Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ դրվագներով անդրադարձավ՝ ինչպես հայ-ռուսական հարաբերություններին, այնպես էլ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային միջնորդ դառնալու դերակատարությունը վերականգնելու փորձերին։ Նրա որակմամբ, տևական ժամանակ է՝ Ադրբեջանի հետ աշխատանքը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով, և ըստ Փաշինյանի՝ ճիշտ կլինի այդ ձևաչափով շարունակել:«Երկկողմ այդ ձևաչափն այս ընթացքում որոշակի արդյունավետություն է ցույց տվել՝ սկսած նախորդ տարվա դեկտեմբերի համատեղ հայտարարությունից, շարունակած սույն թվականի ապրիլի 19-ի հայտարարությամբ: Երեկ էլ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը ստորագրվեց: Մենք կարծում ենք, որ նաև պետք է կողմնորոշվենք այս հարցում, որովհետև ընդհանուր ըմբռնումը եղել է այն, որ այս փուլում մենք աշխատում ենք երկկողմ ձևաչափով, և քանի դեռ այդ ձևաչափով կարողանում ենք առաջ գնալ, ճիշտը հենց այդ ձևաչափն է»,- ասաց Փաշինյանը, հավելելով, թե ուղիղ և անկեղծ ասել է նաև ՌԴ նախագահին իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում:
Մեկ այլ հարցի պատասխանելիս էլ նա նշեց, թե սկզբունքորեն ինքը չի բացառում միջնորդություն, սակայն հիշեցնելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի օրերս արած հայտարարությունը հայկական կողմից եռակողմ հայտարարության 9-րդ կետը սաբոտաժի ենթարկելու մասին, ըստ էության ակնարկեց, որ ՌԴ-ն չի կարող լինել միջնորդ։
Իրեն բնորոշ ոճով Փաշինյանն ասաց, որ ցանկացած միջնորդություն կախված է տասնյակ հանգամանքներից, դրանք պետք է գնահատել։
«Մյուս կողմից, պետք է ուղիղ ասեմ՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների հարցում, որպես միջնորդ, հանդես գա մի երկիր, որը հանդես գա այդ թեման սաբոտաժի ենթարկելու մեջ։ Այդ հայտարարությամբ արդեն, նման հայտարարություն անող ինստիտուտն իրեն դուրս է դնում բոլոր հնարավոր միջնորդություններից, որովհետև որտե՞ղ եք տեսել, որ միջնորդը մեղադրանք ներկայացնի, ընդ որում, բացարձակապես անհիմն, վերջում մենք գնանք-նստենք, ասենք՝ արի միջնորդություն արա»,- ասաց Փաշինյանը։Անդրադառնալով այս, ըստ էության, մերժմանը և սրան զուգահեռ՝ ռուս-ադրբեջանական շփումների շարունակությանը, այս ֆոնին մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ չափազանց ուշագրավ իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացի շուրջ։
Ռուս վերլուծաբանը հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ակտիվ շփումներ ունենալով ամերիկյան կողմի հետ, ՀՀ իշխանությունները ցանկանում էին բանակցել ԱՄՆ-ի կամ թեկուզ Արևմուտքի միջնորդությամբ մեկ ամսվա ընթացքում փաստաթուղթ ստորագրել։ Սակայն այսօր, նրա խոսքով, պարզվում է, որ իրենք արձանագրել են երկկողմ շփումների ու բանակցությունների արդյունավետությունը։
Իսկ իրականում, վերլուծաբանի կարծիքով, արևմտյան միջնորդությունը ձախողվեց, Արևմուտքը ներկայումս արդեն տարված է այլ հարցերով, չունի շահագրգռություն՝ հանդես գալ նոր առաջարկներով, ուստի Փաշինյանն արդեն հետաքրքրված է բանակցել ուղիղ՝ առանց միջնորդների, թեև սրանից կարծես մշտապես խուսափում էին կամ գոնե այդպիսին էր տպավորությունը։
«Դատելով տեղեկատվական ֆոնից, բարդ է ասել, որ կողմերը պատրաստ են բանակցել ուղիղ և հանգել պայմանավորվածությունների, առավել ևս՝ խաղաղության։ Ինչպես տեսնում ենք, շարունակում են միմյանց մեղադրել՝ ինչպես սահմանային իրավիճակների, այնպես էլ՝ խաղաղության չձգտելու մեջ։ Ուստի խնդիրը ցանկությունն է՝ բանակցել ուղիղ՝ առանց Ռուսաստանի, քանի որ ՌԴ-ն նման առաջարկ է արել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա կարծում եմ, ՀՀ դիրքորոշումը բնականոն է ընկալվում, ՌԴ-ն կարծես շարունակում է իր քայլերը՝ համարելով, որ ինչ-որ փուլում կամ Երևանը կմիանա, կամ ամեն դեպքում դա հիմքեր կստեղծի ռուսական ազդեցության նվազման գործընթացը կանգնեցնելու և գուցե հակառակ պրոցեսը սկսելու համար։ Այնուամենայնիվ հայտարարությունները ոչ միշտ են ուղիղ կերպով ցույց տալիս, թե ինչ կարելի է սպասել ապագայում, իրավիճակը փոփոխական է, ցավոք սրտի՝ անկայուն»,- ասաց Սիմոնովը։
Մեր զրուցակցի կարծիքով, իհարկե, դրական կլիներ, որ կողմերը կարողանային երկխոսել առանց միջնորդների.
«Սակայն դա երկար ձգվող տարիների ընթացքում հնարավոր չի եղել, քանի որ չեն եղել կողմերի միջև բանակցություններում հատման կետեր։ Ներկայումս շատ հարցեր վերացել են, սակայն, ըստ իս, տարաձայնություններ կան, ինչպես նաև աշխարհաքաղաքական շատ մեծ բաղադրիչ, որն ուղիղ կերպով ազդում է կողմերի միջև պայամանավորվածությունների, միջնորդական ջանքերի, ռեգիոնում ազդեցության չափերի վրա»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։
Նա չի բացառում, որ կողմերը կարողանան հանդիպել ուղիղ ձևաչափով: «Սակայն ես դրանից մեծ ակնկալիքներ չունեմ։ Իրավիճակը զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ, մինչև անգամ այն, որ այն այնքան կձգվի, որ Արևմուտքը կրկին նոր նախաձեռնությամբ հանդես գա»,- ասաց նա։