Մեղրու միջանցքը. սառը պատերազմից մինչև ներկայիս աշխարհաքաղաքականություն

Ադրբեջանը, Ուզբեկստանը և (այս տարածաշրջանից դուրս) Ուկրաինան այն պետություններն են, որոնք արժանի են Ամերիկայի ամենահզոր աշխարհաքաղաքական աջակցության. բոլոր երեքն աշխարհաքաղաքական կենտրոններ են։ Զբիգնև Բժեզինսկի, ԱՄՆ Նախագահ Ջ. Քարտերի ազգային անվտանգության խորհրդական

Այսօր Խորհրդային Հայաստանի ականավոր պետական գործիչ Ալեքսան Մատվեևիչ Կիրակոսյանի ծննդյան 106-րդ տարեդարձն է։ Պատեհ առիթ է ներկայացնելու այդ վաստակաշատ անհատի հետ կապված մի դրվագ՝ որպես երկրիս կառավարիչներին ուղղված խրատ։

1990 թվականի ամռանը ՀԽՍՀ նորընտիր գումարման Գերագույն խորհրդի նիստի ընդմիջմանը Հրազդանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Գարիկ Խաչատրյանի հետ զբոսնում էինք Մելիք-Ադամյան փողոցի մերձակա այգում։ Հանկարծ նկատեցի Խորհրդային Հայաստանի նախարարների խորհրդի նախագահի նախկին առաջին տեղակալ Ալեքսան Մատվեևիչ Կիրակոսյանին, ով կուսակցական վերնախավում վայելում էր խիստ, պարկեշտ և բանիմաց պետական ​​գործչի համբավ։ Խնդրեցի, որպեսզի Հրազդանի քաղաքապետն ինձ ներկայացնի Ա.Կիրակոսյանին, և շատ արագ մեր ծանոթությունը վերածվեց բարեկամության։Ծնվելով 1918 թվականին Ախուրյանում և անցնելով Հայրենական Մեծ պատերազմը, այս տաղանդաշատ անձնավորությունն իրեն ամբողջությամբ նվիրել էր Հայաստանի հետպատերազմյան վերականգնմանը և զարգացմանը։ Ալեքսան Մատվեևիչը գիտեր մեր երկրի ամեն մի անկյուն, տեղյակ էր ցանկացած գյուղի պատմությանը և խնդիրներին։ Նրա ընկերներն էին Հայաստանի գիտության և արվեստի բազմաթիվ գործիչներ, և պատահական չէր, որ նա համարվում էր հայ գրականության լավագույն գիտակն այն ժամանակվա քաղաքական վերնախավում։ Տպավորիչ էր նաև նրա իմաստությունը միջազգային հարաբերությունների բնագավառում, ինչի շնորհիվ Խորհրդային կառավարությունը հաճախ նրան ներգրավում էր ճանաչված օտարերկրյա գործիչների հետ հանդիպումներին։

***

ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր էի, երբ 1999թ. տարեսկզբին նշանակվեցի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար, և Ալեքսան Կիրակոսյանի հետ մեր «գիշերային նիստերը», ինչպես դրանք անվանել էր իմ կինը, դարձան պարբերական։

Ամիսը մեկ-երկու անգամ՝ աշխատանքից հետո, նա հրավիրում էր ինձ իր տուն՝ քննարկելու Հայաստանի հետ առնչվող տարաբնույթ հարցեր։ Նրա կինը՝ տիկին Վիկտորյան, համեղ ընթրիք մատուցելուց հետո, առանձնանում էր իր սենյակում, իսկ մենք մեր զրույցները հաճախ ավարտում էինք վաղ առավոտյան՝ իր բնակարանի պատշգամբում դիմավորելով երևանյան լուսաբացները։

Քի Ուեսթում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո էր։ Ալեքսան Կիրակոսյանն ուշ ժամի զանգահարեց և հրավիրեց թեյախմության։ Նրան հետաքրքրում է, այսպես կոչված, «Մեղրու միջանցքի» վերաբերյալ շրջանառվող խոսակցությունների լրջության աստիճանը։ Իմ մեկնաբանություններից հետո նա գաղտնազերծեց «միջանցքի» հետ կապված իր անձնական առնչությունը և խնդրեց ներկայացնել դրա էությունն արտաքին գործերի նախարարին։ Հաջորդ օրը Վարդան Օսկանյանին հաղորդեցի այդ տեղեկատվությունը, իսկ մի քանի օր անց նույնը փոխանցեցի նաև Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովին։

Հետագայում այս արժեքավոր պատմական դրվագն Ալեքսան Մատվեևիչը ներառեց իր հուշերում, որը «Մայրամուտի շեմին»  վերնագրով հրատարակվեց 2002 թվականին։ Ըստ հեղինակի, Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը՝ օգտվելով ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի հովանավորությունից, դեռ անցյալ դարի 70-ականներին ԽՍՀՄ կառավարությանն էր ներկայացրել Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի հետ կապող և հեռահար նպատակներ հետապնդող ռազմավարական միջանցքի նախագիծը։ Ա. Կիրակոսյանը՝ որպես Հայաստանի մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Կոմկուսի բյուրոյի հանձնարարությամբ մեկնում է Մոսկվա՝ երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության առջև այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու առաքելությամբ։

Մեկնաբանելով ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ մարշալ Նիկոլայ Օգարկովին գաղափարի ռազմավարական վտանգները Սովետական Միության համար՝ Ա. Կիրակոսյանին հաջողվում է հանել այն օրակարգից։

***

Համեմատությունները կանխատեսումներ չեն, այլ նախազգուշացումներ են: Հայաստանի ներկա վիճակն անկարելի է համեմատել այն իրավիճակի հետ, որ գոյություն ուներ 1999-ի Քի Ուեսթի բանակցությունների շրջանում, առավել ևս՝ 1970-ականներին, երբ արդեն իսկ բորբոքվել էր ավագ Ալիևի «զանգեզուրյան» ախորժակը։

Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի կրած կործանարար պարտությունը և դրան հետևող աղետալի քայլերը, ինչպես նաև ՌԴ-ի դիրքերի հարաբերական անկումը Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրավիճակ ստեղծեցին ամբողջ տարածաշրջանում և լուրջ հնարավորություններ ընձեռեցին թուրք-ադրբեջանական դաշինքին՝ վերաձևավորելու վերջինիս ոչ միայն ռազմաքաղաքական, այլև աշխարհատնտեսական լանդշաֆտը։

Դրան մեծապես նպաստում է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստան-Չինաստան առանցքի միջև խորացող դիմակայությունը, ինչը, մասնավորապես, դրդում է Մոսկվային ու Պեկինին հնարավորինս համադրել Եվրասիական Տնտեսական Միության և «Գոտի և ճանապարհ նախաձեռնության» (Belt and Road Initiative) ռազմավարությունները։

Սրանով պայմանավորված՝ Մեծ Եվրասիայում սրացող աշխարհաքաղաքական մրցակցությանը շարունակաբար անդրադառնում են ԱՄՆ դիվանագետները՝ չափից դուրս ուռճացնելով «միջանցքի» աշխարհատնտեսական օգուտները Հայաստանի համար, բայց և անկեղծ շեշտադրելով դրա հետ կապված ամերիկյան աշխարհաքաղաքական թիրախները։

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար առավել շահավետ կլիներ, եթե նույն խանդավառությամբ ու հետևողականությամբ պաշտոնական Վաշինգտոնն առաջ մղեր նաև Հայաստանի տարածքով անցնող երբեմնի գործող հյուսիս-հարավ երկաթուղու վերաշահագործման գաղափարը։ Բայց ի՞նչ պահանջես օտարից, երբ դրա մասին լռում են անգամ Հայաստանի բանակցողները, որոնք փորձում են շահահարել մեծ տերությունների միջև մեր տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական մրցակցության հակասությունները։

***

Թեև Ադրբեջանի նախագահի վարչակազմն օրերս ավետեց, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրից» հարավային «միջանցքի» (թուրքական անվանմամբ՝ «Զանգեզուրի միջանցքի») հարցը հանելու վերաբերյալ Հայաստանի հետ կուլիսային և դրսից թելադրված պայմանավորվածության վերաբերյալ, խնդիրն ինքնին չի կորցնում իր արդիականությունը։ Առավել ևս, որ դատելով Հայաստանի բանակցողների հռետորաբանությունից՝ կարելի է ենթադրել, որ նրանք սկզբունքորեն կողմ են դրա իրականացմանը. ամբողջ ինտրիգը կայանում է նրանում, թե ո՞վ և ինչպե՞ս կիրականացնի վերջինիս հսկողությունը։ Սրանով պայմանավորված՝ նպատակահարմար է դիտարկել միջազգային պրակտիկան և, մասնավորապես, Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի հիմնական մասի միջև Սուվալկի միջանցք (Suwalki corridor) ցամաքային հաղորդակցության կազմակերպման փորձը։

Այդ նպատակով 1990-ականների վերջին ՌԴ-ի և Լիտվայի Հանրապետության միջև բանակցվեց ԽՍՀՄ տրոհման պատճառով առաջացած միջանցքի տարանցման պարզեցված ռեժիմի ներդրումը։

Այն կոչված էր հեշտացնելու ապրանքների և մարդկանց տեղաշարժը ռուսական էքսկլավի և մայրցամաքի միջև՝ միաժամանակ ապահովելով Լիտվայի ինքնիշխանությունը տարանցիկ երթուղու հանդեպ: Եթե հակիրճ՝ ապա ռեժիմի հիմնական տարրերն են.

1. Մաքսայինև սահմանային հսկողության կառավարման պարզեցված ընթացակարգերի ներդրում՝ ապահովելով համապատասխանությունը Լիտվայի օրենսդրությանը, ինչպես նաև ԵՄ նորմերին։ Վերջին հանգամանքը պայմանավորված էր ԵՄ-ին երկրի առաջիկա անդամակցությամբ, որը տեղի ունեցավ 2004թ.։

2. Հատուկ տարանցիկ փաստաթղթերի կիրառում, ինչը նախատեսում է Կալինինգրադի և մայրցամաքային Ռուսաստանի միջև ճանապարհորդող Ռուսաստանի քաղաքացիների և տեղափոխվող բեռների համար հեշտացված տրանզիտային փաստաթղթերի (Facilitated Transit Documents) և հեշտացված երկաթուղային տրանզիտային փաստաթղթերի (Facilitated Rail Transit Documents) տրամադրում։

Հատկանշական է, որ գործող կարգը չխանգարեց Լիտվայի Հանրապետությանը 2022 թվականի ամռանը՝ Ուկրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ամիս անց, լրջորեն սահմանափակել միջանցքի շահագործումը և դրանով իսկ վերահաստատել իր ինքնիշխանությունը տարանցիկ երթուղու հանդեպ։