Վարչապետի թեկնածու պետք է դառնա այլ մարդ, ոչ թե Բագրատ Սրբազանը. Դավիթ Անանյան

Եթե հիվանդը որոշել է մեռնել, ոչ ոք և ոչինչ չի՛ կարող փրկել նրան. նույն տրամաբանությամբ, եթե հայ ժողովուրդը որոշել է ինքն իրեն զրկել ինքնապահպանման բնազդից և չապրել, սեփական անգործությունն ու նվաստությունն այլ ուժերի վրա բարդելով, ուրեմն մենք՝ որպես ազգ, զրկվելու ենք պետականությունից, ինչը պահպանելու համար է ստեղծվել ազգային-ազատագրական շարժում՝ Բագրատ սրբազանի հոգևոր առաջնորդությամբ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը՝ միաժամանակ շեշտելով՝ ազգային-ազատագրական գաղափարախոսության հետ մեկտեղ` քանի դեռ այս հոգևոր շարժումը չունի քաղաքական բաղադրիչ, իր առջև դրված նպատակին չի՛ կարող հասնել։

«Հոգևոր առաջնորդությունը դա պայքար է ազգային զարթոնքի, հոգևոր արժեքների վերականգնման համար, ինչը լավագույնս անում է Բագրատ սրբազանը։ Շարժմանը, սակայն, պետք է նաև քաղաքական բաղադրիչ, ինչի առկայության պարագայում ժողովրդին պետք է ներկայացվի արժանապատիվ խաղաղությամբ ձևավորված այնպիսի օրակարգ, ինչը ենթադրում է քաղաքական քայլերի հաջորդականություն։

Նման օրակարգ հանրությանը պետք է ներկայացնեն քաղաքական դերակատարները՝ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդդիմադիրները»,- ասաց Անանյանը։