Իրանի 14-րդ կառավարության կազմը ձևավորված է: Մասնավորապես, Աբբաս Արաղչիին վստահվեց Իրանի ԱԳ նախարարի պաշտոնը, ով որպես ԻԻՀ նախագահի հատուկ բանագնաց՝44-օրյա պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերին, ղարաբաղյան հարցի կարգավորման իրանական տարբերակն էր քննարկել հակամարտող կողմերի հետ և ոչ միայն: Գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն դարձավ Իրանի պաշտպանության նախարար, մինչ այդ նա զբաղեցնում էր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Իսկ Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը օգոստոսի 12-ին հրաժարական էր տվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ռազմական հարցերով տեղակալի պաշտոնից, Փեզեշքիանի հետ խորհրդակցելուց հետո վերադարձավ Իրանի փոխնախագահի պաշտոնին:
168.am-ը Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ հարցազրույցում փորձել է հասկանալ Իրանի 14-րդ կառավարության կադրային ամբողջ պատկերը,Մոհամմադ Ջավադ Զարիֆի վերադարձը ի՞նչ է հուշում Իրանիհատկապես արտաքին քաղաքականության մասին,այդ ամենից ի՞նչ հետևություններ պիտի անի Հայաստանը: Այսինքն, որքան էլ Իրանի արտաքին քաղաքականությունում կան սահմանված հստակ կարմիր գծեր, ամեն դեպքում, Փեզեշքիանի կառավարությունում կարևոր պաշտոններում կոնկրետ անձանց ներկայությունը ի՞նչ կարող է բերել կամ փոխել:
-Սկսենք Զարիֆի հրաժարականից և վերադարձից. նրա վերադարձը նախագահի ռազմավարական հարցերով տեղակալի պաշտոնին որոշակի ժամանակ դարձավ Իրանի ներքաղաքական լրահոսի, այսպես կոչված,«մեյնսթրիմը»։
Պետք է նշեմ, որ հրաժարականի միջոցով իր անհամաձայնությունն ու դժգոհությունն արտահայտելը Մոհամմադ Ջավադ Զարիֆի կողմից հաճախ կիրառվող մեթոդներից է։ Իր կարիերայի ընթացքում նա 6 անգամ հրաժարական է տվել և այդ մեթոդն օգտագործելով՝ ինչ-որտեղ հաջողել է հասնել իր նպատակին։ Այս անգամ ևս նույնը տեղի ունեցավ:
Նա հրաժարական ներկայացրեց, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ։ Նրա հրաժարականն առաջացրել էր բարենորոգչականների ծայրահեղական թևի դժգոհությունը։ Ակնհայտ է, որ Զարիֆի վերադարձը հենց նրանց ճնշումների արդյունքով տեղի ունեցավ, որը, ինչ խոսք, այս հանգրվանում կարելի է բնութագրել որպես հաջողություն՝ թե՛ նրանց, թե՛ Զարիֆի համար։
Զարիֆը ներկա դրությամբ Իրանի ներքաղաքական կյանքի վիճահարույց դեմքերից է, ով վերջին նախագահական ընտրությունների ժամանակ հատկապես աչքի ընկավ իր ծայրահեղական հայտարարություններով ու դիրքորոշումներով, որնինչ-որ տեղ անհամատեղելի էր ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու օրերին նրա գործելաոճի և հայտարարությունների հետ։ Նրա նկատմամբ լուրջ վերապահումներ ունեն հատկապես պահպանողականների ծայրահեղ թևի ներկայացուցիչները, ու հաշվի առնելով նրա զբաղեցրած պաշտոնի նշանակությունը, հավանական այն ազդեցությունը, որ նա կարող է ունենալ նախագահ Փեզեշքիանի թե՛ ներքին, թե’ արտաքին քաղաքականության ոլորտներում կիրառվող ռազմավարական որոշումների վրա, կարելի է ենթադրել՝ նրա ներկայությունը կարող է տեսանելի ապագայում նախագահի և պահպանողականների միջև լուրջ խնդիրների ու տարաձայնությունների պատճառ դառնա։
Ինչ վերաբերում է կառավարության կազմին, ապա պետք է հիշեցնեմ, որ Մասուդ Փեզեշքիանը դարձավ Իրանի 4-րդ նախագահը, որի բոլոր նախարարները միանգամից վստահության քվե ստացան խորհրդարանից: Սա կարևոր հանգամանք է։
Փորձագիտական շրջանակները սա համարում են, այսպես ասած, ազգային միասնության դրսևորում և կառավարության ու խորհրդարանի միջև լավ համագործակցության սկիզբ, ինչին հենց ձգտում է Փեզեշքիանը:
Արդար լինելու համար, սակայն, պետք է նշենք, որ խորհրդարանը նման մոտեցում չէր ցուցաբերի, եթե չլիներ երկրի Գերագույն հոգևոր առաջնորդի հստակ ցուցումն ու շեշտադրումն այս կապակցությամբ։ Թե ինչ հունով կընթանա խորհրդարանի և մյուս ինստիտուտների հետ գործադիրի համագործակցությունը, ցույց կտա ժամանակը:
Սակայն ելնելով նախագահի վերջին նշանակումներից և այդ կապակցությամբ պահպանողական շրջանակների արդեն ակնհայտ դժգոհությունից, տեսանելի ապագայում խնդիրներն անխուսափելի են լինելու։
Հայաստանի առումով պետք է ասել՝ հստակ է, որ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները ճշտվում են երկրի ամենաբարձր ղեկավար մակարդակով, մասնավորապես երկրի Գերագույն հոգևոր առաջնորդի միջոցով: Այսինքն, որևէ կառավարություն, ինչ մոտեցում էլ որ ունենա, չի կարող դուրս գալ այդ արտաքին քաղաքականության սահմանված շրջանակներից, դա վերաբերում է նաև Իրանի՝ հարավկովկասյան քաղաքականությանը, որի կարմիր գծերի և առաջնահերթությունների մասին բազմիցս բարձրաձայնել է հենց երկրի Գերագույն հոգևոր առաջնորդը: Այնպես որ, Փեզեշքիանի կառավարությունը պետք է աշխատի այդ սահմանված քաղաքականության շրջանակում:
Մյուս կողմից՝ կա մի կարևոր հանգամանք. ցանկացած նախագահ և նրա քաղաքական թիմը նաև ունեն իրենց ճաշակային մոտեցումներն այս հարցերի վերաբերյալ, և սա կարող է որոշակի ազդեցություն ունենալ քաղաքականության վրա:
Բավական է հիշել՝ ինչ փոփոխություններ կրեց Իրանի հարավկովկասյան քաղաքականությունը նախագահ Ռուհանիի պաշտոնավարման երկու շրջաններում, և ինչ կտրուկ շրջադարձի ականատեսը եղանք Իրանի նախկին նախագահ հանգուցյալ Ռաիսիի պաշտոնավարման 3 տարիներին այդ քաղաքականության մեջ: Սա նշանակում է, որ անհատական մոտեցումները ևս կարող են ազդել, բայց հիմնական սկզբունքներն ու շրջանակները մնում են նույնը: Հավելեմ, որ պարոն Արաղչին՝ Իրանի արտաքին գործերի նախարարը, բավականին պրագմատիկ, փորձառու և իրատես քաղաքական գործիչ է, և, կարծում եմ՝ նա հետևություն կանի այն սխալներից, որ տեղի ունեցան, մասնավորապես, նախագահ Ռուհանիի պաշտոնավարման 2 շրջաններում Իրանի՝ Հարավային Կովկասին առնչվող արտաքին քաղաքականության համատեքստում, և թույլ չի տա այդ սխալների կրկնությունը:
-Քանի որ խոսեցինք Իրանի արտաքին քաղաքականությունից և, մասնավորապես, դրանում առկա կարմիր գծերից, չանտեսենք,այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցքի» թեման: Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգություններն իրենց հայտնի են, և իրենք փորձելու են պարզաբանումների համար Թեհրանի հետ կապ հաստատել:Ի՞նչ մտահոգությունների մասին է խոսում Ռուսաստանը, և ո՞ր դեպքում Իրանը կգնա կոմպրոմիսի և կհամաձայնի ՌԴ վերահսկողությանն այս դեպքում:
-Կարծում եմ, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Իրանի վերապահումները պարզ են բոլորին, դրանք անմիջականորեն կապված են Իրանի տարածաշրջանային շահերիև ազգային անվտանգությանն ուղղված կարդինալնշանակության մարտահրավերների հետ։ Իրանն ամենաբարձր մակարդակով բազմիցս նշել է, որ դեմ է տարածաշրջանում ճանաչված սահմանների ցանկացած փոփոխությանը, որ չի հանդուրժելու Հայաստանի ինքնիշխանությունը խախտող որևէ միջանցքի կյանքի կոչմանը, դա վերաբերում է նաև այդ ենթադրյալ միջանցքի վրա ռուսական հավանական վերահսկողությանը։
Այս համատեքստում չպետք է աչքաթող անենք մի կարևոր հանգամանք. Իրանն ընդհանրապես դեմ է Սյունիքով անցնող ցանկացած միջանցքի։ Իրանի փորձագիտական շրջանակները«Զանգեզուրի միջանցքը» դիպուկ անվանել են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք», ինչն արդեն վկայում է այն մասին, թե նրանք ինչպես են վերաբերվում այդ միջանցքին ընդհանրապես։ Եվ իզուր չէ, որ պաշտոնական Թեհրանն ինտենսիվորեն փորձում է առաջ տանել «Արաքսի միջանցք» տարբերակը, որն անցնում է Իրանի տարածքով և, բնականաբար, ամբողջովին վերահսկվելու է իր կողմից, բացառվելու են այն մարտահրավերները, որոնք առկա են «Զանգեզուրի միջանցքի» դեպքում։ Այնպես որ, ինձ չի թվում, թե մենք այս կապակցությամբ Իրանի դիրքորոշման փոփոխության ականատեսը կլինենք:
-Ադրբեջանը Հայաստանում ԱՄՆ ռազմական ուժի ներկայության մասին պարբերաբար թարմացվող տեղեկություններով փորձում է Հայաստանի վրա սևեռել Իրանի ուշադրությունը, այն դեպքում, երբ Իրանից հայտարարել էին՝ չունեն փաստեր, որ ԱՄՆ-ը Հայաստանին զենք է մատակարարել: Ադրբեջանը սրանով փորձում է իր վրայից շեղե՞լ Իրանի ուշադրությունն Ադրբեջանում իսրայելական օբյեկտների հետ կապված մեսիջներից հետո:
-Այո, ակնհայտ է, որ այդ կերպ Բաքուն փորձում է իր վրայից շեղել Իրանի ուշադրությունն իր տարածքում, և հատկապես՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում իսրայելական ներկայությունից։Բայց պետք է նշեմ, որ դրանք բոլորովին այլ թեմաներ են, մեկը մյուսի հետ չկապվող։ Իր անմիջական սահմաններում իսրայելական ներկայությունն անվտանգային բնույթի լրջագույն մարտահրավեր է, որին դեմհանդիման է կանգնած Իրանը, ևորևէ այլ խնդիր չի կարող շեղել պաշտոնական Թեհրանի ուշադրությունն այդ թեմայից։ Սա միանշանակ է։
Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ դա չի նշանակում, թե Իրանն ընդհանրապես անտարբեր է ԱՄՆ-ի հետ ՀՀ ռազմական ցանկացած տիպի համագործակցության նկատմամբ։ Իրանի համար անընդունելի է իր անմիջականսահմաններին ՆԱՏՕ-ն ներկայացնող արևմտյան ցանկացած երկրի ներկայությունը։ Հիշեցնեմ, որ լրագրողների հետ իր շաբաթական վերջին հանդիպումներից մեկի ընթացքում Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադառնալով այս թեմային՝նշել էր, որ այդ կապակցությամբիրենց մտահոգություններն ենփոխանցել հայ բարեկամներին:
-Շարունակենք հարցը. Իրան-Ադրբեջան հարաբերություններում չլուծված ի՞նչ հարցեր կան, հատկապես՝ չերևացող:
-Այսպես կոչված, Ադրբեջանի Հանրապետության ձևավորումից ի վեր, այսինքն, դեռևս 90-ական թվականների սկզբից, Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք էլ հարթ չեն ընթացել, մշտապես եղել են խնդիրներ, որոնք ստվերել են երկու երկրների հարաբերությունները։ Դրանցից ներկա դրությամբ ամենակարևորի մասին առիթ ենք ունեցել բազմիցս խոսելու և նոր էլ խոսեցինք, դա Իսրայելի ներկայությունն է Ադրբեջանում, որի ուղղակի թիրախն Իրանն է։
Ոչ պակաս կարևորություն ունի նաև այն հանգամանքը, որը Բաքուն եղել է և շարունակում է մնալ անջատողական` պանթյուրքիստական խմբավորումների տաքուկ և ապահով որջը։ Այս համատեքստում իրանական փորձագիտական շրջանակի տեսադաշտից չի վրիպել այն հանգամանքը, որ Բաքվի բռնապետը բռնազավթված հավերժ հայկական Շուշին հանրահռչակել է՝ որպես թյուրքական աշխարհի «մշակութային մայրաքաղաքը»։
Կարելի է ենթադրել, թե նման մի կենտրոնի առկայությունն Իրանի անմիջական սահմաններին ինչ հետևանքներ է կարող ունենալ, և որն է լինելու այդ կենտրոնի անմիջական ու առաջնային թիրախը։ Կա ևս մի կարևոր հանգամանք, որը երևի քիչ է ծանոթ հայաստանյան լսարանի լայն շրջանակներին, դա Բաքվի ևԱրևմուտքում աշխատող իրանական հակապետական խմբավորումների միջև ուղղակի ու անուղղակի հնարավոր համագործակցությունն է։
