ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԹՈՂ ԲՈՔՈՆ ԹԽԵԼ ՍՈՎՈՐԵՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՐԱԶՈՎ ՀԱԳՈՒՍՏ ԳՆԵՆ

ՔՊ-ական իշխանությունն իր բոլոր կառույցներով՝ արտաքին հետախուզություն, ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն, Քննչական կոմիտե, կարողացել է մի բացառիկ փաստաթուղթ գաղտնազերծել՝ ՀՅԴ ընդհանուր ժողովի 2022 թվականի շրջաբերականը, որի մեջ ընդամենը գրված է, որ պետք է ամեն ինչ անել, որ նոր Միության ձեւավորման դեպքում Արցախի եւ Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ Չնայած շրջաբերականում ոչ մի խոսք չկա Հայաստանը Ռուսաստանի մաս դարձնելու մասին, բայց Նիկոլ Փաշինյանի տեղակալ Վահանգն Ալեքսանյանը հայտարարում է․ փաստագրված կարող ենք պնդել, որ ԱԺ-ի՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, եւ որ Ղարաբաղի հարցի նրանց պատկերացրած միակ լուծումը եղել է Հայաստանի եւ Ղարաբաղի, որպես մեկ միավոր, Ռուսաստանի կազմում ընդգրկվելը։ Ստացվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ հաջողվել է խափանել այս ծրագիրը․ Արցախը նրանց հաջողվել է հանձնել Ադրբեջանին, Ադրբեջանին են հանձնվել նաեւ Հայաստանի տարածքից ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, եւ տարածքների հանձնման գործը հաջողությամբ առաջ է գնում, այնպես որ, այս շրջաբերականը վաղուց ժամկետանց է։

Դաշնակցությունը փորձում է ամեն կերպ պաշտպանվել այս մեղադրանքից, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ՝ դաշնակցական Արթուր Խաչատրյանը Վահագն Ալեքսանյանի գրառումը որակում է զառանցանք՝ հայտարարելով, որ ՀՅԴ-ի կրեդոն ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանն է։ Խաչատրյանը եւ ՀՅԴ այլ ներկայացուցիչներ այդպես էլ չեն բացահայտում՝ ի վերջո, նման շրջաբերական եղե՞լ է, թե՞ չի եղել, գուցե դա Նիկոլ Փաշինյանի եւ Վահագն Ալեքսանյանի երեւակայության արդյունքն է, իրենք են նստել ու ՀՅԴ անունից նման շրջաբերական գրել ու հետո էլ բացահայտել։ Քանի որ ՀՅԴ ներկայացուցիչները չեն հերքում շրջաբերականի գոյությունը, ենթադրվում է, որ այն իսկապես եղել է։ Բայց մի՞թե այս շրջաբերականը խարխլում է ՀՅԴ-ի հեղինակությունը, նրան ներկայացնում որպես Հայաստանի անկախության դեմ պայքարող կառույց։ Ո՛չ շրջաբերականը եւ ո՛չ էլ դրա բովանդակությունը Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին չէ, այլ հակառակը` Արցախը Հայաստանին միացնելու, միասին մեկ միության մեջ ընգրկվելու։ ՔՊ-ականներն ընդամենը փորձում են Ռուսաստանի հետ միություն  ստեղծելու գաղափարը նույնականացնել Ռուսաստանին միանալու հետ, մի բան, որն իրականում գոյություն չունի, քանի որ գոյություն չունի նման գաղափար կամ ծրագիր։ 

Եթե որեւէ միության միանալը ՔՊ-ականները համարում են անկախության կորուստ, ապա իրենցից մեծ հակաանկախական գոյություն չունի, որովհետեւ իրենք են պատրաստվում Հայաստանը միացնել Եվրոպական Միությանը, որը, ի տարբերություն Ռուսաստանի կողմից ստեղծվող երեւութական միության, գոյություն ունի։ Թե ԵՄ անդամ երկրներն ավելի շատ անկախություն եւ ինքնուրույնություն ունեն, քան Ռուսաստանի հետ միասնական պետություն կազմած Բելառուսը։ Համեմատեք Բելառուսի ունեցած ինքնիշխանությունը նրա ամենամոտ հարեւանների՝ Լեհաստանի կամ մերձբալթյան երկրների ինքնիշխանության հետ։ ԵՄ անդամ երկրները զրկված են սեփական արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից, դա նրանց փոխարեն անում են Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ժոզեպ Բորելը, Եվրահանձնաժողովն է որոշում, թե որ երկրի հետ բարեկամանալ եւ ում հետ թշնամանալ, ում նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, ում հետ առեւտրի դյուրացման ռեժիմ սահմանել։ ԵՄ երկրների անվտանգությունն ապահովում է ամերիկյան բանակը, նույնիսկ Գերմանիայի նման մեծ եւ տնտեսապես ուժեղ երկրի, էլ չասենք, որ Լեհաստանի կամ մերձբալթյան երկրների տարածքում գտնվում են ամերիկյան բանակի ստորաբաժանումներ, հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, մեծ հեռահարության հրթիռներ։ ԵՄ երկրների մեծ մասը չունի սեփական դրամ եւ դրամավարկային քաղաքականություն, օրենքներն ընդունվում են Բրյուսելի հետ համաձայնեցված, շենգենյան համաձայնագրի անդամ երկրները նույնիսկ սեփական սահման չունեն, եւ հարյուր հազարավոր, միլիոնավոր փախստականներ ուղղակի ասպատակում են ԵՄ անդամ երկրները։ 

Հիմա նայեք Բելառուսին, որը դեռ Ելցինի իշխանության օրոք միութենական պետություն է ստեղծել Ռուսաստանի հետ․ ի՞նչ է կորցրել դրանից Բելառուսը՝ մի՞թե Մոսկվան է որոշում, թե Բելառուսում ինչ օրենքներ ընդունեն, կամ՝ մի՞թե Ռուսաստանի Կենտրոնական բանկն է որոշում Բելառուսի դրամավարկային, արտաքին քաղաքականությունը, սահմանների պաշտպանությունը։ Բելառուսի տարածքում տեղակայված են Ռուսաստանի բանակի ստորաբաժանումներ, իսկ վերջերս էլ Ռուսաստանը տակտիկական միջուկային մարտագլխիկներ տեղակայեց Բելառուսում, ինչն արվեց Արեւմուտքի սպառնալիքից Բելառուսի պաշտպանության համար․ Վաշինգտոնում եւ Բրյուսելում որոշել էին, որ իրենք պետք է նշանակեն Բելառուսի նախագահին եւ մյուս պաշտոնյաներին, ինչպես դա անում են աշխարհի բազմաթիվ երկրներում։

Հիմա, երբ ՔՊ-ն, նրան կից գործող կուսակցություններն ու անհատներն ամեն օր քարոզում են Հայաստանի` ԵՄ-ին միանալու գաղափարը, նույնիսկ պատրաստվում են այդ հարցով հանրաքվե անցկացնել, նրանք չեն սպառնում Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, բայց որ ՀՅԴ-ն իր շրջաբերականում գրել է իրականության մեջ գոյություն չունեցող միությանը միանալու Հայաստանի եւ Արցախի անհրաժեշտության մասին, սպառնալիք է ստեղծել Հայաստանի անկախության համար։ Հայաստանի անկախությունից եւ ինքնիշխանությունից է խոսում մարդկանց մի խումբ, որոնց գործունեության արդյունքում Հայաստանի ինքնիշխանությունը հասցվել է զրոյական մակարդակի, իսկ անկախությունը դարձել է առավել քան պայմանական։ Անկախությունից է խոսում մեկը, ում մտքերն ու տեքստերը գրաքննում է Ադրբեջանի նախագահը, ով արգելել է Փաշինյանին եւ նրա թիմակիցներին՝ անգամ արտասանել «Արցախ» բառը, եւ նրանց կողմից այդ բառի արտասանումը համարվում է մտքի կոպիտ սայթաքում, որը վայրկյանների ընթացքում պետք է ուղղվի։

Նիկոլ Փաշինյանը, նրա տեղակալներն ու ենթակաները Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության մասին գրելու փոխարեն ճիշտ կանեն՝ արագացված ընթացակարգով սովորեն խմորից բոքոն թխելու բաղադրատոմսն ու տեխնոլոգիան, որ պատեհ առիթի դեպքում կարողանան աղ ու հացով եւ ադրբեջանական տարազով դիմավորել իրենց վերադաս Ալիեւին։ Թե չէ՝ անկախություն, ինքնիշխանություն… չէ մի չէ՝ ստրուկների ապստամբություն։

Ավետիս Բաբաջանյան