Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի հնչեցրած «մեղադրանքներն» անարդար է համարում՝ կապված Հայաստանի վերազինման հետ։
«Բազմիցս եմ ասել, որ ցանկացած պետություն ունի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու իրավունք, ի՞նչ հիմքով և ինչի՞ համար, միջազգային իրավունքը և, օրինակ, ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու, ինքնապաշտպանվելու իրավունքն ըստ էության համարում է անօտարելի իրավունք։ Այսինքն՝ ցանկացած երկիր ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, և այդ իրավունքը որևէ կերպ չի կարող վիճարկվել, որովհետև միջազգային իրավունքում նաև հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունը։
Այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ զինված ուժերում, ունեն միայն ու միայն այդ նպատակը։ Ավելին ասեմ, դուք գիտեք, այդ թվում՝ ընդդիմությունը մեզ քննադատում է և քննադատել է այն փաստի բերումով և պատճառով, որ ՀՀ ինքնիշխան, ավելին քան 240 քկմ տարածքն օկուպացված են։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ասեմ, որ այդ տարածքները, Հայաստանի 29.743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չեն։ Մյուս կողմից՝ մենք այսօր, վաղը և մյուս օրը խնդիր չենք դնում այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել»,- իր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ռազմական ճանապարհով այդ տարածքները չեն վերադարձնի, քանի որ համարում է, որ այն պայմանավորվածություններն ու սկզբունքները, որոնք որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման ճանապարհով լուծել։
«Այնպես որ, Հայաստանը որևէ ագրեսիվ նպատակ չունի, և սա մեր քաղաքականությունն է։ Մեզ քննադատում են նրա համար, որ Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն, բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում, օրինակ՝ Իտալիայից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում