր կեղծ «արեւմտամետ» փորձագետներ։ Սա Արեւմուտքից, ավելի ստույգ՝ ԱՄՆ-ից հնչող առաջարկ է, որը նաեւ ասվել է Բաքվին։ Նպատակը Կենտրոնական Ասիան Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով Եվրոպային կապելն է՝ մի կողմ թողնելով ՌԴ-ին ու Իրանին։ Բաքուն այդ առաջարկը մերժել է։ Բայց Փաշինյանը շարունակում է այն կրկնել։
Ուշագրավ է, որ այս տարվա հունվարին նույն ճանապարհի մասին Փաշինյանը բոլորովին այլ բան էր ասում։ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նա նշել էր, որ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին ճանապարհ տալ նույն պայմաններով, ինչ Իրանն է տալիս։ Արդյո՞ք Իրանը թույլ կտա որեւէ երրորդ կողմի կամ ընկերության, վերահսկել իր տարածքը, իհարկե՝ ոչ։ Սա հերթական ակնարկն է Ալիեւին, որ Փաշինյանը պատրաստ է զիջման, բայց, կրկնում եմ՝ Բաքուն ուզում է ավելին, քանի որ արդեն հասկացել է, որ, հանձին Փաշինյանի, ունի այնպիսի գործընկեր, որը քաղաքական առումով ընդունում ու ամրագրում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով ձեւավորված իրողությունները»: