168.am-ն ակտիվ հետևում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ տեղեկատվական-քարոզչական արշավին, ինչը ոչ այլ ինչ է, քան հնարավոր ռազմական սադրանքների համար լեգիտիմ հիմքերի ստեղծում, որտեղ, ըստ Ադրբեջանի, հայտնի են նաև պատասխանատուները:
Խոսքն օգոստոսի 2-ին և 3-ին ամերիկյան ինքնաթիռներ Հայաստան մտնելու և դրանցով ԱՄՆ-ի կողմից անձնակազմ և ռազմական բեռ տեղափոխելուվերաբերյալ ադրբեջանական հոդվածաշարերի մասին է, ինչը դուրս է ՀՀ-ում անցկացված հայ-ամերիկյան զորավարժությունների տրամաբանությունից, այսինքն, դիտարկվում է՝ որպես առանձին թեմա:
Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը հոդվածների հրապարակումը չի դադարեցրել անգամ, երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը վստահեցրել է, որ ՀՀ-ում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան զորավարժության ավարտից հետո Հայաստան տեղափոխված անձնակազմն ու տեխնիկան տարվել է, կամ, երբ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին վերջերս ճեպազրույցի ժամանակ նշել է , որ փաստացի որևէ տեղեկություն չունի ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ, ուստի չի կարող մեկնաբանել հրապարակված լուրերը:
168.am-ը, հղում տալով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ երբ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում ավարտվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը,դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած անձնակազմը և տեխնիկան մի քանի չվերթով Հայաստանից հանել է, և Ադրբեջանը հենց այս նպատակով ամերիկյան ինքնաթիռների մուտքն է Հայաստան ֆիքսել:
Իսկ օգոստոսի 27-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն է հայտարարել, որ ԱՄՆ-ը Հայաստանին մահացու զենք չի մատակարարել:
Ադրբեջանական caliber.az-ին նաև այս հայտարարությունը հակառակումչի համոզել,և ադրբեջանական քարոզչական կայքը հերթական հոդվածում նշել է, թե եթե մի պահ ընդունեն, որ դեսպանը չի ստում, ապա դա չի նշանակում, որ Հայաստանի զինված ուժերին ԱՄՆ-ըչէր կարող մատակարարել ժամանակակից զրահաբաճկոններ, կապի հատուկ միջոցներ, հետախուզության համար անհրաժեշտ ժամանակակից ամերիկյան սարքեր, հայկական զինված ուժերի կրակի դիպուկությունը բարձրացնող արդի օպտիկական մեխանիզմներ և այլն:
Ի դեպ, 2020թ.հուլիսյան մարտերից առաջ՝ հունիսի վերջին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դժգոհել էր, թե «հայերն իրենց ամերիկյան հովանավորների շնորհիվ գնել են ռազմական նշանակության արտադրանք՝ տեսադիտարկման համակարգեր, և տեղադրել դրանք սահմանի ամբողջ երկայնքով»:
Խոսքն այստեղ Արցախի մասին էր, իսկ այս տեսադիտարկման համակարգերի տեղադրումից հետո ադրբեջանական կողմի համար դժվարացել էր տարբեր սադրանքների իրականացումը, քանի հայկական ուժերը, ըստ նրանց, ավելի խորքն էին գնացել տեսադիտարկման համակարգերի տեղադրումից հետո:
Իսկ ի՞նչ է հուշում հիմա ադրբեջանական վերը նշված քարոզչական արշավը. հնարավոր սադրանքների համար լեգիտիմ հիմքեր ստեղծելու համա՞ր են, թե՞ սովորական վախեր են՝ ՀՀ զինված ուժերի կարողությունների հնարավոր ուժեղացմամբ պայմանավորված:
Իհարկե, զինված ուժերի գործողությունները մեծապես կախված են ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքական կամքից և ցանկությունից, և սպառազինություն գնելու մասին պայմանագրերը դեռ ամբողջապես չեն արտահայտում Ադրբեջանին զսպող բանակ ունենալու իշխանությունների քաղաքական կամքը:
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը հայկական բանակի առաջ լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ էր դրել՝ պիտի ունենալ այնպիսի բանակ, որը սպառնալիք չդիտվի Ադրբեջանի անվտանգության համար և տարածաշրջանի խաղաղության: Մասնավորապես, 2024 թվականի փետրվարին Ազգային ռադիոյում նա, մասնավորապես, հայտարարել էր
«…Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչո՞ւ ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում նպատակ, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի և միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ:
…Եվ հիմա, երբ մենք ասում ենք, որ մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունն ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչո՞ւ եք դա անում: Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում, իսկ ինչո՞ւ ուրիշները պետք է թողնեն, թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծվի:Պարզ է, որ այսինքն՝ առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան»:
Արդյո՞ք Փաշինյանը ճիշտ դուրս եկավ, արդյո՞ք Ադրբեջանը չի դիտում ՀՀ զինված ուժերը որպես սպառնալիք՝առնվազն քարոզչական մակարդակում՝ հիմք ընդունելով Հայաստանի՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ կնքած՝ սպառազինության մատակարարման պայմանագրերը և իրականացված որոշակի մատակարարումները:
168.am-ն այս թեմային վերջերս էր անդրադարձել, որ այս պահին քաղաքական շահն Ադրբեջանին թելադրում է ներկայացնել, որ Հայաստանը զինվում է ժամանակակից և հարձակողական զինատեսակներով և պատրաստվում պատերազմի:
Այս պնդումը հերթական անգամ արվել է Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպմանը:
Մասնավորապես, անընդհատ հարձակողական սպառազինություն ձեռք բերող Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, թե Հայաստանի Հանրապետության միլիտարիզացումը և զինվելը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի հիմնական սպառնալիքներից մեկն է:
Այսինքն, Ադրբեջանը ոչ միայն իր զինված ուժերը զինելով, զորավարժությունների միջոցով է պատրաստվում պատերազմին, այլ նաև քարոզչական դաշտում՝ գտնելով դրա համար իրեն հարմար պատճառներ, մեղավորներ և պատասխանատուներ: Պատրաստվու՞մ է արդյոք Հայաստանը պատերազմի, կարելի է ենթադրություններ անել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական և ոչ պաշտոնական առօրյայի, զվարճանքների մասին լրահոսից, իսկ պատերազմ վարում է պետությունը…
Ի դեպ, երբ հոդվածն արդեն պատրաստ էր, ադրբեջանական caliber.az-ը ևս մեկ հոդված հրապարակեց, որում նշում է, որ Ադրբեջանը հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը չի դիտում զուտ խաղաղապահ ուժերի զորավարժություն, այլ դրա տակ թաքնված է ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նպատակները:
Վերլուծելով հայ-ամերիկյան զորավարժության նպատակները և դրա ժամանակ Հայաստան բերված ամերիկյան տեխնիկայի տեխնիկական բնութագիրը, ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցը մի քանի սցենարային ենթադրություն է արել, թե դա ինչ նպատակ է հետապնդում:
-Հարավային Կովկասում Հայաստանի միջոցով ԱՄՆ ներկայության և ազդեցության ամրապնդում: -Լարվածության սրում:
Ադրբեջանը Հայաստանի կողմից ամերիկյան մարտական տեխնիկայի կիրառումը դիտում է ուղիղ սպառնալիք իր անվտանգության համար: Օրինակ, պայմանական սահմանին իրավիճակի լարման դեպքում ամերիկյան մարտական մեքենաների (M1296 Stryker Dragoon) միջոցով օպերատիվ կերպով հայկական բանակի անձնակազմ կարող է տեղափոխվել համապատասխան շրջան:
-Սա կարող է դիտվել որպես հակադրություն Ռուսաստանին և Իրանին, հատկապես, երբ ԱՄՆ-ը մշտապես Հարավային Կովկասը դիտարկել է որպես կարևոր տարածաշրջան՝ զսպելու Իրանին և Ռուսաստանին:
Ըստ այդմ՝ ՀՀ-ում ԱՄՆ ուժերի ներկայությունը կամ հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, որը ներառել է մարտական գործողությունների դրվագներ, կարող է մաս կազմել անհրաժեշտության դեպքում ամերիկյան ուժերի արագ տեղակայման և բացազատման պլանի: Չի բացառվում, որ M1296 Stryker Dragoon-ը օգտագործվի ռազմավարական օբյեկտների գրավման համար, օրինակ, 102-րդ ռուսական բազայի կամ «Էրեբունի» ռազմական օդակայանի:
Իհարկե, ադրբեջանական երևակայությունը չափ ու սահման չունի, և դրանցում կարելի տեսնել, այսպես ասած, ամերիկյան ֆիլմերի ազդեցություն: Բայց ինչպես գրել ենք Ադրբեջանը ոչ միայն հնարավոր սադրանքի հիմքեր է ստեղծում՝ պատասխանատու կարգելով ԱՄՆ-ին կամ Արևմուտքին, այլ փորձում է Հայաստանին մղել իրանական և հիմա նաև՝ ռուսական թիրախ: Ինչո՞ւ հայկական կողմն իրեն հասու նմանօրինակ փաստեր Ադրբեջանի դեմ չի հանում ջրի երես, որոնք կարող են ավելի ծանրակշիռ լինել, հայտնի չէ: