Էրդողանը բոլոր հանդիպումներին չէ, որ իրեն կարող է ստիպել ժպտալ, հակառակ կողմը ժպտում է՝ անկախ նրանից՝ հերթապա՞հ, թե՞ ինքնաբուխ ժպիտ է. Նուբար Չալըմյան

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Նյու Յորքում գտնվող «Թուրքիայի տանը» դռնփակ բանակցություններ է վարել Նիկոլ Փաշինյանի հետ, որը տեղի է ունեցել ՄԱԿ ԳԱ-ի համաժողովի շրջանակում։

Հրապարակումների համաձայն, հանդիպման ընթացքում Էրդողանն ընդգծել է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված «զգալի առաջընթացը» և հայտնել երկխոսությունը շարունակելու հանձնառությունը։

Նա նաև վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ է աջակցել այս գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում կարճ տեսանյութ է հրապարակել։

Թելեգրամյան ալիքներում տարածվող մեկ այլ լուսանկարից պարզ է դառնում, որ հանդիպման ընթացքում Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Գիրքը Նիկոլ Փաշինյանը պահել է կրծքին մոտ և լայն ժպտում է։

Երեկվանից ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր, փորձագետներ քննադատում են Նիկոլ Փաշինյանի պահվածքը Էրդողանի հետ, պատճառն Էրդողանի վարած քաղաքականությունն է, մասնավորապես՝ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանի խոսքով՝ ժպտալը, բարեհամբույր վերաբերմունքը դիվանագիտական նորմ է՝ որքան էլ երկրները միմյանց հետ թշնամանք ունենան, երկրների ղեկավարները պաշտոնական հանդիպումների ժամանակ ձգտում են բարեհամբույր երևալ։ Այստեղ այլ հարց է, որ Էրդողանը չի ժպտում։

«Հակառակ կողմը ժպտում է՝ անկախ նրանից՝ դա հերթապա՞հ, թե՞ ինքնաբուխ ժպիտ է։

Էրդողանն իր կառավարման ամբողջ տարիներին շատ քիչ հանդիպումների ու մարդկանց հետ է ժպտացել։ Այդ մարդն ըստ երևույթին բոլոր հանդիպումներին չէ, որ իրեն կարող է ստիպել ժպտալ, առանձին դեպքեր ու հանդիպումներ եղել են, որ նա ժպտացել է։ Այս մարդու մոտ դիվանագիտական արտահայտչականությունը որոշ դեպքերում բացակայում է»,- 168.amի հետ զրույցում նշեց Նուբար Չալըմյանը։

Ինչ վերաբերում է Էրդողանի հեղինակած գրքին, որը նվիրել է Փաշինյանին, Նուբար Չալըմյանը նկատեց՝ այս պահին չի կարող ասել՝ այդ գիրքն ինչ լեզվով է գրված։ Եթե գիրքը տպագրված է Թուրքիայում ու ուղղված է լայն շրջանակներին, ուրեմն՝ թուրքերենով է, հնարավոր է նաև՝ այն թարգմանված լինի անգլերեն։

«Ինքս չեմ բացառում, որ գրքի լույս ընծայմանն ու հեղինակելուն այլ մարդիկ են հանդես եկել, քանի որ շատ երկրների ղեկավարներ հրատարակում են գիրք, հանդես գալիս՝ որպես հեղինակ, սակայն գրքում խորհրդականներն ունենում են իրենց շարադրանքը։

Ինքս համարում եմ, որ Էրդողանը դիվանագիտական ժեստ է արել՝ Նիկոլ Փաշինյանին գիրք նվիրելով։ Կարծում եմ՝ սա նաև ժեստ էր այն բանի, որ ուզում է հավաստիացնել, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ։

Այս ամենը հնարավոր է Ադրբեջանի նախագահի մոտ խանդ առաջացնի, քանի որ նրա չգնալը Նյու Յորք կարող է սրա ապացույցը լինել, քանի որ նախապես ծանոթանալով օրակարգին, խուսափել է այնտեղ գնալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտությունից հետո, հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ իշխանությունն ի՞նչ դիրքերից է հանդես գալիս այս պահին, Նուբար Չալըմյանը պատասխանեց՝ Արցախում տեղի ունեցածը ոչ թե հայ ժողովրդի համար պարտություն էր, այլ անհաջողություն։

«Մեր ժողովրդին հարիր չէ պարտություն բառը, սա համարենք անհաջողություն, չեմ ուզում՝ մեր ժողովուրդը պարտությամբ կոմպլեքսավորվի։ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հանդիպումները, շփումներն այս պահին կարևոր են նրանով, որպեսզի ստվերվի Ադրբեջանի գործոնը։

Վերջին շրջանում նկատել եմ, որ Թուրքիան սկսել է շրջանցել Ադրբեջանին, սա ինքս դրական եմ համարում, գոնե այս պահին»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։