ՌԴ-ն վերադառնում է ապաշրջափակման գործընթացի կողմ լինելու իր լեգիտիմ իրավունքին, Հայաստանը նրան դե յուրե դրանից չէր զրկել. Ի՞նչ է անելու այսօր Փաշինյանը

Մոտ մեկ շաբաթ Ադրբեջանը քարոզչական դաշտում փորձում էր Իրանի հայացքը սևեռել Հայաստանի վրա՝ առաջ տանելով ՀՀ-ում ԱՄՆ ռազմական ներկայության մասին թեզը, ըստ էության, երկրի ղեկավարության հրահանգով: Եվ անգամ ԱՄՆ դեսպանատան հերքումը չէր բավարարել ադրբեջանական կողմին, նրանք պահանջում էին ՀՀ պաշտպանության նախարարության և Իրանի հերքումը: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պահպանեց լռությունը, սակայն Իրանն օրեր անց պաշտոնապես արձագանքել է:Մասնավորապես, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին իբր զենք վաճառելուն, նշել է.

«Ես որևէ փաստացի տեղեկություն չունեմ ձեր նշածի վերաբերյալ և չեմ կարող մեկնաբանել հրապարակված լուրերը»:

Այսինքն, Իրանն այս պահի դրությամբ ապատեղեկատվությո՞ւն է որակում Սյունիքում ԱՄՆ ներկայությունը, Հայաստան անձնակազմի և ռազմական բեռի տեղափոխումը:Նշենք, որ Ադրբեջանը քարոզչական ռեսուրսի միջոցով նշված տեղեկության տարածմամբ փորձ էր անում այս ընթացքում նաև նոր սպառնալիքի քարոզչական հիմքեր ստեղծել՝ պատասխանատվության սլաքն ուղղելով Արևմուտքի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի վրա: Այս գիծը դեռ շարունակվում է:

Մասնավորապես, ադրբեջանական քարոզչական կայքերից մեկն առաջ ընկնելով՝ «հուշել է» սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի նախագահի Հայաստան հնարավոր այցի ֆոնին սադրանքների հավանականության մասին: Իհարկե, այստեղ նախաձեռնությունը վերապահվել է հայկական կողմին, բայց Բաքուն զգուշացրել է՝ հետևություններ են անում: Թերևս, ավելորդ է բացատրել՝ ինչ կարող է ենթադրել դա, հատկապես, եթե այս ամենին գումարենք նաև այն, որ վերջին օրերին Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է սահմանագոտու տարբեր ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն էլ, որպես պատասխան, առաջ է մղում Նիկոլ Փաշինյանի՝ հետաքննության երկկողմ մեխանիզմներ ստեղծելու առաջարկը, թե իբր ՀՀ-ն թաքցնելու բան չունի, բայց թե իրականում ինչ ռիսկեր է պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հետաքննության մեխանիզմների ստեղծման պայմանագիրը գործող իշխանության օրոք՝ 168.am-ն անդրադարձել է: 

Փոխարենը հիշեցնենք, որ մինչև հիմա ՀՀ քննչական կոմիտեն չի հայտնել՝  հունիսի կեսերին Սյունիքի հատվածում պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը հակառակորդի՞ կրակոցից է զոհվել, թե՞ ոչ:

Իսկ Ադրբեջանը, հաշվի առնելով, որ գոնե ԱՄՆ ռազմական բեռի առումով չկարողացավ Հայաստանի վրա սևեռել Իրանի ուշադրությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ֆոնին որոշեց թարմացնել հին տեղեկությունները, թե Հայաստանն Ուկրաինային է փոխանցել խորհրդային կամ ռուսական հրթիռներ: