ՆՈՐ ԱՂԵ՞Տ. ԱԼԻԵՒԻ ՕԳՆԱԿԱՆՆ ԱՍԵԼ Է, ԹԵ ԻՆՉ Է ԽՈՍՏԱՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային թղթակից Ջոշուա Կուչերին տված հարցազրույցում նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել: «Այս փաստաթուղթը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,-Բաքվի անհեթեթ թեզը վերաշրջանառելով՝ կրկնել է Ալիևի հատուկ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ դա այս պահին խաղաղ գործընթացի միակ խոչընդոտն է, նաև հավելել, որ այդ հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Հիմա նա ուզում է փաստարկ առաջ քաշել, որ սա քաղաքականապես շատ բարդ գործընթաց է, կամ Սահմանադրության նախագիծը կարող է պատրաստ լինել միայն 2027 թվականին։ Շատ լավ, սա էլ տարբերակ է, բայց արտաքին աշխարհը պատրա՞ստ է այդքան սպասել, մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիր կնքվի։ Որովհետև ակնհայտ է, որ պետք չէ շտապել և ստորագրել մի թղթի կտոր, որը կարող է չեղյալ համարել նոր կառավարությունը»,- նույն հարցազրույցում ասել է Ալիևի հատուկ ներկայացուցիչը։

«Ցանկանում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ թողնել նոր հակամարտության հնարավորությունը։ Կարծում եմ, որ եթե նման հարց տան, ապա հայերի մեծամասնությունը կաջակցի խաղաղությանը, քանի որ 2021 թվականին, երբ Փաշինյանը, ղարաբաղյան պատերազմում կրած վատագույն պարտությունից հետո, արտահերթ ընտրությունների կոչ արեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Նորմալ պայմաններում ցանկացած առաջնորդ, ով պարտվել է նման պատերազմում, ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»,- ասել է Ամիրբեկովը։

Մեկ այլ խնդրահարույց հարց է, նրա կարծիքով, «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը պետք է լուծարվի, ինչպես նաև Հայաստանի կողմից միջազգային ատյաններում ներկայացված հայցերը, որոնցում Ադրբեջանը նույնպես տարածքային հավակնություններ է տեսնում»։

Ըստ Ամիրբեկովի, Հայաստանը համաձայնել է այդ հարցերի լուծումները գտնել միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Նրա խոսքով, կողմերը գտել են նաև երկուստեք ընդունելի տարբերակ Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհի կամ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

«Մենք հասկացանք, որ տեսանելի ապագայում չենք կարողանա խաղաղության պայմանագիր կնքել, եթե բացի Սահմանադրության խնդրից, թողնեինք ևս մեկ տարաձայնություն՝ տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։ Ուստի փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը հաշտության համաձայնագրից և դրան վերադառնալ ավելի ուշ»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

«Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել բանակցությունները՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ընդունելի բանաձեւ գտնելու համար», ընդգծել է նա:

Միաժամանակ, ըստ Ալիևի օգնականի, Ադրբեջանի հետ խաղաղությունը Հայաստանի համար անմիջապես հնարավորություններ կբացի Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու համար։