Խոսքը հատկապես «Մոջահեդին խալղ» ահաբեկչական բնույթի տխրահռչակ խմբավորման մասին է, որը 1980 թվականից ի վեր պայքարում է Իսլամական Հանրապետության դեմ և Իրան-Իրաք պատերազմի տարիներին տեղակայվել էր Իրաքում ու համագործակցում էր Սադամ Հուսեյնի հետ` դավաճանելով Իրանին։ Ավելի ուշ այդ խմբավորման բեկորները տեղափոխվեցին Եվրոպա և հիմնականում հաստատվեցին Ալբանիայում` շարունակելով իրենց հակաիրանական գործունեությունը։ Նրանք տասնամյակներ է, ինչ գործիքի են վերածվել Արևմուտքի, հատկապես` ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թեհրանը Տիրանայի հետ ինտենսիվ կապերի շնորհիվ հաջողել է կտրուկ սահմանափակել այս խմբավորման գործունեությունը, նրանց արևմտյան պատվիրատուները պարբերաբար բարձրաձայնում են այդ խմբավորման կենտրոնակայանի հնարավոր տեղափոխումն Ադրբեջան։
Կասկածից վեր է, որ Բաքուն կապի մեջ է այդ խմբավորման հետ, և անհրաժեշտության դեպքում կարող է այդ գործոնն օգտագործել Իրանի դեմհավելյալ ճնշում բանեցնելու համար։ Պատկերացրեք, ինչ կարող է պատահել, եթե մի օր այդ խմբավորումը հաստատվի, օրինակ, Արցախի օկուպացված տարածքում՝ իսրայելական ներկայությանը զուգահեռ։
-Վերադառնանք Հայաստանի դեմ ադրբեջանական տեղեկատվական արշավին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ռազմական աջակցությանը և այդ հարցում Իրանի դերի մասին: Ինչպե՞ս եք Իրան-Ֆրանսիա հարաբերությունները գնահատում, և Իրանն ինչո՞ւ պետք է թույլ տա, որ իր տարածքով Հայաստան ֆրանսիական զենք գա, ինչպես պնդում է ադրբեջանական կողմը: Իհարկե, ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները ոչինչ չեն նշանակում, և նպատակները շատ լավ հասկանում ենք, ամեն դեպքում, մի պահ պատկերացնենք՝ ինչի՞ պետք է Իրանը դրան գնա:
-Իրանն ընդհանրապես Արևմուտքի և արևմտյան երկրների հետ ունի շատ լուրջ տարաձայնություններ՝ կապված իր տարածաշրջանային քաղաքականության, միջազգային իրադարձությունների հետ, լուրջ տարաձայնություններ կան, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ: Բայց պետք է նշեմ՝ սա չի նշանակում, որ եթե ինչ-որ դրվագներում որոշակի շահերի համընկնում լինի, Իրանը խուսափելու է համագործակցել արևմտյան երկրների հետ:
Պարսից ծոցի պատերազմների համատեքստում դրվագային համագործակցության ականատես եղել ենք: Ավելին,և՛ «Իսլամական պետության», և՛ «Ալ-Քաիդայի» դեմ պայքարում, հատկապես Իրաքում, Իրանը լուրջ համագործակցություն ցուցաբերեց ԱՄՆ-ի հետ, մանավանդ առանցքային դերակատարում ունեցավ ԻԼԻՊ-ի առաջընթացը կանխելու և Իրաքը փրկելու հարցում: Իսկ Հայաստանի հետ կապված Իրանի և Ֆրանսիայի դիրքորոշումը որոշակի համընկնում է, և կարելի է ենթադրել, որ, անհրաժեշտության դեպքում, այո, Իրանը կարող է համագործակցել այս հարցում, ինչպես նաև Սյունիքի անվտանգության հետ կապված: Դա կարող է տեղի ունենալ, զարմանալի չէ, բայց շեշտեմ՝ միայն դրվագային համագործակցության մասին խոսք կարող է լինել:
Հատուկ ուզում եմ նշել, որ եթե Ֆրանսիան որոշի ռազմական մշտական ներկայություն ունենալ ՀՀ տարածքում, սա արդեն որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ Իրանը չի հանդուրժում արևմտյան երկրների ներկայությունն իր անմիջական սահմաններին, մանավանդ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների