Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նոր կարգավորումներ է ներկայացրել ուղևորափոխադրումների ոլորտում, որն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
Այսպիսով՝ ըստ ՊԵԿ-ի նոր կարգավորումների, ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։
Առցանց աշխատող տաքսի ծառայությունները պետք է դրա իրավունքն ունենան։ Ծառայության մատուցման իրավունքը ձեռք բերելու դեպքում սահմանված է տարեկան պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով։
Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ արտոնագիր և վճարել պետական տուրք։
Օրենքը խախտելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ։
Ուղևորափոխադրումներն առանց արտոնագրի իրականացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500.000 դրամի չափով տուգանք: Իսկ ուղևորափոխադրումն առանց ՀԴՄ իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար 200.000 դրամի չափով տուգանք կկիրառվի։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը ՊԵԿ-ի այս նոր կարգավորումը բնորոշեց՝ որպես չմտածված ու չաշխատող մի համակարգ՝ ոտքի վրա, ձեռքի հետ ընդունած որոշում։
«Ես չեմ խոսում մեծ բեռի մասին, քանի որ, կարծում եմ՝ եթե եկամուտ ունես, պետք է հարկեր վճարես, բայց այստեղ ուրիշ հարց կա։ Այսինքն՝ ստացվում է, որ մեքենան, որը իրավունք չունի ճանապարհին հայտնվել, պետք է տանի փող վճարի ու հայտնվի ճանապարհին, ինչի՞ համար։ Փոխարենը նրան բերեն իրավական դաշտ, տաքսին լիցենզավորեն, վարորդին ստուգեն, տեսնեն՝ հիվանդ չէ, թմրամոլ չէ, մեքենան սարքի՞ն է, թե՞ ոչ, հետո նոր ասեն՝ դե բերեք վճարեք, միանգամից ասում են՝ անհապաղ վճարեք, սրանով ասում են՝ փողը տվեք, ինչ ուզում եք՝ արեք։ Այս որոշումը հենց սրա մասին է, հիմա ես կարող եմ Կառավարությանը փող տամ, հետո գնամ կույր աղիքի վիրահատություն իրականացնեմ, անկախ նրանից՝ դրա մասնագե՞տն եմ, թե՞ ոչ։ Կրկնում եմ՝ ինչո՞ւ չեն խոսում լիցենզիայի՝ իրավունքի մասին, խոսում են միայն ՀԴՄ կտրոն տրամադրելու մասին»,- նշեց Վահագն Սահակյանը։
Ըստ նրա, ի սկզբանե, երբ տարածվեց ՊԵԿ կարգավորումների վերաբերյալ որոշումը, ասել է, որ տաքսու վարորդների վրա շուտով պետությունը վաճառելու է ՀԴՄ սարքեր, ու որևէ մեկը չի գնելու։
«Ինձ հակադարձել են ՊԵԿ-ից, ասել են, որ այդպես չի լինելու՝ էլեկտրոնային է լինելու։ Երկու օր առաջ մեր գրավոր հարցին ՊԵԿ-ից պատասխանել են, որ այդ ծրագիրը դեռևս չկա, սեպտեմբերի 1-ը «քթների» տակ է, բայց դեռ այդ հավելվածը պատրաստ չէ, որ վարորդները գրանցվեն ու ուղևորներին կտրոն տրամադրեն։
Հիմա ես կարո՞ղ եմ ենթադրել, որ այս ամենն արվում է ժողովրդի ուշադրությունը շեղելու համար, կամ էլ մի քանի տաքսիստներ, որ չեն մտել «Յանդեքս», ուզում են քշեն այնտեղ, որովհետև պետությունն ասում է՝ ովքեր օնլայն ոլորտում են, որևէ բան չեն անելու, հանգիստ քշեք։
2018 թվականի սրանց «հեղափոխությունից» հետո ոլորտի վերաբերյալ մեխանիզմ էի ներկայացրել Կառավարությանը, ըստ իմ առաջարկի, ամեն օր ոլորտից պետությանը 100 մլն դրամի վճարում էր լինելու։ Ծրագիրը գրած ներկայացրել եմ, բայց չընդունեցին, իբր մտածում էին, ու մինչև հիմա մտածում են։ Դե, իրենց մտածածն էլ այն է, որ «Յանդեքսին» դարձնեն մոնոպոլիստ։ Ամբողջ աշխարհը գոռում է, որ դա ադրբեջանական է, սրանք այդ ընկերության դիրքերն են ամրապնդում»,- հավելեց նա։
Նա ընդգծեց՝ քաղաքագետ չէ, բայց կարծում է, որ Սյունիքի հետ իշխանությունները մի բան անելու են ու չմտածված ինչ-որ որոշումներով փորձում են հանրության ուշադրությունը շեղել այդ գործընթացներից։
«Չգիտես ինչո՞ւ՝ չեկ տպելու, խորովածի ու լոբու պատմությունները համընկավ Ռուսաստան-Ադրբեջան սիրային կապի հետ, չեմ կարծում՝ այստեղի շոուները պատահական էին։
Հստակ ասում եմ՝ այս համակարգը չի աշխատելու, ամեն անգամ մի ապուշություն են անում, մարդկանց գցում փողոցները, որ այդ հարցերը լուծեն։ Խելացի իշխանությունը կփորձեր ընդհանուր լեզու գտնել, բայց սրանք այդպես չեն, սրանք փողոց փակողներ են»,- եզրափակեց Վահագն Սահակյանը։
Նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ 168.am-ը փոքր հարցում էր անցկացրել տաքսիստների շրջանում, թե ինչ կարծիք ունեն ՊԵԿ-ի որոշման վերաբերյալ։ Մեր զրուցակիցները մեծ մասամբ նշում էին, որ հավելյալ բեռ են իրենց վրա դնում, որին պատրաստ չեն։