Լավ, էլ ինչպե՞ս ասելիքը տեղ հասցնի Իրանը

Իրար հերթ չտալով՝ Իրանի ամենատարբեր պաշտոնյաներ խոսում են այն մասին, որ «Իրանը դեմ է կովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին»՝ առաջին հերթին նկատի ունենալով Հայաստանի հետ սահմանը և հատկապես «Զանգեզուրի միջանցքը»։ Ավելին, Պուտինի Բաքու այցից հետո, երբ կրկին թեման բերվեց հայա-ռուս-ադրբեջանական հարաբերությունների առաջին պլան, Իրանը իր ԱԳՆ է կանչել  Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին՝ «Վերջին շրջանում Մոսկվայի կողմից «միջանցքի» նախագծին ցուցաբերվող աջակցության» համար։ Իսկ րանցի պատգամավոր Ֆադահոսեյն Մալեքին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ռուսաստանի ձգտումը «թիկունքից հարված» է անվանել։ Այս ամենը , այնուհանդերձ, չի խանգարում, որ առաջիկա ԲՐԻԿՍ-ի համաժողովի ժամանակ Իրանի և ՌԴ-ի միջև համապարփակ պայմանագիր ստորագրվի։ Ու ստացվում է, որ Իրանը ՌԴ-ի հետ ամենատարբեր գործիքներով ու ֆորմատներով ՄԵՐ ՓՈԽԱՐԵՆ փորձում է կայուն պահել իրավիճակը Հայաստանում։

Մեզ էլ է հանդարտեցնում՝ օրինակ ջրհեղեղից քանդված ու օրերս վերջապես բացված Սանահինի կամուրջը Հայաստանին նվիրաբերելով։

Բայց այս ժեստերը Հայաստանի իշխանությունը կամ չի տեսնում, կամ չի հասկանում, կամ էլ չտեսնելու է տալիս՝ ֆեստիվալների արանքում։ Բայց ակնհայտ է, որ համբերատար «առյուծը» գուցե նաև «պոչով հարվածի»՝ մեզ խելքի բերելու համար՝ հատկապես այն ֆոնին, երբ մերոնք հայտարարում են, թե հերիք չի «միջանցքը» կարող է բացվել, մի հատ էլ այն կարող է նաև մասնավոր պահնորդական ընկերության վերահսկողությանը հանձնվել։ Իրանից էլի են զգուշացնում. Որևէ երրորդ պետության ներկայությունն իրենց համար անընդունելի է։ Մնում է Հայաստանում հասկանան, որ հեչ լավ չէ Իրանի հետ «կատակներ» անել կամ «գիժ ձևանալ»։ Պատմականորեն է ապացուցվել, դա Հայաստանի համար թանկ է արժենում։