ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՐԵՒՄՏՅԱՆ ԱԶԱՐԲԱՅՋԱՆ

Ոչ վաղ անցյալում, երբ պետությունն իր ողջ ծանրությամբ ընկավ «Հայոց եկեղեցու պատմություն» դասընթացի վրա, մի նյութ հրապարակեցի` «Հայոց եկեղեցու՞ պատմություն», թե՞ հանուն նոր «պատմության» խորագրով: Ապարդյուն. այսօր ունենք առանց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի գործող ուսպլան: Մեծ ակնկալիք չունեմ նաև ՀՀ կառավարության՝ «Հայոց պտմությունը» «Հայաստանի պատմություն» վերանվանելու որոշմանն ընդդիմացող սույն հրապարակումից, միաժամանակ կարծում եմ, որ կրթությամբ, այս պարագայում (թող բարձրագոչ չհնչի) նաև ազգի ու պետության ճակատագրով մտահոգ մարդիկ պետք է որ իմանան, թե ի´նչ նպատակ է հետապնդում իշխանությունը սույն որոշմամբ և օրենքի փոփոխությամբ:

Կառավարության որոշմանը կից հիմնավորումը ոչինչ չի ասում պետության հետապնդած խնդիրների մասին: Նույն բառերով, նույն մոտեցումներով, նույնպիսի ոգևորությամբ կարելի էր հիմնավորել նաև «Հայոց պատմության» ուսուցման անհրաժեշտությունը: Եվ քանի որ կառավարության մոտ արդեն սովորույթ է ձևավորվել նմանատիպ խնդիրներն իրականացնել ձևական հանրայնացմամբնախապես ունենալով կանխակալ որոշում հարցի վերաբերյալ (ուսուցիչների ատեստավորում, դպրոցների կառավարման համակարգի փոփոխություն, դասագրքերի մրցույթներ, 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հովանավորչություն, … որ մեկն ասես), ասվում է կամ չի ասվում, մեկ է իրենք իրենց էշն են քշում` մասնագետներին ու հանրությանը էշի տեղ դրած:

Կառավարության սույն որոշմանը կցված է ամփոփաթերթ, որում ներառված բոլոր կարծիքները թեև դեմ են կատարվելիք փոփոխությանը, բայց որոշումն ընդունվել է, ավելինկցված է նաև կայքի քննարկման թվային տվյալ, ըստ որի շուրջ 380-ով որոշման ընդունմանը դեմ եղողները գերազանցում են «կողմ» քվեարկածներին, այսինքն մեծամասնությունը դեմ է, մեկ էորոշումն ընդունվել է: Արդյունքում իշխանությունն ընդդիմացողներին ժողովուրդ անվանելով ձևականորեն թեև հանդուրժում է, սակայն վերջնական վերաբերմունքն արհամարհական է թե´ մասնագիտական և թե´ հանրայի կարծիքի նկատմամբ: Սա իրոք այսպես է, և, ցավոք, սրան նպաստում են որոշմանը համաձայնող, դրան կողմ քվեարկող վերնախավը, անտարբեր մտավորականն ու քաղքենին, իրենցից հայրենիքն արտամղող, սոսկ իրենց օրախնդրով մտահոգ յուրաքանչյուրը: Բնավ նպատակ չունենալով որևէ մեկին վիրավորելու, ստիպված եմ շրջանառել մեր լավագույն հոգեբաններից Ալբերտ Նալչաջյանի՝ հանրության կոնկրետ շերտ, խումբ ներկայացնող «կամավոր էշի բարդույթ» բնութագրումը: Սրանով նա առանձնացնում է այն անձանց, ովքեր իրենց հարմարավետության, գլուխը ցավի տակ չդնելու, խնդիրներ չունենալու համար պատրաստ են ցանկացած զիջումների, լռության, համաձայնության, ժողովրդի բառուբանով ասած` իրենց էշի տեղ են դնում, խնդիրը չեն համարում իրենցը, ծառայամտությամբ, կամա, թե ակամա առուվաճառքին մասնակցելու իրենց գործելակերպով նպաստում են հակաազգային ու հակապետական որոշումների կայացմանն ու իրականացմանը:

Ի՞նչ խնդիր է դրել իր առջև կառավարությունը` այսքան հիմնավոր դեմ գնալով թե´ մասնագիտական հանրությանը և թե´ հայ հասարակությանն առհասարակ, խնդիրը քաղաքակա՞ն է, թե՞ կրթական:

Նախանվանումները. «Հայոց պատմությունը» ընկալվում է որպես հայ ժողովրդի, հայերի պատմություն առանց ժամանակային ու տարածքային սահմանափակման, «Հայաստանի պատմությունը» անմիջապես ասոցացվում է որևէ տարածքի (՞), որևէ ժամանակահատվածի (՞) հետ: Սա պատմության ուսուցման շրջանակների սահմանափակում է արդեն իսկ: Սակայն գլխավոր նպատակը սա չէ:

Փաստելով այսօրվա կառավարության հայ-թուրքական «հաշտեցման» դոկտրինայի առկայությունը, ինչպես նաև նկատի ունենալով կրթության ոլորտի բազմաթիվ ձախողումները, հակված ենք պնդելու, որ խնդիրը ոչ միայն կրթության հետ կապ չունի, այլև ավելին` հակակրթական է, և փոխանակ պետական արդյունավետ քաղաքականությունը լուծի կրթական խնդիրները, կրթության մի կարևորագույն ոլորտ դրվում է անհեռատես քաղաքականության զոհասեղանին:

Կատարենք կոշտ, սակայն առանցքային ներբեռնում: Եթե խնդիրն իրոք «հաշտեցման» կեղծ օրակարգի սնուցմանն է միտված, ապա չպիտի բացառել, որ առաջիկայում պատմության դասագրքերում կտեսնենք նմանատիպ շարադրանքներ, որ պետությունների պատմությունների տիրույթում որևէ ուղիղ բախում Թուրքիայի և Հայոց պետականությունների մեջ չի եղել: (1918-1920-ի բախումները, այդ թվում նաև Սարդարապատը, պատմության նոր մեկնիչները կդիտարկեն որպես Առաջին համաշխարհային պատերազմի (սկիզբ1914 թ. հուլիսի 28, ավարտ 1918 թ. նոյեմբերի 11) դրվագներ և կբնութագրեն որպես ռուս-թուրքական պատերազմի իներցիա:) Մնացած պարագաներում թուրքերը մեզ «ազատագրել են» կամ բյուզանդացիներից, կամ պարսիկներից, կամ մամլուկներից, կամ էլ ռուսական ներխուժումներից (առաջին «ծիծեռնակներն» արդեն կան. «Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր հաստատված դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին բնութագրվում է որպես «բռնակցում»):

Տարիներ շարունակ որոշ «միամիտներ», այդ թվում նաև ես, պնդում էինք, թե Հարավային Կովկասի պատմության միասնական դասագիրք գրելը միֆ է,- ինչպե՞ս կարող են հայն ու թուրքը, հայն ու ադրբեջանցին համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր պատմական հայրենիքի հիմնական մասի կորստին, թուրքական ջարդերին ու եղեռնին, անկախություն հռչակած Արցախին: Պարզվում է` կան հնարամիտներ, ովքեր ելքը գտնում են: Սրանք ստամբուլներում ու անկարաներում վերապատրաստված մեր «հայրենակիցներն» են, նրանք, ովքեր խաղաղության նախակարապետների փիլոն հագած տարիներ շարունակ «կրթվում էին» դրսերում, կրթվում էին ոչ թե կրթական հաստատություններում, այլ հատուկ ընտրված անհատների մոտ: Սրանք մասնագիտական տերմինաբանությամբ կոչվում են էքսոկրթականներ, մասնագիտացվում են հատուկ նպատակով, հատուկ մարդկանց կողմից, անպայմանորեն իրենց երկրի տարածքից դուրս՝ ունենալով հավատարմության երդում իրենց «կրթածների» նկատմամբ: Հիմա այս օտարի կաթ կերածները կամաց-կամաց պատերի տակից դուրս են գալիս, մի ընտանիք արդեն 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ է, մյուսները վաղը «Հայոց պատմության», ներողություն՝ «Հայաստանի պատմության» հայեցակարգ ու ծրագիր կգրեն, կվերանայեն չափորոշիչները, կդառնան մյուս դասարանների դասագրքերի հեղինակներ: «Հաշտեցումը» քայլ-քայլ կկայանա, ոչինչ որ թուրքերը մեր հողի վրա, մեր տան մեջ մեզ կերել են, անարգել, ցեղասպանել, ճնշել ցանկացած ազգային-ազատագրական շարժում, փորձել են ոչնչացնել նոր ձևավորվող Առաջին Հանրապետությունը, տիրապետում են մեր պատմական հայրենիքի մեծ մասը, մեր մշակութային արժեքները,- սա պետության պատմություն չէ և հարկ չի լինի ներառելու պատմության դասընթացում, ներառելու դեպքում էլ միշտ թուրք-հայկական հարաբերությունները պղտորած մեղավորներ, խառնակչիներ կգտնվեն: Սա է հայ-թուրքական բարեկամությանը մեկնած ափի ողորմելի թանձրուկը:

Սա երկու հարևաններին ծառայելու համար:

Ի՞նչ է պատրաստվում ներսի, այսինքնմեզ համար որպես ազգ, որպես ազգային պետություն:

Եթե քննարկենք միայն այն խնդիրը, թե իշխանությունն իր այս քայլով որոշում է սոսկ նեղացնել հայոց պատմության սահմանները և գալիք սերնդին մատուցել իրենցայսօր արդեն իսկ որպես պարտվողական գնահատվող քաղաքականությանը համապատասխան նյութ, կհայտնվենք դատարկ բառավեճի ճիրաններում, քանզի նրանք իրենց հիմնավորման մեջ «խոստանում են » հայոց պատմությունը մատուցել նույնությամբսոսկ կատարելով որոշակի շեշտադրումներ պետականության հետ կապված: Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Պատմության ուսուցումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից ՀայաստանիՀայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը»: Լավ է ասված. այսինքն պատմությունը օրվա խնդիր է, չկա պատմագիտություն, չկան չքննարկվող, անբեկանելի թեմաներ, կա ընտրություն և ճաշակ: Գուցե ծրագրավորվում է հետագայում գիտական այս բնագավառն էլ վերանվանել, գուցե դա է պատճառը, որ 8 էջանոց հիմնավորման մեջ գեթ մեկ անգամ չեն հիշատակվում կրոն, եկեղեցի հասկացությունները, պետականության բացակայության ժամանակաշրջանում Հայոց եկեղեցու դերակատարումը մեր ժողովրդի և ազգի կյանքում: Կարող ենք ենթադրելեկեղեցին չի էլ լինելու նոր ծրագրերում ու գրվելիք դասագրքերում. «բարեփոխման» հիմնական նպատակներից մեկն էլ հենց դա է: Բայց ինչքա՜ն հատորյակներ պիտի ոչնչացվեն, ինչքա՜ն ջանք ու եռանդ պիտի թափվի հերքելու-ժխտելու այն պատմական ճշմարտությունը, արմատացած գաղափարը, որ պետականության բացակայության ժամանակահատվածում եկեղեցին է իր վրա վերցրել պետությանը հատկանշական որոշակի գործառույթներ լուծելով ազգապահպանության ծանրագույն խնդիրներ:

Պատմության տեսաբաններն առայժմ առավել լավ ու ճշգրիտ ձևակերպում չեն գտել պատմության ներկայացման վերաբերյալ, քան Յակով Բուկհարդի սահմանումը«Պատմության իրական պատկերը ներկայացվում է 3 հիմնական բաղադրիչներով պետություն, կրոն, մշակույթ»: Այս բաղադրիչներից «անջատելիների անջատմամբ»պետական կարգ, եկեղեցի, լեզու և արվեստ, պատմական հիշողություն, ազգային արժեքներ, քաղաքական միտք, ազգային ազատագրական պայքար և այլն, ձևավորվում է ազգային գաղափարախոսությունը, առավել կարճտվյալ ազգի ազգայնականությունը: Կան ժողովուրդներ և պետություններ, որոնք ստիպված են ընտրություն կատարել ազգայնականության սահմանման պարագայում. Գերմանիայի ու Ավստրիայի պարագայում լեզուն չի դառնում ազգայնականության հիմնական բաղադրիչը, Շվեցարիայի ու Կանադայի պարագայում պետականության գաղափարը միավորում է մշակույթն ու կրոնը, մեր պարագայում կարծես թե քննարկելի կամ ինչ-որ բան շրջանցելու խնդիր չունենք: Անգամ բավականին կուռ ազգայնականություն ունեցող մեր հարևաններից վրացիները էթնիկ արմատների (քարթլոսներ, սվաններ, աջարներ, մեգրելներ…) և կրոնական առումով (աջարները մահմեդական են) չունեն այն կուռ ազգային կառուցվածքն ու արժեքային համակարգը, որը հատուկ է հայ ժողովրդին: Այսինքն՝ ազգայնականությունն ու ազգային պետությունը մեր գոյատևման հիմնական ու անփոխարինելի արժեքներն ու միջոցներն են: Սրա վրա է հարձակումը, և դեռ հայտնի չէ, թե այս «անջատելիներից» ինչ դուրս կթողնեն ուսուցման ծրագրերից, սակայն մի բան պարզ է, որ դրանով դեմ են գնում ոչ միայն պատմագիտությանը, այլ նաև պետականությանը, պետությունների առաջացման ու պահպանման քաղաքագիտական իրողություններն են կասկածի տակ դրվում:

Արդեն երրորդ հարյուրամյակն է թևակոխում այն քաղաքական իրողությունը, որ տվյալ ազգի երաշխավորված ապագան ազգայնականի վրա ձևավորված պետությունն է, իսկ պետության խնդիրն առնվազն իր կառավարման տակ գտնվող տարածքում ազգայնականությունը պահպանելն ու զարգացնելն է ոչ միայն որպես ազգապահպանություն, այլ նաև որպես իր իսկ գոյատևման պայման: Դրա հիմնական գործիքը կրթությունն է, կենտրոնացված, վերահսկվող, պետության հիմքերն ամրացնող, ազգապահպան կրթությունը: Սա է քաղաքացուն կապում պետության հետ, միավորում հանրության տարբեր շերտերը, ազգայնականության պարագայում բերում կամավոր համաձայնության և հանգեցնում ընդհանուև նպատակների: Իշխանությունը, խաթարելով ազգային կրթությունը, իր իսկ ձեռքով սղոցում է ծառի այն ճյուղը, որի վրա նստած է հենց ինքը:

Գիտությանը հայտնի են աշխարհի շուրջ 8000 լեզուներ, ազգեր, որոնցից այսօր պետականություն ունեն ընդամենը 200+-ը: Հեգելն այս իրողությունը կապում է պատմական բախտի հետ. «Հնարավոր է, որ ազգը երկար պատմություն ունենա, մինչև, ի վերջո, հասնի ի սկզբանե նշված իր բախտին`պետության ձևով կազմակերպվելուն»:

Մեզ կարող ենք թույլ տալ այս դատողության շրջանակներում դյուրությամբ նույնականացնել ազգայնականությունն ու ժողովրդի պատմությունը, պատմության շրջանակներում դիտարկելով նաև ժողովրդի ողջ կուտակածը` լեզու, մշակույթ, անցած հասարակական ֆորմացիաներ, բնօրրան, տարածք, սակայն այս պահի խնդիր ենք ուզում դիտարկել հատկապես պատմության ներկայությունն ու դերը ազգայնականության և ազգային պետության ձևավորման պարագայում, կարևորել ազգայնականության ու պատմության ամուր կապը:

Քրդերը մեզ հասակակից արիական ժողովուրդ են, քայլել են պատմության զուգահեռ արահետով, սակայն լեզվական և պատմության ոչ համասեռության պատճառով չեն կարողանում ձևավորել այն միասնական ազգայնականությունը, որը նրանց կտա պետականություն, կհասցնի «բախտավորների» դասին: Մեկ այլ ժողովուրդբասկերը, չեն կարողանում դուրս պրծնել իրենց իշխողների ցանցից, թեև ունեն հասուն և համարձակ ազգայնականություն: Հեգելին զուգահեռ կա Կանտ ինքնորոշման իր դոկտրինայով, այնպես որ տարբեր են ժողովուրդների և ազգությունների ճակատագրերը, ինչի արդյունքում տարբեր են նաև նրանց կարգավիճակները:

Մենք, թեև տրոհված, այլոց իշխանության տակ գտնվելով, հարյուրամյակներով նախապատրաստեցինք մեր պետականության ստեղծումը. կայացած պետություններին հարիր «Դատաստանագիրք» ենք գրել, անկախության հասնելուց 150 տարի առաջ Սահմանադրություն ենք սահմանել, «Ազգապատում» ու «Հայապատում» ենք գրել, այս և սրանց հավելվող հրապարակախոսությունն ու քաղաքական կուսակցությունները ձևավորեցին այն ազգայնականությունը, որի հիմքը ժողովրդի պատմությունն է, նրա անցած ուղին, կորցրած փառքերի վերաբերյալ հիշողություններն ու ապագային հառնած երազանքը: Այս ամուր հիմքի շնորհիվ հնարավոր եղավ առաջին ու երկրորդ հանրապետությունների ընթացքում ձևավորելու անանձնական, հայրենանվեր հասարակություն: Այսօր այս ամբողջը ծալվում-դրվում է մի կողմ և ոմն մեկի` անհայտ կենտրոններից թելադրվող իդիոսինկրատիվ (մեկ անձին հատկանշական, մեկ անձից թելադրվող) մոտեցումն ու մտավարժանքը փորձում են պարտադրել ազգին: Կառավարության այս որոշումը գրոհ է ազգային պետության, հայ ազգայնականության վրա:

