Ադրբեջանը շարունակում է հայ-ադրբեջանական սահմանին կրակահերթերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու արատավոր քաղաքականությունը, չնայած հանգամանքին, որ սահմանի հայկական կողմում պարեկություն են իրականացնում եվրոպացի դիտորդները՝ տիրապետելով, ըստ էության, իրավիճակի բոլոր մանրամասներին։Այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքեց Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մասնավորապես պնդել է, որ այսօր, ժամը 06:45-ի սահմաններում, հայկական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից կրակել են Նախիջևանի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հիշեցրել է նաև, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել: Այս առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:
Օգոստոս ամսվա ընթացքում ՀՀ ՊՆ-ն նմանատիպ բովանդակությամբ շուրջ 5 հաղորդագրություն է տարածել, արձանագրելով Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունը։ Ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը, որը առանձնահատուկ բարձր գնահատականի է արժանանում ՀՀ իշխանությունների կողմից, որակվում՝ որպես ՀՀ անվտանգությունն ամրապնդող առաքելություն, իր պարեկության վերաբերյալ ժամանակ առ ժամանակ հաղորդագրություն է տարածում հաշվետվության ոճով, տրամադրելով մանրամասներ, թե սահմանի որ հատվածներում են իրականացվել դիտորդական աշխատանքները, սակայն տեղեկատվությունը հանրության համար միմիայն դրանով սահմանափակվում է, քանի որ միայն 2-3 դեպքերում է ողջ պարեկության ընթացքում առաքելությունն անդրադարձել կոնկրետ իրավիճակին և փորձել հերքել, օրինակ, Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը։ Ակնհայտ է, որ անընդհատ ապատեղեկատվություններով Ադրբեջանը փորձում է գործարկել ճնշումների մեխանիզմը՝ միգուցեև նպատակ ունենալով սրել իրավիճակը սահմանին։ Սակայն դիտորդները կամ ԵՄ-ն շարունակում են լռել։