Իշխանամերձ փորձագետի խոստովանությունը. Տավուշի հատվածում ՀՀ-ի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով ավելի էական են, քան Ադրբեջանինը

Sputnik Արմենիայում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ «ադրբեջանցի սահմանապահները հետ են քաշվել Տավուշի մարզի Բերքաբերի դիրքերից մեկից, ինչպես պայմանավորվել են կողմերը՝ այն զբաղեցրել են ՀՀ ԱԱԾ սահմանապահները»:Միևնույն ժամանակ, ՀՀ ԱԱԾ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ չի մեկնաբանել տեղեկությունը։

Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը հաստատել էր տեղեկությունը, թե Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել:«Որքան հիշում եմ, հուլիսին էր, ամսվա մեջտեղերը։ Այժմ հայ սահմանապահներն են այդ հատվածում»,- շեշտել էր նա::Եթե այս պնդումը համապատասխանում է իրականությանը, ինչո՞ւ ՀՀ իշխանություններն ավելի վաղ այդ մասին արտահոսք չեն արել և օգտագործել քարոզչական նպատակներով: Հնարավոր է՝ ադրբեջանական կողմը մի քանի մետր հետ է քաշվել իր զբաղեցրած դիրքից, բայց սեզոնային և դիրքերի բարելավման տրամաբանության մեջ՝ ավելի շատ: Իսկ Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի հենց սկզբից, չնայած մեր գրավոր հարցումներին ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդպես էլ չհաջողվեց պարզել՝ քանի՞ մարտական դիրք ենք հանձնել Ադրբեջանին կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին, արդյո՞ք տեղի է ունեցել հայելային հետքաշում:

Մյուս կողմից, «Ազատությանը» տված հարցազրույցում իշխանամերձ քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը, ըստ էության, ակնարկել է՝ ոչ մի հայելային հետքաշում էլ տեղի չի ունեցել, այսինքն՝ հայկական կողմը շատ ավելի մեծ դիրքային զիջումներ է արել: Մյուս կողմից, նա հայտարարել է, որ 4 գյուղերը հայկական չէին, այսինքն՝ Հայաստանը 4 գյուղ չի զիջել Ադրբեջանին:

«ՀՀ զինված ուժերը դուրս են եկել 4 գյուղատեղիներից, դրանք բնակավայրեր չէին, նույնիսկ 4 էլ չէ, որովհետև այդ բնակատեղիներից, ավերակներից մեկն ընդհանրապես ՀՀ վերահսկողության ներքո չէ, երկուսը՝ մասնակի, մեկն ամբողջությամբ էր ՀՀ վերահսկողության ներքո: Այսինքն, ՀՀ-ն 4 գյուղ Ադրբեջանին չի զիջել: ՀՀ զինված ուժերը դուրս են եկել իրենց վերահսկողության տակ գտնվող որոշ դիրքերից, որոնք ապահովում էին մասնակի վերահսկողություն 2 ադրբեջանական բնակավայրի վրա և մեկ ամբողջական վերահսկողություն նախկինում բնակեցված ադրբեջանական բնակավայրի վրա:

Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը շարունակվում և շարունակվելու է, առաջիկա ամիսներին, կարծում եմ, կտեսնենք դելիմիտացիա-դեմարկացիայի երկրորդ էպիզոդը այլ հատվածում: Իսկ այն կետում, որի մասին խոսում ենք՝ Տավուշի հատվածում, միայն ՀՀ զինված ուժերը չեն, որ լքել են դիրքեր, նույնը արել են նաև Ադրբեջանի զինված ուժերը: Այո, կան կոնկրետ տեղանքով և թվով ադրբեջանական դիրքեր, որոնք Ադրբեջանի զինված ուժերը լքել են այս պայմանավորվածությունների արդյունքում:

Իհարկե, կոնկրետ այս հատվածում Հայաստանի զիջած դիրքերը թե՛ քանակությամբ, թե՛ որակով, կհամարձակվեմ ենթադրել, ավելի էական են, քան Ադրբեջանինը: Մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ է անընդհատ Հայաստանը զիջում: Իսկապես չե՞ք հասկանում, որովհետև Հայաստանը պարտվել է պատերազմում, Հայաստանին է առաջին հերթին պետք խաղաղության պայմանագիրը, դելիմիտացիան և դեմարկացիան, ինչպես նաև կոմունիկացիաների բացազատումը (բացումը.- Մ.Պ.): Ես բացարձակ չեմ տեսնում ՝ Ադրբեջանին ինչի է հիմա դա պետք, հակառակը՝ դա Ադրբեջանի համար մի ապրանք է, որը կարող է բավականին երկար և արդյունավետ վաճառել»,- մանրամասնել է Արեգ Քոչինյանը:

Թե որտեղ և քանի դիրք է ադրբեջանական կողմը լքել, ևս մեկ անգամ կփորձենք պարզել ՀՀ պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից:

Սակայն մի բան հստակ է՝ իշխանամերձ փորձագետը հաստատել է այն պնդումները, որ Տավուշում հայկական կողմը գնացել է զիջումների, և ավելի է զիջել, քան Ադրբեջանը, և, որ այդ դիրքերը որակական առումով էական նշանակություն են ունեցել անվտանգային առումով: Այսինքն, եթե նույնիսկ ընդունենք, որ Ադրբեջանը ևս ինչ-ինչ դիրքերից հետ է քաշվել, դրանք այնքան էական նշանակություն չեն ունեցել, որքան Հայաստանի զիջած դիրքերը: