«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԻՆՉՈՒ Է ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՓՈՂՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող օգնությունը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով։
ԱՄՆ կառավարության այս որոշումը հաջորդել էր ԱՄՆ կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում լսումներին, որի ընթացքում կոնգրեսականները հերթական անգամ շատ ուղիղ ու բաց տեքստով Հայաստանի ինքնիշխանությանն աջակցելը կապեցին երկրից ռուսական գործոնի դուրսբերման հետ։ Հանձնաժողովի համանախագահ Բեն Քարդին, օրինակ, ուղիղ հայտարարեց այն մասին, որ Միացյալ Նահանգները պետք է «ներգրավվի, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանվել, ինքնուրույն որոշումներ կայացնել», եւ, ըստ կոնգրեսականի, «դա նշանակում է հեռացնել ռուսներին Հայաստանից, կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչը չափազանց կարեւոր է առեւտրային նոր հնարավորություններ բացելու համար»։ 

Այս ձեւակերպումով հերթական անգամ ակներեւ են դառնում տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությունն ու Հայաստանին օգնելու մոտիվացիան, այնպես, ինչպես Ուկրաինայի դեպքում է, որին ուղղվող ամերիկյան ֆինանսները, իհարկե, անհամեմատ ու անգամներով ավելին են։ Դեռ ապրիլին Բայդենը ստորագրեց Ուկրաինային շուրջ 60 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին օրինագիծը, իսկ երեկ Կիեւ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարեց Ուկրաինային տրամադրվելիք ավելի քան 700 միլիոն դոլարի լրացուցիչ մարդասիրական օգնության մասին, որից 325 մլն դոլարը կհատկացվի էներգահամակարգի վերականգնմանը, 290 մլն դոլարը՝ մարդասիրական աջակցությանը եւ 102 մլն դոլարը՝ ականազերծմանը։

Բաց աղբյուրներում առկա տվյալներով՝ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում ԱՄՆ-ն արդեն 300 միլիարդ դոլար է ներդրել։ Այս թիվը, մասնավորապես, հնչեցրել էր  Ալաբամայից հանրապետական սենատոր Թոմի Թուբերվիլը։ Նրա հրապարակած տվյալներով՝ ԱՄՆ-ն Ուկրաինայում յուրաքանչյուր օր ծախսում է ավելի քան 80 հազար դոլար։ Իսկ Kiel Institute հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Արեւմուտքն ուկրաինական պատերազմի երկու տարիների ընթացքում Ուկրաինային խոստացել է շուրջ 250 միլիարդ եվրո եւ արդեն հատկացրել է այդ գումարի գրեթե երեք քառորդը։

Քաղաքագետ Արման Աբովյանը «Հրապարակ»-ին ասում է՝ հայաստանյան եւ ուկրաինական «քեյսերի» միջեւ համեմատությունը կոռեկտ չէ, որովհետեւ Ուկրաինայում պատերազմ է, եւ գործ ունենք ռուսների ու ուկրաինացիների ձեռքերով Արեւմուտք-Արեւելք ակնհայտ բախման հետ, ուստի Կիեւին հատկացված գումարների ծավալներն ու նպատակահարմարությունը տարբեր են։ Հայաստանը, ըստ քաղաքագետի, գտնվում է նախաուկրաինական փուլում․ բարեբախտաբար, տաք բախման իրավիճակը չի հասել, թեեւ Արեւմուտքը, ըստ մեր զրուցակցի, անում է ամեն բան, որ այդ «տաք ֆազան» էլ լինի։ 

Աբովյանը Հայաստանին ամերիկյան աջակցության կրկնապատկումը պայմանավորում  է Հայաստանի տեղեկատվական դաշտում իրանական եւ ռուսական գործոնների ակտիվացմամբ։

«Գրանտակերների աչքները լույս։ Այդ աջակցությունը տրամադրում է ԱՄՆ ՄԶԳ-ն՝ գրանտային ծրագրերի հիմնական կատարածուն։ Այդ գումարներն ուղղվելու են բացառապես հակառուսական, հակաիրանական եւ հակաչինական վեկտորի գեներացման համար, այսինքն՝ երկրում որեւէ առարկայական բան չի փոխվելու։ Գրանտ ստացողները պարզապես երկու անգամ ավել են ստանալու»,- կարծիք է հայտնում Աբովյանը։

«Իրանը հայկական տեղեկատվական դաշտում բավականին բարձր մակարդակով է ներկայացված՝ դեսպանի մակարդակով։ Իրանը փորձում է երկխոսել հայ հասարակության հետ, եւ, իհարկե, ռուսական կողմը, որն իր տեղեկատվական, չեմ ցանկանա ասել՝ քարոզչական, ավելի շուտ՝ վերհիշողական գործունեությունն է ավելացրել, մասնավորապես Ռուսական տան եւ Եվրասիա հիմնադրամի միջոցով, որոնք առավելապես հումանիտար ծրագրեր են իրականացնում եւ բավականին ակտիվ գործունեություն են ծավալում։ Հայկական տեղեկատվական դաշտում շատ երկար տարիներ ունենալով մենաշնորհ՝ ամերիկյան կողմը հիմա բավականին լուրջ հակազդեցության է հանդիպում այն կենտրոնների կողմից, որոնց իրենք համարում են թշնամական։ Դրան էլ ավելացրել են փողը»,- բացատրում է մեր զրուցակիցը։
Քաղաքագետը հեքիաթ է համարում, օրինակ, Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ուղղված նպատակների հռչակումը։ «Չգիտես ինչու, ոնց պտտում ես, այդ արեւմտյան այլընտրանքը գալիս կանգնում է թուրքական սպանդանոցի դռան առջեւ, եւ սա ուռճացում չէ»,-համոզմունք է հայտնում Արման Աբովյանը։