Օրերս Էկոնոմիկայի նախարարությունը նարդի է գնել։ Գնումն արվել է մեկ անձից գնման ընթացակարգով և արժեցել է 126.000 դրամ։ Ըստ պետգնումների էլեկտրոնային համակարգի՝ մատակարարը 2017 թվականից պետական գրանցում ստացած և Կարեն Հարությունյանին պատկանող «Հենդլ» ընկերությունն է, որը շուկայում ներկայացնում է ձեռագործ նարդիների, շախմատների լայն տեսականի։
Նկատենք՝ այս ընկերության ծառայություններից պետական գերատեսչությունները սկսել են օգտվել դեռ 2019 թվականից և հիմնականում մեկ անձից, իսկ գնումների բացումն արել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը՝ գնումը ձևակերպելով «ներկայացուցչական ծառայություններ» անունով։ Այլ տարիներին նույն ձևակերպմամբ գնումներ են արել Պաշտպանության նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Կադաստրի կոմիտեն և առավել հաճախ՝ Էկոնոմիկայի նախարարությունը։
Դե, եթե Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանը հեծանիվով, տասնյակ թիկնապահներով զբոսանքն իրականացնում է հարկատուների, պետական բյուջեի հաշվին, իրենք ինչո՞ւ չպետք է մի նարդին գնեն այդքան գումարով:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «փաշինյանական հեծանվավազքը» ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ։ Մոտ 50 անձ հեծանիվ է վարել, բայց 100 անձրևանոց են գնել բյուջեի հաշվին և 100 անձի կերակրել 2 օր:
168.am-ը դեռ մեկ շաբաթ առաջ տեղեկացել էր հարկատուների՝ «Հայաստանի Հանրապետության հերոսի» գրպանից փոխանցված հարկերի հաշվին մոտ 40.000 ԱՄՆ դոլար է արժեցել միայն Սևանի շուրջ երկօրյա Փաշինյանի հեծանվավազքը։ Մյուս օրերի զբոսանքների համար ծախսված գումարները ներառված չեն այդ 40.000 դոլարի մեջ: