ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ

Վստահ չեմ, բայց ոնց որ թե Իլհամը ցանկություն ունի մեկ անգամ ևս հատելու Հայաստանի հետ Ադրբեջանի պայմանական սահմանը՝ ինչպես դա անվանում են Բաքվում: Նման ենթադրության հիմք է հանդիսանում թշնամի երկրից հնչած այն հայտարարությունը, թե «հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի մասին համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար»։ Սակայն հարցն է այն է, թե որքանով է այդ հարցում ինչ-որ կանոնակարգի համաձայնագրի գոյությունը բավարար: Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ են այդ հարցում շտապում Ադրբեջանում: Որովհետև, այն, նախ, պետք է հաստատվի երկու երկրների համապատասխան պետական կառույցներում: Երկրորդ, այդ համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի, որպեսզի երևա, թե որքան է այն կիրառելի. այսինքն, այն ավելի շատ խնդիրնե՞ր է առաջացնելու, թե լուծելու: Երրորդ, հաշվի առնելով ռուսական ղեկավարության հետ Հայաստանի վարչապետի աթոռից կառչած անձի հարաբերությունները, ԵՄ քաղաքացիական առաքելության հեռացումը չի՞ նպաստելու, որպեսզի ադրբեջանական զինուժը հերթական անգամ հատի ՀՀ սահմանները՝ որքան էլ առաքելության առկայությունը լինի ձևական:

Հիշենք, որ պատերազմի հավանականության մասին հայտարարել էր նաև Միրզոյան Արարատի գերատեսչությունը՝ այն կապելով նոյեմբերին Բաքվում անցկացվելիք «COP 29» միջոցառման հետ: Թե ինչու պետք է դա տեղի ունենար մինչև «COP 29»-ի անցկացումը՝ երևի հայտնի է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Միրզոյանին: Կա մեկ այլ գործոն ևս. Բաքվում շարունակում են ագրեսոր համարել Հայաստանին: Իսկ ագրեսորին, ինչպես հայտնի է, փորձում են պատժել: Հատկապես եթե այդ երկրի ղեկավարը նիկոլանման անձ է: Իսկ պատժողն էլ Իլհամը, որ թքած ունի միջազգային իրավունքի վրա՝ չնայած անընդհատ վկայակոչում է հենց այդ իրավունքը: Բայց հաշվի առնելով նրա թուրք լինելը՝ դա պետք է համարել բնական: Անբնական է, երբ ուժը որպես իրավունք ճոճող թուրքի դեմ նիկոլանման մեկը դեմ է տալիս խաղաղության աղավնուն: Ու արդեն նույնիսկ էական չէ այն հանգամանքը, որ խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտորում բացակայելու է խաղաղության խաչմերուկ կոչված ոչ իրատեսական գաղափարը: Ավելի ճիշտ, ոչ թե գաղափարը, այլ իշխանության պահպանման վիրտուալ գործոններից մեկը:

Եթե Հայաստանի գործող իշխանությունը լիներ այնպիսին, ինչպիսին խոստանում էր լինել 2018 թվականին, ապա վերնագրում դրված հարցի պատասխանը կփորձեր գտնել հենց ինքը: Հիշո՞ւմ եք, չէ, թե պետական կառավարման առումով թափանցիկության ինչ խոստումներ էր տալիս Նիկոլն այդ ամիսներին: Հետագայում, դժբախտաբար, պարզվեց, որ դա ընդամենը բլեֆ էր՝ մեծ բլեֆ: Պարզվեց, որ իրականում շատ ավելի թափանցիկ էին նախկինները, որոնց մենք համարյա ազգովի մերժեցինք: Համենայն դեպս, հանուն սեփական իշխանության պահպանման, ժողովրդի թիկունքում, նախկինները պայմանավորվածությունների մեջ չէին մտնում թշնամու հետ: Չնայած ժամանակ առ ժամանակ մեղադրվում էին այդ հարցում: Մեղադրվում էին, ի դեպ, բազմաթիվ ասյլ հարցերում: Օրինակ այն հարցում, որ 2016-ի ապրիլի 2-ի գիշերը բիլյարդ խաղացող Յու. Խաչատուրովը (ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը) խաղը չի դադարեցրել՝ չնայած նրան զեկուցել են ադրբեջանական զինուժի կողմից սահմանը խախտելու վերաբերյալ: