Նախապես հայտարարած ժամկետից երկու ամիս ուշ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը կուղարկվի ՍԴ։
Այս փաստաթղթի վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունից որոշ մանրամասներ են հայտնում՝ տեղեկացնելով, որ հենց այսօր սկսվել է փաստաթղթի ներպետական համաձայնեցման գործընթացը:
Ուշագրավ է, որ այդ փաստաթղթի ստորագրումն այսօր տեղի ունեցավ առանց հայկական և ադրբեջանական պատվիրակության անդամների դեմ առ դեմ հանդիպման։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի համոզմամբ, թեև դեռ հրապարակված չէ այս փաստաթղթի բովանդակությունը, սակայն, իր համար աներկբա է մեկ բան, այդ փաստաթղթով ադրբեջանական կողմն առաջ է տանելու իր օրակարգը, որովհետև հայկական կողմից հայկական շահից բխող օրակարգ ուղղակի չկա։
«Ադրբեջանի կողմից շահարկվող ձևակերպումներն են այդ փաստաթղթում, ոչ թե, օրինակ,ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանի կողմից ստորագրված համաձայնագիրը, որով Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները գծվելու էին այնպես, որ դրանից շահեկան լինեին հայկական դիրքերը։
Այնպես որ, այսօր ստորագրված փաստաթղթում այն, ինչ կա՝ Ալմա Աթայի հռչակագրի հղումը, հայկական կողմի համար արդեն խնդրահարույց է, որին ավելանում է հաջորդ հարցը՝ իսկ սահմանագծում և սահմանազատումը շարունակվելո՞ւ է այն տեղերից, որտեղով ադրբեջանական զորքը մխրճվել է Հայաստանի տարածք»,-ասաց Գագիկ Մինասյանը՝ ընդգծելով՝ անկախ նրանից, թե ի՞նչ բովանդակության կանոնակարգ է հաստատվել, փաստ է այն, որ Խաղաղության պայմանագիր ասվածը ստորագրելու որևէ ցանկություն ադրբեջանական կողմը չունի, հակառակը,ամեն գնով ունի նպատակ՝ Հայաստանին պահել ճնշման տակ։
ՀՀԿ ԳՄ անդամի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը ոչ միայն Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերն ունակ չէ լուծել, այլ նաև օրակարգային չի կարողանում դարձնել արցախցիների՝ Արցախ վերադառնալու հարցը, և դա չի անում անգամ այն պարագայում, երբ նույն ռուսական կողմը պատուհան է բացում արցախցիների՝ Արցախում ապրելու հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար։
«Ռուսաստանը նոր վերաբերմունք է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ. առաջիկայում լուրջ պայքար կգնա դրա համար Վրաստանում։ Պատահական չէ, որ վրացական ընդդիմությունն արդեն սկսել է աշխատանք՝ Վրաստանում կայանալիք ընտրություններից հետո գունավոր հեղափոխությունների սցենարով ինչ-որ բան անելու համար։ Կարծում եմ՝ ընտրություններից հետո, սակայն, ավելի կամրապնդվեն Վրաստանիհարաբերությունները Ռուսաստանի հետ, և հենց այդ պարագայում է, որ Հայաստանը կարող է մնալ մեն-մենակ»,-ասաց Մինասյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։