«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։Ինչպես և սպասվում էր, տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։ Հաշվի առնելով այն, որ այդ գործոններից մեկը՝ ոսկերչական արտադրատեսակների վերաարտահանումը սկսվել էր նախորդ տարվա վերջում, ինչի արդյունքում ձևավորվել էր բարձր բազա, տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, հատկապես արդյունաբերության և առևտրի ոլորտներում, մինչև տարեվերջ ավելի կխորանա: Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) կազմել է 5.6%` հուլիսի նկատմամբ դանդաղելով 0.6 տոկոսային կետով։ Հունվար-օգոստոս ամիսների ՏԱՑ-ը նույնպես դանդաղել է՝ կազմելով 9.0%` հունվար-հուլիսի համեմատ դանդաղելով 0.6 տոկոսային կետով:
Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության տեղիք են տալիս: Առանց ոսկերչական գործունեության («թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի) ընդհանուր արտահանման անկումը հունվար-հուլիսին կազմել է 12.1%։ Սա բավական մտահոգիչ է, քանի որ, բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական նպաստումներ են ունենում ընդհանուր արտահանման աճին՝ արտացոլելով ՀՀ տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության անկումը։
Վարկերի աճի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ: 2024թ. օգոստոսին հիպոթեքային և սպառողական վարկերի աճի տեմպերը արագացել են՝ առանց այդ էլ բարձր մակարդակներից։ Այդ տեսակի վարկերը ուղղվում են տնային տնտեսություններին, որոնց եկամուտները համապատասխան չափով չեն աճում, ինչը միջնաժամկետում կարող է ֆինանսական համակարգում էական խնդիրների հանգեցնել։ Միևնույն ժամանակ, արդյունաբերությանը տրվող վարկերի ծավալների աճը, թեև օգոստոսին մտել է դրական տիրույթ` հանքարդյունաբերության ոլորտում տրված վարկերի հաշվին, բավական ցածր մակարդակում է, իսկ մշակող արդյունաբերության ոլորտի վարկերը շարունակում են նվազել։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով.
«ԼՈՒՅՍ» հիմնադրամ