Եվս մեկ անգամ օգտվենք մասնագիտական սահմանումից. ՉԿԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՆ Է, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՆՊԱՍՏԵԼ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ: Սա մեր հնարածը չէ, սա եկել է մարդկության հետ, մեր օրերում առավել ընդգծված ու տեսանելի բնույթ է ստացել: Սրա դեմ է կառավարության որոշումը, սա է, որ թուրքը համարում է պահանջատիրություն, իսկ այսօրվա հայ իշխանավորը սրանից հրաժարվելը համարում է հայ-թուրքական «հաշտեցման» պայման: Այսինքնկտրվում է պետությունը պահող արմատը, անուղղակիորեն ժողովրդին քարոզվում է « պատմությունը քեզ խանգարում է… դու թշնամի չունես… պարտադիր չէ, որ դու սիրես թուրքին… կարևոր է, որ մոռանաս, թե ով ես դու: Այսօր մոռացիր ով լինելդ, վաղը կսիրես՝ ում ասես, այդ թվում` նաև թուրքին»: Սա ժողովրդի նոր կոդավորման փորձ է, իրենց կողմից համարձակորեն հրապարակվող «նոր արժեքային համակարգ», այդ իսկ պատճառով ստիպված ենք որոշ հիշեցումներ անել:

Մեր պետությունը (Առաջին Հանրապետությունը), ինչպես այդ ժամանակաշրջանի բազում պետություններ, առաջացավ շնորհիվ կայսրությունների փլուզման: Եվ մենք էլ, բացառություն չլինելով, «տեղակայվում ենք» նոր պետությունների ձևավորուման արդյունքում առաջացած քաղաքագիտական երկու տիպի իրողություններից որևէ մեկում:

Առաջին իրողություն,- նոր պետության ստեղծման պարագայում համընկնում են տվյալ ազգի ազգայնականությամբ «գծած» սահմաններն իրենց պետական սահմանների հետ (սրանք երջանիկ և ինքնաբավ պետություններն են, որտեղ առկա է ազգի և պետության սահմանների նույնություն` կոնգրուենտություն): Մեր տարածաշրջանում Լենինի ստեղծած Ադրբեջանն ու Ստալինի ստեղծած Վրաստանը ձեզ օրինակ:

Երկրորդ իրողություն,- պետության և ազգի սահմանները չեն համընկնում, պետությունն ստեղծվում է ավելի փոքր տարածքի վրա, ինչպես մեր պարագայում, այսինքն` խախտվում է կոնգրուենտությունը (մենք թուրքին թողեցինք մի ողջ հայրենիք, ազերուն թողեցինք Նախիջևան ու Արցախ աշխարհները…):

Երկու դեպքում էլ ազգայնականությունն ակտիվանում է. «բախտավոր» երկրները մտածում են, որ եկել է իրենց դարաշրջանը, իրենց բախտն է բացվել, և հարկավոր է էլ ավելի առաջ գնալ, չբավարարված երկրները, բնականաբար, առավել են խորացնում իրենց ազգայնականությունը` երազելով իրենց պետական սահմանները երբևիցե հասցնելու ազգայինի սահմաններին:

Այնպես որազգայնականությունն ու պետությունն անբաժան են իրարից, նույնիսկ այն երկրները, որոնք չունեն էթնիկ միատար բնակչություն, խառնուրդներից ու խառնածիններից ազգ են ձևավորում և ազգային գաղափարախոսություն (ԱՄՆ-ը դրա լավագույն օրինակն է, և Թրամպի նախընտրական լոզունգը «Դարձենք Ամերիկան կրկին հզոր», ազգայնականության ցցուն արտահայտություն է, և Թրամպն ինքն էլ հպարտորեն իրեն անվանում է ազգայնական): Ազգայնականությունը գաղափարական շեղման կամ արհեստական բևեռացման արդյունք չէ, զգացմունքայնությունը, հռետորիկան կարող են որոշ երանգավորում տալ դրան, սակայն այն հիմնականում պետական կառուցվածքի ու մշակույթի փոխկապակցվածությունն ու փոխհարաբերությունն է: Ավելին`երբեմն այն գալիս է առաջին պլան և կարևորվելով՝ պետությանը համարժեք կարող է դառնալ:

Մուսուլման բոսնիացիները էթնիկ առումով կամ սլավոն խորվաթներ են, կամ սլավոն սերբեր: Իրենց ինքնությունը շեշտելու ու պահելու համար նրանք պայքարեցին ու հասան նրան, որ իրենց անձնագրերում որպես ազգություն գրվի մահմեդական: Սա կրոնի հետ կապ չունի, սա ազգայնականությամբ առանձնանալու հնարավորություն է, իսկ մեզ մոտ ազգայնականության հիմնական պաշտպանն ասում է«Ես չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են ասում»: Դա իր իրավունքն է, աշխարհում շուրջ 90 մլն մարդ նույնիսկ հպարտանում է, որ թուրք է, խոսքը թուրք, ռուս, ֆրանսիացի կամ գերմանացի լինելու մեջ չէ, խոսքը քո ժողովրդից, ազգից, քո երամից օտարվել-վտարվելու մասին է: Մի՞թե սա վիրավորական չէ, և արդյո՞ք այս մտայնությունն ու հոգեբանությունը չի սնում այն «նոր արժեքային համակարգը» ըստ որի հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, եկեղեցին հակահայ է, Նժդեհը ֆաշիստ է, Անդրանիկին շուտով կհռչակեն ժողովուրդների բարեկամության թշնամի, ֆիդայիներին , ինչպես Արցախյան ազատամարտի հերոսներին, կհամարեն «հանուն ոչինչի զոհվածներ», այն էլ այն իրողությունում, երբ

  • թշնամին ասում էես խլել եմ քո ներկան, իմ ձեռքոււմ է քո ապագան, ինձ տուր նաև քո անցյալը: Դա ինձ պիտի դու տաս քո ձեռքով, քանզի դրա վրա իմ ազդեցությունը թույլ է: Սա նոր պահանջ չէ. Օտոմանյան թուրքիան իր հպատակ ժողովուրդներից ուներ մի հիմնական պահանջվճարել հարկերը, նրա հաջորդները, կորցնելով կայսրության ուժն ու տարածքները, սկսեցին հպատակներից պահանջել նաև նրանց հոգիները`ստիպելով ընտրություն կատարել « կամ լեզուդ, կամ կրոնդ» տիրույթում: «Եվրոպամետ» Աթաթյուրքը թեև թուրքերին եվրոպացու հագուստ հագցրեց, լատինատառ այբուբեն ու ազգանուն տվեց, բայց թուքից թուրք էր ու նվաճողներց նվաճող. բան չէր մնացել աշխարհին համոզելու, որ շումերները նախաթյուրքեր են, որ թուրքն է շումերական մշակույթի ժառանգորդը,
  • ներսից մեզ ասում ենկեղծ արժեքների մեջ եք ապրում, մեկ էՄհերի դուռը չի բացվելու, հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է, ազգայնականությունը մեզ խանգարում է, Զանգեզուր պահած, Լեռնահայաստանի Հանրապետություն ստեղծած Նժդեհը ֆաշիստ է, Անդրանիկը, ֆիդայինները կռվազան ու ժողովուրդների բարեկամության թշնամի, եկեղեցին`հակապետական ու հակահայ…

Իրավիճակը որքանով որ ողբերգական է, առավել քան զավեշտալի է: Քաղաքագիտության մեջ կա այսպիսի մի հասկացություն` «սխալ հասցեագրում» : Շիա մուսուլմանները գտնում են, որ Գաբրիել հրեշտակը սխալվել է Աստծո պատվիրանները Մուհամեդին տալիս, պիտի տար Ալուն (ներկրոնական պայքարի հիմնավորում), մարքսիստները գտնում էին, որ պատմությունը կերտում են ոչ թե ազգերը, այլ դասակարգերը, և պիտի ուղղել այս պատմական սխալը (գիտական սուբյեկտիվություն), հիմա մեր նորելուկ քաղաքական գործիչները համարում են, որ պատմահայր Խորենացին սխալվել է մեր պատմությունը Հայոց պատմություն կոչելով, պիտի ուղղել, ժողովուրդը սխալվել է Անդրանիկին հերոս անվանելով… (ընթերցո´ղ, ինքդ պիտակավորիր):

Հայոց պատմության մերօրյա այս նոր «հասցեագրողներն» այնքան են մեծամտացել, որ իրենց թվում է, թե՝ ի տարբերություն մեզ, իրենք աչքեր ունեն նաև իրենց ծոծրակներին, իրենց դրել են իտալական մի աստծուՅանուսի տեղ, ով երկդեմ էր, մի դեմքով նայում էր անցյալին, մյուս դեմքով ապագային: Ներկան նրա համար գոյություն չուներ, ինչպես ձեռնտու չէ այսօրվա իշխանությանը իր կերտած ներկային նայելը, դրա համար էլ անընդհատ հեռավոր, անորոշ ապագայի մեջ է պահում իր քաղաքացուն (2050 թվի հրաշք թռիչքներ, ակադեմիական քաղաք, խաղաղության օրակարգ…), պատմությունն էլ դիտարկում է որպես ժողովրդի ոտքերից կախված բեռ, որ խանգարում է նրա առաջընթացին: Հենց իշխանության նման գործունեությունն ու գործելակերպն է իր հերթին ժողովրդի մեջ ծնում ազգայնականության սահմանների խախտման նոր իրողություն, այս անգամ արդեն ոչ միայն ֆիզիկական սահմանների, այլ նաև՝ կառավարման. կասկածի տակ է դրվում պետության ազգային լինելը, գերիշխող է դառնում հիմնավոր կասկածը կառավարողների ազգային լինելու հետ կապված, նրանց դիտարկում են որպես «դրսի մարդ», այլ կենտրոններից կառավարվող: Իշխանության ամբարտավան տոնը, անսխալականության սինդրոմը, թե ես եմ նորմը, իմ նորմն է ճշմարտությունը, ինձ մոտ է ոչ միայն ճշմարտությունը, այլ նաև ճշմարտության փորձաքարը, հանրության նկատմամբ արհամարհանքն ու պարտադրանքը, քամահրական երանգավորմամբ խոսույթներն օր-օրի ավելի են խորացնում իշխանություն-ժողովուրդ անջրպետը, մեծացնում անվստահությունն իշխողների նկատմամբ:

Ազգայնականության սահմանների խախտման մեկ այլ իրողություն էլ թելադրված է ազգային արժանապատվությամբ, որի մասին խոսելը այս իրավիճակում համարում եմ պարզապես միամտություն: Թույլ ազգայնականությունը կամ ազգայնականության պակասը պետության համար մեծ վտանգ է ներկայացնում: «Կադաստրի վկայականով» (ինչպես ընդունված է ասել մեզ մոտ) Իսրայել պետությունն ստեղծվել է 1947-ին, ՄԱԿ-ի որոշմամբ: Իրականում այս պետության ձևավորումն սկսվել է դեռևս 1880-ականներից, երբ տեղի ունեցավ հրեաների առաջին ներգաղթն ապագա Իսրայել: Դրան հաջորդեցին ևս 4 ներգաղթեր, ընդհուպ Հոլոքոստից փրկվածները, 70-80 տարի խմորվում էր Իսրայելի ապագա ժողովուրդը, ներթափանցում իրար մեջ, փորձում ձևավորել դեպի ինքնիշխան պետություն տանող ազգայնականություն: Այդքանով հանդերձ՝ հրեա ժողովուրդն Իսրայել պետությունն ստեղծեց շատ թույլ ազգայնականության վրա: Ի տարբերություն հայերի, հույների, ֆարսերի, նրանք հարյուրամյակների ընթացքում չէին կարողացել ստեղծել ազգայնականությունը սնող խոշոր կենտրոններ, չունեին լեզվական ու մշակութային ընդհանրություն, սոսկ ցաքուցիր երազանքները և օտարների կամքը միավորեցին Իսրայել ներգաղթածներին, ու ստեղծվեց այս պետությունը: Սակայն ցայսօր նրանք վտանգված պետություն են, քանզի չեն կարողանում մաքրել-զտել ազգայնականությամբ ձևավորած իրենց խնդիրներն ու նպատակները այլոց ծառայելու խոստումից ու պարտադրանքից: Եվ դժվար չէ գուշակել, թե ինչ կկատարվի Իսրայելի հետ, եթե աշխարհի մեծերը մի օր իրենց ձեռքը վերցնեն նրա վրայից;

Թույլ ազգայնականություն նշանակում է թույլ պետություն, վտանգված պետություն, առանց ազգային գաղափարախոսության ամենահզոր զենքով ու տնտեսությամբ անգամ ժողովուրդ չես համախմբի և պետություն չես պահի: Ի´նչ կատարվեց մեր վայ հարևանների՝ ազերիների հետ: Արցախի գոյամարտում նրանք պարտվեցին իրենց համար շատ վճռորոշ պահի, երբ ուզում էին աշխարհին հայտարարել, թե, ի վերջո, ովքեր են իրենք՝ թու՞րք, իրանցի՞, թաթար-մոնղո՞լ, ազերի՞…: Կրած պարտությունը նրանց նետեց թուրքերի գիրկը (մեկ ազգ՝ երկու պետություն), փոխեցին այբուբենը, մոտեցնում են լեզուները, խառնում են բանակները, տնտեսությունները, ասել կուզի՝ Ադրբեջանը Թուրքիայից «պարտք արեց » ազգայնականություն: Էական չէ՝ թուրքական բանակի զինվոր մտել է Արցախ, թե ոչ, Էրդողանը, երբ խոսում է իրենց՝ Արցախ մտնելու մասին, հենց վերը բերված հիմքով Ադրբեջանն է իրենը համարում: Եվ այսօր ազգայնականության «պարտքով ապրողը» Ադրբեջանը թելադրում է մեզ Սահմանադրություն փոխել, ապրել իրենց գծած սահմանների մեջ, իրենց կողմից անվանակոչված նոր Հայաստանում՝ Արևմտյան Ազարբայջանում: Արդեն մի քայլ արել է. իրեն հռչակել է աղվանական քրիստոնեական մշակույթի ժառանգորդ (մոռանա՞նք Դադիվանքն ու Գանձասարը, Ամարասն ու …) Շուշիից ու՜ր հասանք… մինչև ե՞րբ: Շքերթը շարունակում են մեր մեջ ապրող դրոշակակիրները. խաչքարերն ու եկեղեցիները ավելորդություն են, ազգությունը պայմանականություն է, կրոնը, ազգային ծեսն ու ավանդույթը՝ հնոտի,- ճախրի´ր աշխարհաքաղաքացի, ազատ, անհող, անհայրենիք, անանուն, դեմոկրատիայի բաստիոնի մանկուրտ հայ:

Ի´նչ է սպասվում մեզ: Չեմ կարծում, թե ԱԺ-ում լուրջ քննարկում կկայանա օրենքի փոփոխության հետ կապված, մեկ է՝ գործելու է Ա. Նալչաջյանի սահմանած, արդեն իսկ մեջբերված բարդույթը, հետո գրոհ ֆեսբուկով, հաղորդակցության տարատեսակ միջոցներով, մեռելներ կհանեն գերեզմաններից, նորովի կմեկնաբանեն Հայկ ու Բելից մինչը Արցախի կորուստը մեր պատմությունը, ոսկեդարյան պատմիչներին, Րաֆֆու «Սամվելը», Չարենցի «Երկիր Նաիրին», Մահարու «Այրվող այգեստանները», Դեմիրճյանի «Հայը», Վ. Պետրոսյանի «Կրակե շապիկը», նմանատիպ այլ գործեր իրենց ուզածով կմեկնեն, կամակատար ու հանձնառու ուսուցչությունն էլ գլուխը կախ կկատարի վերևից իջեցրած հրահանգները և խնդրեմ՝ մարշ դեպի արևմտյան ադրբեջան, էնտեղ արդեն «մերոնցից» էլ կան՝ ֆեսով ու շերբեթով, որ կասեն՝ խոշ գելմիսինիզ քերբե ազերբայջանա (բարի գալուստ արևմտյան ադրբեջան):

Անկեղծությամբ, հույսով ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր միջոց ու հնարավորություն ունեն կանխելու այս վտանգավոր զարգացման ընթացքը, այդ թվում նաև Ազգային Ժողովի մեծամասնությանը, հարգելիներս, քույրեր և եղբայրներ (խնդրում եմ ընկալեք առանց հեգնանքի և անկեղծորեն), մի՞թե սրան ենք արժանի, սա՞ է մեր հազարամյակների մաքառման վերջնակետը: Հիշեքօր կաապագա է կերտում, օր կաապագա է կործանում: Ռալֆ Էմերսոնը կարծես հենց այս իրավիճակի համար է ասել՝ «Տարիները սովորեցնում են այն, ինչ չգիտեն օրերը»: Ասել կուզիտարին (պատմությունը) միտք է, օրը (այս պարագայում քննարկվող որոշումը)խոսք, տարին կենսափորձ է, օրըռիսկային, երբեմն նաև սխալ քայլ: Այս հարցերը պիտի հնչեն բոլորիս հոգիներում, ու պիտի յուրաքանչյուրս ունենաք այս հարցերի պատասխանները: Սա միայն դպրոցական մեկ առարկայի դասավանդման խնդիր չէ, սա հեռու տանող վտանգավոր ճանապարհի առաջին քայլերից մեկն է, որը պիտի կանխել:

Վիկտոր Մարտիրոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c0a31570c06f33eeb49661d4d826985a