«Խաչակնքվելով եմ հետևել Փաշինյանի ասուլիսին. դա հաշվետվություն էր Ալիևին և Էրդողանին». Լևոն Նազարյան

«Խաչակնքվելով եմ հետևել Փաշինյանի ասուլիսին, որովհետև, դժբախտաբար, ուղերձները, որոնք ավանդաբար Փաշինյանն իր ասուլիսների ժամանակ ունենում է, այսպես ասած, միստիկ նշանակություն են ունենում մեր հասարակության և պետության համար: Փաշինյանը կարծես թե ներկայացնում է այն պլանները, որոնցով ցանկանում է կազմաքանդել մեր պետությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը:

Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսի ուղերձները հիմնականում երկու հասցեատեր ունեին. «Դրանք ուղղված էին Էրդողանին և Ալիևին և իր աշխարհաքաղաքական տերերին: Ավելի շատ նման էր ՍՊԸ-ի հաշվետվության, որտեղ ինքը ներկայացնում էր իր աշխատանքային հաշվետվությունը: Մի միտք էր կարմիր թելով տանում, որ պետություն ունենալը հավասար է հարկեր տալուն և հարկեր հավաքագրելուն: Այսինքն՝ հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ հարկերի հավաքագրումը նույնն է, որ ունենալ պետություն:

Այսինքն՝ ինքը չի խոսում պետության գործառույթների մասին:
Փաշինյանի ուղերձներն ուղղված չէին հայ ժողովրդին և այն մարդկանց, ովքեր հայոց պատմության, հավաքական գիտակցության կրողներ են: Ինչ-որ վարչական կատարողի հաշվետվություն էր: Մեզ ուզում էր ասել՝ եթե ուզում եք պետություն ունենալ, պետք է հարկերը խելոք հավաքել և լսել, թե ինչ է ասում Ադրբեջանը, այսինքն՝ ինչ ասում է Ալիևը՝ պետք է խելոք լսեք, ես դրանք իրականացնելու եմ, դուք էլ ձեր համար հարկերը մուծեք, մենք էլ դրանք կհավաքենք, մանկապարտեզ կվերանորոգենք»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին հրաժարվում է ռուսական միջնորդությունից և նախընտրում է Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ ձևաչափով շարունակել բանակցությունները, որն ըստ Փաշինյանի՝ արդյունավետ է: