Անկախության հռչակագիրը փոխելու մասին կարող է խոսել միայն հոգով ստրուկը. Արմեն Մանվելյան

2018 թվականին Հայաստանի Անկախության հռչակագիրն անկախ Հայաստանի պետականության հաստատման հիմք համարած և այդ հռչակագրով սահմանված իղձերը հայ ժողովրդի պատմական պարտքն ու առաքելությունը համարած Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին՝ այդ նույն հռչակագրի ընդունման 34-ամյակի կապակցությամբ, ուղերձ է հղել՝ նսեմացնելով դրանում սահմանված իղձերը՝ դրանք համարելով փոփոխության ենթակա։«ՀՀ Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն։ Անկախության ու պետականության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումները փոխվել են»,- ասված է Փաշինյանի օգոստոսի 23-ի ուղերձում՝ ի հեճուկս 2018 թվականին նույն հռչակագրի վերաբերյալ հնչեցված դիրքորոշումների։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը, խոսելով Անկախության հռչակագրի վերաբերյալ փաշինյանական այս տրանսֆորմացիայի պատճառների մասին՝ դրանք պայմանավորեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը կործանելու նպատակադրումով։«Անկախության հռչակագիրը փոխելու մասին կարող է պնդել մի մարդ, որն ինքը երբեք անկախ չի եղել՝ ո՛չ հոգեպես, ո՛չ բարոյապես, ո՛չ ֆիզիկապես. միայն նման տեսակը կարող է ասել, թե անկախության վերաբերյալ մոտեցումները փոխվել են։ Ավելին, նման բան կարող է ասել հոգով ստրուկը։ Ակնհայտ է, որ այս իշխանությունը գնում է Հայաստանի անկախության վերացման հետևից, որպեսզի Հայաստանը դառնա Թուրքիայի և Ադրբեջանի արանքում գտնող լոգիստիկ կենտրոն՝ վերահսկովող Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- ասաց Արմեն Մանվելյանը։

Նրա համոզմամբ՝ փաշինյանական իշխանությունը հայ ժողովրդի մոտ սերմանում է ծառայի հոգեբանություն, ինչն իրենց իշխանության պահպանման համար անհրաժեշտ հոգեբանություն է, ինչին էլ դեմ է Հայաստանի անկախության հռչակագիրը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը մերժող Փաշինյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնելու տարում՝ 2018 թվականին, Հռչակագրի ընդունումն անվանել է պատմական իրադարձություն, որը «հետագայում Հայաստանի անկախ պետականության հաստատման հիմքն է հանդիսացել»։

2019 թվականին հղած ուղերձում Հռչակագիրը համարել է «հայ ժողովրդի միասնական և հավաքական կամքի դրսևորումը, որով ազդարարվել է Հայոց պետականության սկիզբը»:

2020 թվականի օգոստոսի 23-ին Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ պնդել է. «Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և մեր պատմական պարտքն ու առաքելությունն է՝ մեր հռչակած իղձերը դարձնել իրականություն»։

2021 թվականին կրկնել 2020-ի ուղերձը։

2022թ․ Անկախության հռչակագրի վերաբերյալ ուղերձում շեշտել՝ «Հայաստանը նոր տեսության կարիք ունի»։

2023 թվականի ուղերձում հռչակագիրը համարել է «քաղաքական փաստաթուղթ, որը կարիք ունի նոր քննության։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։