Եթե Երևանը չհամաձայնի ՌԴ-ում հանդիպել, ապա Ադրբեջանը պետք է առաջ մղի իր օրակարգը. Սյուզան Ստյուարտ

Այսօր Անկարայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն ուշագրավ էր տեղեկատվական այն ֆոնը, որը ստեղծեց Թուրքիան Բայրամով-Ֆիդան հանդիպմանն ընդառաջ։

Թուրքական միանգամից մի շարք պարբերականներ գրեցին այն մասին, որ նախարարների օրակարգում հայ-ադրբեջանական բանակցություններն են, ինչպես նաև հայ-թուրքական հեռանկարները։ Թուրքական ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հիմնականում քննարկվում են իրադարձությունները, որոնք կապված են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նոյեմբերին ստորագրման հեռանկարների և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացման հնարավորությունների հետ։ Եվ, ըստ նույն տեղեկությունների, պատահական չէ, որ այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի՝ օգոստոսի 18-19-ին Ադրբեջան կատարած պետական այցից հետո, իսկ այդ այցի ընթացքում ՌԴ նախագահը ցանկություն հայտնեց միջնորդել, որպեսզի Բաքուն և Երևանը բանակցեն ու ստորագրեն, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը։

168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ռուսական առաջարկից հետո Բաքուն և Անկարան պետք է որ քննարկեն որոշակի հարցեր ու սցենարներ՝ մասնավորապես համաձայնագրի կնքման հեռանկարները ուղիղ ձևաչափով կամ ՌԴ հովանու ներքո։ Ըստ նրա՝ եթե Երևանը չհամաձայնի ՌԴ-ում հանդիպել, ապա տրամաբանորեն Ադրբեջանը պետք է առաջ մղի իր ուղիղ հանդիպումների օրակարգը և համաձայնագիրն առանց արևմտյան ներկայության ստորագրելու հարցը։«Կարծում եմ՝ այս հանդիպումը դրանով է կարևոր, որ կողմերը փորձում են որոշակի ժամկետներ և պայմաններ քննարկել համաձայնեցնելու համար իրենց հետագա քայլերը։ Մասնավորապես, ըստ իս, Անկարային հետաքրքիր է սահմանի բացման հարցի հստակեցումը։ Սա ռեգիոնալ և աշխարհաքաղաքական վերադասավորումների փուլ է, որն ուղեկցվում է բանակցային խնդիրներով և մեծ անորոշությամբ։ Իսկ Թուրքիան լուրջ խաղացող է, որի համար Հարավային Կովկասն ամենակարևոր ռեգիոններից է, և գուցե առաջիկայում Թուրքիայի ուշադրությունը լինի հենց այդտեղ և ոչ միայն, քանի որ կան կանխատեսումներ, որ համապատասխանաբար՝ Արևմուտքը ժամանակավորապես պասիվ կլինի՝ հնարավորություն տալով ռեգիոնալ ուժերին առաջ մղել իրենց օրակարգը։ Խոսքը Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի մասին է»,– ասաց նա։