Ադրբեջանի ախորժակը ե՞րբ կբավարարվի

Հայաստանի իշխանությունները, թեև վստահ պնդում են, թե հիմա «գնդակը Ադրբեջանի դաշտում է», քանի որ վերջին փոփոխություններն են ուղարկել, այնուհանդերձ, Ադրբեջանի ախորժակը չի սահմանափակվում։ Միայն այն, որ ՀՀ ՊՆ-ն պարբերաբար ստիպված է հերքել ադրբեջանական ապատեղեկատվությունը, կասկածի տեղիք չի թողնում. Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների կամ նվազագույնը ուժի սպառնալիք է բանեցնում՝ Հայաստանի իշխանություններից իր ուզածը ստանալու համար։ Բայց հարցն էլ հենց այդ է։ Իսկ ի՞նչն է Ադրբեջանի ուզածը։ Սա այս փուլում իմանալ ուղղակի հնարավոր չէ, քանի որ մեզ հաղորդում են միայն հավանական համաձայնագրի կետերի քանակը, որոնցից միայն 5-ը վերջնական համաձայնեցված չեն։ Բայց մեր իշխանությունների անգրագիտությունը նաև այստեղ է փայլում։ Նրանք չգիտեն դիվանագիտության կարևորագույն կետը՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչն էլ համաձայնեցված չէ։

Բայց Ադրբեջանին հաճոյանալու համար Հայաստանի իշխանությունները ամեն ինչն են պատրաստ գնալ։ Արդեն իսկ Կառավարությունը վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որի մասին ՀՀ արդարադատության նախարարն ասել է, թե «Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը համապատասխանում է ԵԱՀԿ ուղեցույցին»։ Փաշինյանի իշխանությունն անտեսում է օրինակ Կիրանցի բնակիչների բողոքները, որոնք պնդում են, որ ոչ պատը, ոչ էլ փշալարը անվտանգության միջոց չեն։ Ու նրանց լռեցնում են՝ ուժայիններին գործի դնելով։ Իսկ Ալիևը լուսանկար է հրապարակում Դադիվանքից։ Բայց հուսալ, որ նրա ամեն քմահաճույք բավարարելուն պատրաստ Փաշինյանը կնահանջի իր իդեա-ֆիքսից, իհարկե հույս անգամ չկա։