Նիկոլ Փաշինյանն արցախահայության՝ Արցախ վերադարձի հարցն իրատեսական չի համարում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչի՞ց է վախենում կամ զգուշանում, որ չի խոսում արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, և ինչի՞ց է վախենում կամ զգուշանում, որ չի բարձրացնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մնացած բոլոր գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասին՝ դա դարձնելով միջազգային հանրության օրակարգային մաս։
Հարցին պատասխանելով՝ Փաշինյանը նախ մատնանշեց Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունը։ Նա ասաց, որ ցանկանում է հիշեցնել, որ եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը վերաբերում է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին։
«Շատ դեպքերում, երբ, օրինակ, ՌԴ մեր գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը շրջանցում են, որովհետև, եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը, և եռակողմ հայտարարությունները մենք ուզում ենք արժևորել ու կարևորել, պետք է գնանք ու առաջին հոդվածից սկսենք կարդալ և տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ և չի իրականացրել։ Սա կարևոր ընդգծում է։
Գերիների և պատանդների, այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է, և մենք ամենօրյա աշխատանք ենք իրականացնում այդ ուղղությամբ։ Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է, որովհետև, տեսեք, երբ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցավ մեր 32 գերեվարված եղբայրների վերադարձը, նախորդող շրջանում էլի շատ հարցեր էին տրվում, և ես անընդհատ ասում էի, որ կատարվում է աշխատանք, և այդ աշխատանքն ամենօրյա է։ Իհարկե, շատ երկար տևեց այդ ամենը, և մարդիկ երբեմն նաև հուսահատվում են, երբեմն տպավորություն են ստանում, թե տեղի չի ունենում որևէ բան, բայց այդպես չէ»,- ասաց Փաշինյանը։
Խոսելով արցախահայության՝ Արցախ վերադառնալու իրավունքից ու դրա հնարավորությունից, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ-ի լուծարման վերաբերյալ որոշումն ինքը չի ստորագրել, ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն ըստ էության, որը քաջալերվել է և ողջունվել ՀՀ-ում գործող, նրա որակմամբ՝ բոլորին հայտնի շրջանակների կողմից։
«Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, ես դրա մասին ուզում եմ հետևյալն ասել, որովհետև պարտավոր եմ ուղիղ և անկեղծ խոսել՝ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձևակերպել հարցը, ես դա ուղիղ պետք է ասեմ՝ իրատեսական չեմ համարում։ Խնդրում եմ ձևակերպումներին ուշադիր լինել՝ այն ընկալումներով և ձևակերպումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ, նախկին պաշտոնյաներ խոսում են այդ հարցի մասին, իրատեսական չէ»,- ասաց բանախոսը։
Վերջինս պատմեց ամիսներ առաջ տեղի ունեցած մի դրվագ:
«Ես աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին ինձ մոտեցավ և հարց տվեց՝ ուզում եմ Դուք անկեղծ ասեք, թե ինչքանո՞վ է իրատեսական վերադարձի հարցը։ Ես կրկին նույն պատասխանը տվեցի, որ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը ներկայացնել և փաթեթավորել, նկատի ունեմ բովանդակությունը, ես դա իրատեսական չեմ համարում, և ես չեմ կարող խաբել, էն նույն պատճառներով, որ այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ն։
Վերջերս թեմային ԱԺ-ում անդրադարձել եմ, այդ ամենը փաստագրված է, եկեք վերադառնանք 2023 թվականի սեպտեմբերի իրադարձություններ, երբ սոցիալական ցանցերում, հատկապես՝ ընդդիմության ներկայացուցիչների կողմից, նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից կար մեղադրանք, որ ես թույլ չեմ տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից։ Եվ հիմա մի տարի հետո էլ ասում են, թե ես թույլ չեմ տալիս, որ ԼՂ ժողովուրդը վերադառնա ԼՂ, ինչպես Դուք եք ասում, չեմ բարձրաձայնում այդ հարցը, որովհետև ասացի՝ ինչու։ Իսկ այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է ՀՀ պետական շահերին։ Ո՞նց եմ չափում ՀՀ պետական շահը, ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ։ Եվ սա մենք պետք է ուղիղ ասենք։ Ուղիղ կամ անուղղակի որևէ ձևով ես նախկինում այս թեմային անդրադարձել եմ, որովհետև կարծում եմ, որ մենք ինչ-որ առումով ինքներս մեր անցած ճանապարհը պետք է վերագնահատենք։ Այդ ճանապարհը վերագնահատելով՝ ասում եմ, ասել եմ ԱԺ ամբիոնից, ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականից հետո Լիսաբոնի գագաթնաժողովից հետո կամ այդ շրջանում, դրանից առաջ ԼՂ հարցը չի եղել ԼՂ, այլ եղել է ՀՀ-ի հարց, ՀՀ պետականությունը զրոյացնելու հարց, և ժամանակի մեջ ես դրանում ավելի եմ համոզվել։ Ձեր հարցի ուղիղ պատասխանն է, որովհետև այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։