Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզ։ Երբ Այգավան գյուղ այցի ժամանակ բնակիչները բողոքել էին խաղողի մթերման գներից, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, ասելով՝ առաջին բանը, որ գյուղացիները պետք է անեն, պետք է մտածեն խաղողի ինքնարժեքն իջեցնելու մասին։ Նա բնակիչներին օգնության կարգով ևս մեկ խորհուրդ էր տվել, ասել էր՝մշակվող խաղողի սորտերը պետք է փոխեն, սկսեն մշակել գինու սորտեր և այնպես անեն, որ գյուղատնտեսությունը զարգացնեն շուկային համարժեք։ Այսքանով ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի և առհասարակ Կառավարության «օգնությունը» գյուղացիներին։
Արարատի մարզից խաղողագործ Կարեն Միքայելյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին, ասում է՝ սորտերը փոխելիս՝ կրկին նույն վիճակն է լինելու, և այնպես չէ, որ այսօր մշակվող սորտերը վատն են, պարզապես պետք է ոլորտում քաղաքականությունը փոխվի։
«Խաղողի սորտը որ փոխեցինք, մեկ է՝ մի քանի տարի հետո նույն բանն է դառնալու, հո Նիկոլ Փաշինյանիասելո՞վ չէ, այստեղ դերակատարը մթերողն է, ինքը կկարողանա՞ մթերողին ստիպի գին բարձրացնել։ Այս պահին մենք խաղողի մթերման գործընթացը դեռ չենք սկսել, մթերման արժեքը մեզ ասել են, բայց այնպես չէ, որ դա մեզ համար նորմալ գին է։ Ճիշտ կլիներ, որ մթերման գները բարձրացնեին, որ գոնե մեր ծախսերը հանեինք։ Կարծում եմ՝ մթերման հետ խնդիր չենք ունենա, բայց գինը, որով պետք է մթերումն անեն, ասել են՝ 120 դրամով, ձեռնտու չէ, թեպետ խոստացել են, որ կբարձրացնեն։ Չգիտենք, կբարձրացնե՞ն, թե՞ ոչ, գուցե մրցութային կարգով 10-20 դրամ ավելանա։ Նախորդ տարի մարդիկ 110 դրամով են հանձնել։Առհասարակ այս տարի խաղողի բերքը լավը չէ՝ թույլ է, որակն էլ այն չէ, անձրևներից ինչ-որ հիվանդություն է առաջացել»,-168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Միքայելյանը։«Հնարավոր է՝ խաղողը բարձած գնաս գործարան, նայեն, ասեն՝ անորակ է, գին իջեցնեն, դու էլ ստիպված այդ գնով հանձնես գնաս, միայն թե նորից խաղողը հետ չտանես։
Նկատի ունեմ՝ ստիպված ես, ճար չունես, գոնե հանձնես, մի բան փրկես։ Հիմա կոնկրետ իմ այգում միայն ես եմ աշխատում՝ սկսած սրսկումներից, որպեսզի ծախսերը շատ չլինի, որ կարողանամ հանձնելուց գոնե ծախսերը հանեմ։ Այսպես ասեմ՝ աշխատող չեմ պահում, իմ մոտ ես եմ աշխատում, մի մաքրողի չնչին աշխատավարձով, այսինքն՝ ձրի աշխատում ենք, էլի։
Խաղողի այգիներում տանջանքը շատ է, շուկան էլ լճացած վիճակում է, այսինքն՝ չկա փոփոխություն, որ շուկան թելադրի, ու գնի մեջ փոփոխություն լինի։ Գոնե գործարանները մթերումն անեին 180-200 դրամով, ծախսերը շատ են՝ գարնանից մինչև խորը աշուն դու այգում աշխատում ես»,-նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ մթերումն անելուց հետո, երբ հաշվարկներ են անում, օգուտ գրեթե չի մնում. ծախսերը հանած՝ ստացվում է, որ ամբողջ տարին աշխատում ես չնչին գումարի համար։
«Մենք մի 10 դրամ աշխատելու համար ենք այգի մշակում, եթե այգու աշխատանքների համար էլ մարդ բերես՝օգնեն, ու վճարես, առհասարակ վնասով ես դուրս գալու, մի բան էլ պարտք ես մնում։ Օրինակ, մարդիկ սկսել էին այգի մշակել, կեսից հասկացել են, որ ձեռնտու չէ, թողել են, առաջարկեցին՝ ես վերցնեմ, շարունակեմ մշակել՝ վերցրեցի։ Սպասենք, մինչև մթերման օրերը մոտենա, կհասկանանք՝ ինչ տեղի կունենա»,-եզրափակեց խաղողագործը։
Նշեմ, որ վերջերս 168.am-ի հետ զրույցում Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ խաղողագործներին արած առաջարկի մասին, ասել էր՝ հարցերից խուսափելու համար, պարզ է, որ Կառավարության ղեկավարը գյուղացիներին պետք է հորդորի խաղողի նոր սորտեր մշակել։
«Եկել, ասում է՝ ամեն ինչ քանդեք, նոր սորտ աճացրեք, մինչդեռ մեր երկրում աճող բոլոր հայկական սորտի խաղողներն ունեն էնդեմիկ, բնատուր, մաքրասորտ ծագում՝ այս ռելիեֆի մեջ ստացված սորտեր են։ Մի անգամ հարց տվեք Փաշինյանին, բա որ մեր սորտերը փոխենք, մեր արտադրանքը, օրինակ, հայկական քիշմիշի օղի կամ այլ բան, կվերանա, այսինքն՝ հայկական չի՞ լինելու։ Լավ, որքա՞ն կարելի է՝ չիմանալով մանիպուլացնել ու խաբել։ Մենք հիմա այդ ամենը դնենք-քանդենք, մեր գործունեությունը կորցնենք, ապրանքանիշը կորցնենք, բա հետո՞։ Ես հասկանում եմ, որ իրենց մոտ քանդելը լավ է ստացվում, բայց քանդելու փոխարեն՝ թող բարիք ստեղծեն, զարգացնեն ու կյանք տան»,-ասել էր Արտակ Սարգսյանը։