Օրերս Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գրեթե 2,5 ժամ քննարկում են ունեցել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Քննարկված հարցերը հիմնականում վերաբերել են Բաքվում պահվող պատանդներին ու գերիներին, Արցախից բռնի տեղահանված արցախահայերի իրավունքներին, Արցախ վերադառնալու հնարավորություններին և այլն։
Ինչպես մեկ ամիս առաջ ողջ հայությանն ուղղված իր բաց նամակում, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ Լուիս Օկամպոն կարևորել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համատեքստում գերիների հարցը բարձրաձայնելը՝ ցույց տալով, որ Ադրբեջանն անազատության մեջ է պահում անմեղ հայերի։
Սոցիոլոգ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Շուշանիկ Հարությունյանը ևս մասնակցել է Օկամպոյի հետ տեղի ունեցած քննարկմանը, որը կարևոր ու արդյունավետ է համարում։
«Մենք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP-29-ին ընդառաջ՝ նախատեսում ենք գործողություններ իրականացնել, որպեսզի բարձրաձայնենք արցախահայերի իրավունքների, Ադրբեջանի կողմից Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման, գերիների՝ հայրենիք վերադարձնելու հարցերը և այլն։
Դեռևս մեկ ամիս առաջ Օկամպոն բաց նամակով դիմել էր ողջ հայությանը, և քանի որ մենք նույն նպատակին հասնելու համար ենք պայքարում, որոշել ենք միավորել մեր ուժերը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Շուշանիկ Հարությունյանը՝ շատ չմանրամասնելով ընդհանուր քննարկման բոլոր դետալները, շեշտելով՝ սրանք հանրության շրջանում շատ զգայուն թեմաներ են։
Ըստ մեր զրուցակցի, մինչ Օկամպոյի բաց նամակը, Հայաստանից ու Արցախից քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներով արդեն մտածել էին գործողությունների պլան, որոնք պետք է իրականացնեին COP-29-ին ընդառաջ։ Իրենց նախաձեռնությունը դեռևս չեն հանրայնացրել, բայց քննարկումներ ենք ունեցել տարբեր մարդկանց հետ։
«Օկամպոյի հետ քննարկել ենք շատ իրավական հարցեր, քանի որ այսօր Հայաստանում արցախահայերի իրավունքների մասին խոսում են ավելի ազգայնական շրջանակներ, որոնց լեզուն այդքան էլ հասկանալի չէ միջազգային հանրության համար։ Մեր նախաձեռնության անդամները կողմնակից են իրավական դաշտում բարձրաձայնելու այս խնդիրները, հետևաբար, Օկամպոյի հետ քննարկել ենք տարբեր իրավական մեխանիզմներ»,- ընդգծեց Շուշանիկ Հարությունյանը։
Նա նաև շեշտեց, որ Օկամպոյի հետ քննարկումները շարունակելու են, ավելին՝ սեպտեմբերին նա գալու է Հայաստան, բայց այլ նախաձեռնության շրջանակներում, սակայն սա չի խանգարելու, որպեսզի նրա հետ ինտենսիվ շփումներն ու քննարկումները շարունակվեն։
«Մենք համատեղ գործողություններ ենք նախատեսում, Օկամպոն պատրաստակամորեն խոստացավ անհրաժեշտության դեպքում մեզ տրամադրել իրավական խորհրդատվություն։
Կկարողանա՞նք մեր գերիներին հայրենիք վերադարձնել, այս պահին չենք կարող գուշակություններ անել, այլ այդ ուղղությամբ միայն ու միայն պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն։ COP-29-ին միջազգային բազմաթիվ պատվիրակություններ են գնալու Բաքու, և շատ կարևոր է, որպեսզի մենք այդ պատվիրակությունների հետ աշխատանքներ տանենք։ Միայն սոցիալական մեդիայում արվող աշխատանքը քիչ է, թեպետ շատ կարևոր է, պետք է փորձել այդ պատվիրակությունների միջոցով ազդել Ադրբեջանի վրա։ Ամեն դեպքում ես հավատում եմ, որ կարող ենք որևէ բան փոխել, ամեն ինչ կախված է նրանից, թե մարդիկ որքանով կհավատան ու որքանով կցանկանան պայքարել։ Պետք է հասկանանք, որ ամեն ինչ միանգամից չի լինելու, երկար դիվանագիտական աշխատանք պետք է տարվի այդ ուղղությամբ»,- հավելեց նա։
Նա նաև ընդգծեց, որ այսօր պարտավոր են աշխատանք տանել բոլորը՝ պետությունից՝ մինչև անհատներ ու կազմակերպություններ։
«Կա ձևավորված թյուր կարծիք, որ Արցախի համար պետք է պայքարեն միայն արցախահայերը, սա լավ մոտեցում չէ։ Բացի դա, կարծում եմ՝ արդեն հասկանալի պետք է լիներ, որ չկա առանձին Արցախի հարց, կա ընդհանուր հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, որի մի մաս է նաև Արցախը։ Հետևաբար, արցախահայերի իրավունքների համար մենք բոլորս պետք է պայքարենք»,- եզրափակեց Շուշանիկ Հարությունյանը։
Հիշեցնեք, որ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բայց նամակ էր հղել հայությանը, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։
Նա հայությանը կոչ էր արել մինչև նոյեմբեր մեդիաարշավ նախաձեռնել, որպեսզի Ադրբեջանը համաժողովին որևէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջողվի գերությունից ազատել Բաքվում բռնի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Նա ասել էր, որ չպետք է թույլ տրվի, որպեսզի COP-29-ը Բաքվում տեղի ունենա հայ պատանդների առկայության պայմաններում՝ ընդգծելով, որ մինչև նոյեմբեր հայ ազգը պետք է համախմբվի ու մեդիաարշավ սկսի։