Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կրկին խոսել է հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ի հետ «սառեցված» հարաբերություններից: Փաշինյանը նշել է. «ՀԱՊԿ-ի մասով այս պահին բավարարվում ենք եղած որոշումներով, սառեցրել ենք մեր գործունեությունը»:
Քաղաքագետ Արմեն Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային նշում է.
«Սառեցված հարաբերությունների կարգավիճակ գոյություն չունի, ՀԱՊԿ-ում գոյություն չունի «սառեցված» հարաբերություն ասվածը: Նման կարգավիճակ չկա, Փաշինյանն ինքն է հորինել այն: Ուղղակի չի մասնակցում և կարծում է, թե դա մեծ բան է: Բայց պետք է հստակեցնել՝ կամ մնում ես ՀԱՊԿ-ի կազմում, կամ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից: Ի դեպ, խնդիրն այն չէ, որն է ճիշտը: Կարծում եմ՝ շատ հանգիստ կարող է ՀԱՊԿ-ից դուրս գալ, քանի որ այդ կազմակերպությունը մեզ ոչինչ չտվեց և չի էլ տալու: Պետք չէ հույս ունենալ, որ ՀԱՊԿ-ից ինչ-որ մեկը գալու է մեզ պատշպանելու: Առավել ևս, եթե դիտարկենք, թե ՀԱՊԿ անդամ երկրներն ինչպես են Ադրբեջանին վերաբերվում: Եթե ուզում ես ՀԱՊԿ-ից իսկապես դուրս գալ, դուրս արի, ի՞նչ ես մուկն ու կատու խաղում:
Մեկ միջնորդ է ՌԴ-ն, մեկ լավ միջնրդ չէ, մեկ՝ սաբոտաժնիկ է, չես հասկանում Փաշինյանի տրամաբանությունը: Այս ամենը ցույց է տալիս մի բան, ՀՀ-ն չի վարում արտաքին քաղաքականություն, Արևմուտքն այդ պահին ինչ ասում է, Փաշինյանն անում է, բայց քանի որ մեծ հաշվով ոչ մի բան չի հասկանում, ժամանակ է ձգում, գուցե Ռուսաստանը հաղթի պատերազմում և ՀԱՊԿ-ի հետ սառեցված հարաբերությունները ջերմանան», – նշեց Բադալյանը: