Հանրային տրանսպորտի թանկացման խնդրահարույց հարցի վերաբերյալ «Նոր պրոյեկտ.տնտեսական ալիք» նախաձեռնությունը դեռևս նախորդ շաբաթ հանդես էր եկել հստակ հայտարարությամբ՝ առաջարկելով լայնածավալ քննարկել սպասվող «բարեփոխումները» թանկացումների ամբողջական տիրույթում:

Երեկ արդեն պարզ դարձավ, որ քաղաքային իշխանությունները հերթական որոշումն են կայացրել, այս անգամ մեկ ուղևորության համար սահմանելով 150 դրամ, ըստ էության կտրուկ իջեցնելով առաջարկվող բարձր գները տրանսպորտի ոլորտում:

Հարկ ենք համարում խորամուխ լինել այս հարցի նրբերանգների մեջ. արդյո՞ք սա տնտեսական հաշվարկի խնդիր էր, այսինքն ոչ ճշգրիտ, ոչ փաստարկված էին հիմնավորումները, թե՞ հասարակական, հանրային ազդեցության գինը հաշվի առնվեց և դրա արդյունքում միայն հետքայլ կատարվեց: Այսինքն, լոկալ տրանսպորտի գինը համադրվեց այն բողոքի գնի հետ, որը կարող էր նաև տրանսպորտի գնագոյացումից վերածվել ավելի լայն բողոքի ալիքի: Իշխանությունները գնացին հենց վերը նշվածը կանխարգելելու ճանապարհով: Թեպետ մեր կարծիքով գործընթացները դեռ չեն կանգնել, և գնի իջեցումը շատ ավելի նոր հարցեր է առաջ քաշում, քան լուծում եղածները:

Այս առումով, շարունակում ենք պնդել բոլոր թանկացումները պետք է դիտարկել համակողմանիորեն, տրանսպորտի գնին պետք է հետևեն նաև այլ ոլորտներում առաջացած խնդիրների իրատեսական քննարկումները:Մասնավորապես՝ մարդկանց համընդանուր հայտարարագրման ինստիտուտի նպատակահարմարությունն այս փուլում, աղբահանության վճարները, շրջանառության հարկի խնդիրը, որտեղ արդեն կան միտումներ՝ այս ամբողջ բեռի բացասական սպասումների արդյունքում բիզնեսը կարող է որոշակի տրասնֆորմացիաների ենթարկվել:

Այսպիսով, ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել՝ վերը թվարկված ամբողջ ծախսերի գնահատման հանրային ազդեցությունը պետք է գնահատվի շղթայական:

Ամփոփելով կարող ենք արձանագրել բնակչության և բիզնեսի համար խիստ ծախսատար բարեփոխումները ակնհայտ է, որ առաջացնում են սոցիալական դժգոհության ալիք և լարվածություն, որը կարող է ունենալ երկու դրդապատճառ.

• պետական բյուջեի սպասվող մուտքերը անբավարար են, ուստի և պետական ծախսերի իրականացումը ռիսկի տակ է,

• և երկրորդ, արդյո՞ք միտումնավոր չէր կանխատեսվել սպասվող բողոքի ալիքը:Այս դեպքում տրամաբանական հարց է առաջանում, իսկ ի՞նչ նպատակով:

📍 «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն