Երկու օր հետո 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է: 2020 թվականի պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցության մասին 168.am-ը բազմիցս մանրամասն անդրադարձել է, ապացույցներ ներկայացրել։
Ավելին, այս մասին հստակ փաստերի հիման վրա նաև գրել էինք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ռազմական ղեկավարությունը, մասնավորապես, Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ 2020 թվականի պատերազմին Թուրքիայի մասնակցությունը եղել է անմիջական, ոչ պրոքսի:
«Երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- նշել էր Տոնոյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:
«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա և ուշադրություն հրավիրել, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:
168.am-ը գրել էր, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դեռ հուլիսյան մարտերից առաջ էր զգուշացրել, որ Հայաստանը ստիպված է կռվելու Թուրքիայի հետ, ինչը և տեղի ունեցավ, որից հետո ռազմական շրջանակները սկսեցին ասել, որ, եթե Թուրքիան չլիներ, Ադրբեջանին հնարավոր էր հաղթել: Այսինքն, մասնավորապես, Թուրքիայի անմիջական մասնակցության պատճառով հայկական ուժերին բավական ծանր է եղել մարտ վարելն ու կռվելը:
44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Թուրքիայի անմիջական մասնակցության մասին էր խոսում նաև Նիկոլ Փաշինյանը՝ դրանում տեսնելով նաև ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը:
Ըստ էության, վերջին անգամ նա այս թեմային անդրադարձել էր օգոստոսի 31-ին հրավիրած ասուլիսի ժամանակ՝ նշելով 44-օրյայի ժամանակ թուրք զինվորների կռվելու փաստը, որ պատերազմի ժամանակ բազմաթիվ տեղերում հայ զինվորականները, հայկական հետախուզությունը տեսել է թուրքական դրոշներ, թուրքական զինծառայողներ, Թուրքիայի հատուկ ջոկատային, բարձրաստիճան սպաներ, պատերազմի ողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը եղել են օդում, սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից: Բայց նույն ասուլիսի ժամանակ հորդորել էր չշեշտադրել կամ մոռացության տալ թուրքական այս գործողությունները, քանի որ Հայաստանը փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
Եվ ահա, 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմի 4-րդ տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, Նիկոլ Փաշինյանը գնացել էր Էրդողանի մոտ, ընդ որում՝ հանդիպմանը ներկա են եղել Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության նախկին և ներկա ղեկավարները՝ Հաքան Ֆիդանը և Իբրահիմ Քալընը:
Հավելենք, որ 4 տարի առաջ այս օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 25-ին, ռադիոկլանման միջոցով հենց թուրքական F-16-ի օդաչուների խոսակցությունից էին ՀՀ իշխանությունները հասկացել, որ պատերազմ է սկսվելու, և դրա հիման վրա էին ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվել առաջին աստիճանի պատրաստականության:
Նշենք, որ 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում:
Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել էին օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։
Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:
Իսկ 2020-ի հուլիսին razm.info-ն գրել էր, որ Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում:
«Բայրաքթարների՝ մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը»,- հայտնել էր մասնագիտացված կայքը:
Բայց այս ամենը Նիկոլ Փաշինյանը որոշել է մոռացության տալ, այն դեպքում, երբ «Զանգեզուրի միջանցքը» թուրքական ծրագիր է, որի համար Հայաստանը դեռ գին պետք է վճարի: Ավելին, Պակիստանը 44-օրյա պատերազմին ներգրավվել էր առաջին հերթին՝ հանուն Թուրքիայի հետ ամուր հարաբերությունների, իսկ 44-օրյայում դրվեց Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ այս օրերին Բաքվում անցկացվում է ադրբեջանական «ԱԴԵՔՍ» պաշտպանական 5-րդ հոբելյանական ցուցահանդեսը, որի շրջանակում Թուրքիան ու Ադրբեջանը ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր են ստորագրել:
Մասնավորապես, ըստ ադրբեջանական աղբյուրների, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նոր համաձայնագիր է կնքել «Բայրաքթար» արտադրող թուրքական ընկերության հետ:
Բացի այս, հայտնի դարձել, որ ավարտվել է Սու-25 ռուսական գրոհիչների արդիականացման ծրագրի առաջին փուլը:
168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի զինանոցում առկա խորհրդային Սու-25 գրոհիչների արդիականացումն իրականացվում է թուրքական TUSAŞ-ի մասնակցությամբ, ինչը շարունակվելու է: Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր, որի ճակատագիրը Պաշտպանության նախարարությունը գաղտնի է պահում:
Իսկ Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում թուրքական 5-րդ սերնդի TAI Kaan կործանիչների մատակարարման շուրջ և ոչ միայն:
Իսկ մինչ այդ Ադրբեջանն արդեն ստացել է JF-17C Block-III կործանիչները: