Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ստում էր. Հրանտ Բագրատյան

«Բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»։

168.am-ը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա նշանակում է հրաժարվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որում կողմերն արձանագրել էին՝ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

Հրանտ Բագրատյանն ի պատասխան՝ հետևյալ արձանագրումներն արեց. «Նախ, ինքը ասում է, թե նման բան չի եղել. եղել է, և դու էլ ստորագրել ես, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով դու Ադրբեջանին առաջարկել ես անխոչընդոտ ճանապարհ, որը մեկնաբանվում է իբրև միջանցք՝ ի փոխհատուցումն Լաչինի միջանցքի, և այդ ճանապարհը պետք է հսկեն ռուսական անվտանգության ծառայության ուժերը։

Երկրորդը՝ երբ ՀՀ ԱԺ-ում հայտարարեցին, թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խնդրահարույց է, ինքն ասաց՝ մենք չենք կարող հրաժարվել այդ փաստաթղթից։

Եվ ուրեմն, մենք այստեղ 100 տոկոս վստահությամբ կարող ենք ասել, որ նա ՄԱԿ-ի ամբիոնից պարզապես ստում էր»։

Հստակեցմանը, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, նախկին վարչապետն արձագանքեց՝ դիտարկմամբ, որ ՌԴ-ն արդեն սովորել է՝ հերթական անգամ Փաշինյանն իրեն պետք է «գցի», ու Փաշինյանը գցում է։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ՝ «եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար» հայտարարության առնչությամբ էլ քաղաքական գործիչը շեշտեց․ «Պարզապես շանտաժ է․ նա ուզուրպացրել է իշխանությունը և հակասահմանադրական հայտարարություններ է անում»։

Մանրամասները՝ տեսանյութում