Հայաստանը չպետք է ճնշումների ենթարկվի և հրաժարվի դատական գործընթացներից. Սիրանուշ Սահակյան

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմից հետո, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրանց հետ շարքային քաղաքացիներ, զինվորականներ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Չնայած բազմաթիվ գերիներին, Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ իր մոտ գտնվում են միայն 23 անձինք, մյուսների ճակատագրի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հաղորդում։Բաքվում պահվող գերիներին ու պատանդներին հայրենիք վերադարձնելու համար Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները, հասարակական տարբեր կազմակերպություններ ու անհատներ կոչ են անում համախմբվել և Բաքվում նոյեմբերի 11-22-ը կայանալիք ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP-29-ին ընդառաջ, մեծ արշավ սկսել՝ միջազգային բոլոր կառույցների ուշադրությունը հրավիրել գերիների ճակատագրի վրա։

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ պետք է արձանագրել, որ Բաքվում պահվող ռազմագերիների ազատ արձակումը կախված է Ադրբեջանի որոշումներից։

«Ադրբեջանն այնպիսի դիրքավորում ունի՝ նաև աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններով պայմանավորված, որ Հայաստանը միանձնյա, առանց էական զիջումների չի կարող այս խնդիրները լուծել։ Եվ ոչ միայն այս, այլև համանման կոնֆլիկտների լուծումն իրապես հնարավոր է միայն միջազգային ակտիվ ներգրավվածության պայմաններում։ ՀՀ իշխանություններն ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը, որպեսզի քաղաքական գործընթացներում ճիշտ ուղղվածությամբ բանակցություններ իրականացնեն և կենսական հարցերում չգնան զոհողությունների՝ պետական շահերին առնչվող խնդիրներում։ Բայց մյուս կողմից՝ թե՛ Հայաստանը, թե՛ այլ կառույցներ պետք է ակտիվ գործողություններ կատարեն Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշումներ գործադրելու համար»,- խոսելով COP-29-ին ընդառաջ հայկական կողմի անելիքների մասին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց Սիրանուշ Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ հայտնի է 80 բռնի գերեվարման դեպք, որն Ադրբեջանը որևէ կերպ չի հաստատում։

Ըստ իրավապաշտպանի, Բաքվում կայանալիք ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովը լավ առիթ է Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշումն ինտենսիվացնելու համար և իրականում այդ ճնշումը կարող է և այս փուլում արդյունք տալ, և չտալ։ Սակայն կարող է էսկալացնել գործընթացներ, որոնք ավելի ուշ փուլում դրական արդյունք կտան։

«COP-29-ն արդեն դրական որոշակի արդյունք ունեցել է՝ 32 գերիների ազատ արձակման հարցում։ Կարծում եմ՝ այս գործոնը կարող ենք դեռ մեր մտքում ունենալ և աշխատել, որպեսզի նոր արդյունքներ ստանանք»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ Բաքվում պահվող հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ արդյո՞ք ՀՀ իշխանությունը տեսանելի աշխատանք կատարում է, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ աշխատանքների երկու հիմնական ուղղություն կա՝ քաղաքական-դիվանագիտական և իրավական։ Քաղաքական-դիվանագիտականն ընթանում է ոչ հրապարակային ու ոչ թափանցիկ կերպով և այստեղ բուն բանակցային գործընթացին առնչվող հարցեր կան, ուստի դժվար է ձևավորել ամբողջական գնահատական։
«Կարծում եմ՝ փաստացի այս պահի արդյունքները կարող են որպես ցուցիչ ծառայել արդյունավետությունը գնահատելու համար։ Կարող ենք արձանագրել, որ այս պահին մենք ունենք շուրջ 210 գերիներ, որոնք հայրենադարձվել են, սակայն 23 հաստատված գերիներ դեռևս պահվում են Բաքվում։ Բաքուն պատանդառել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց գլխագինն ավելի թանկ է, և այստեղ ավելի բարդ աշխատանքի անհրաժեշտություն է առաջանալու։ Մյուս կողմից էլ՝ նշենք, որ դեռևս 2020 թվականի պատերազմում գերեվարված անձինք պահվում են Ադրբեջանում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ուժով հնարավոր չեղավ ապահովել այդ անձանց հայրենադարձումը։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը խախտել է ոչ միայն միջազգային իրավունքը, այլև քաղաքական հանձնառություններ, որոնք արձանագրված են եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Եվրոպական կառույցների հովանու ներքո այս խնդրի առնչությամբ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն այդ պայմանավորվածություններն ամբողջ ծավալով չեն իրացվել»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Խոսելով իրավական ուղղությամբ տարվող աշխատանքներից, նա նկատեց՝ այդ աշխատանքներին շատ դրական են վերաբերվում, այս մասով Հայաստանն ավելի ակտիվ է գտնվել և նախաձեռնել է միջպետական գործեր, թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, թե՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում։
«Իրավական թիմին չեմ կարող թերացումներ վերագրել, տակտիկական և ռազմավարական որոշակի հարցեր կարող են դառնալ քննարկման առարկա։ Օրինակ, կա հնարավորություն՝ դիմել նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանին՝ խոշտանգումների կոնվենցիալ հիմքով, սակայն Հայաստանը դա չի արել։ Բայց թե որքանով է դա նպատակահարմար կամ գուցե այլ փուլերում հնարավոր է կիրառել՝ դրանք ընդհանուր իրավական ռազմավարության հարցեր են, պետք է քննարկվի այս գործառույթը ստանձնած թիմերի ներգրավվածությամբ։ Այս պահին միակ կարևոր հարցադրումն այն է, որ Հայաստանը որևէ փոխզիջումների չպետք է գնա, հատկապես այս փուլում՝ իրավական գործընթացներից հրաժարվելու մասով։ Եթե Հայաստանը պարտություններ է արձանագրել ռազմական, քաղաքական, դիվանագիտական հարթության մեջ, քանի որ առ այսօր ՀՀ տարածքները շարունակում են մնալ օկուպացված, միջազգային հանրությունը հասցեական չէ Ադրբեջանի ագրեսիայի հարցում, ապա ի հակադրություն այս ոլորտների, իրավականում ունենք Հայաստանի ու հայկական շահի խախտումներն արձանագրող դատական ակտեր։ Անկախ դրանց կատարվածության աստիճանից, իրավական հարթությունում ունենք արդեն իսկ միջանկյալ հաղթանակներ և մեծ շանսեր՝ վերջնական հաղթանակ արձանագրելու համար։ Հետևաբար, Հայաստանը չպետք է ճնշումների ենթարկվի դատական գործընթացներից հրաժարվելու հարցում»,- շեշտեց իրավապաշտպանը։

Մեր հաջորդ հարցին՝ արդյո՞ք այս ընթացքում հաջողվել է տեղեկություններ ստանալ Բաքվում պահվող պատանդների, գերիների վերաբերյալ, քանի որ ժամանակ առ ժամանակ տեղեկատվություն է սպրդում, որ հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պահվում է վատ պայմաններում, և նրանք արդեն ունեն առողջական խնդիրներ, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց՝ տեղեկատվության փոխանցման երկու ստուգված, արժանահավատ խողովակ գոյություն ունի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը խիստ կոնֆիդենցիալ ու սահմանափակ տեղեկատվություն է հասցեագրում ընտանիքներին, որոնք հրապարակման ենթակա չեն։ Հետևաբար, այս ճանապարհով ստացված տեղեկությունը հատվածական է։

«Սակայն, միջպետական գանգատի շրջանակներում Հայաստանի պահանջով կիրառվել է հայցի ապահովման միջոց, և Ադրբեջանը պարտականություն ունի եռամսյակային կտրվածքով տեղեկություններ տրամադրել Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի վերաբերյալ։ Այս տեղեկատվությունը հասցեագրվում է Կառավարությանը, որն էլ փոխանցվում է ընտանիքներին։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս դարձել է մեխանիզմ, որի շրջանակում մենք կարողանում ենք ստանալ տեղեկատվություն Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։


Հիշեցնենք, որ COP-29-ին Ադրբեջանը պաշտոնապես հրավիրել է նաև հայկական կողմին, սակայն Հայաստանի իշխանությունն այդ հրավերին դեռևս չի արձագանքել։
Հիշեցնենք նաև, որ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բայց նամակ էր հղել հայությանը, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։

Նշենք, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը՝ Արցախի նախկին երեք նախագահները, ՊԲ նախկին հրամանատարը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալը, նախկին պետնախարարն ու արտգործնախարարը, ԱԺ ներկայիս նախագահը նախորդ տարվա սեպտեմբերից Բաքվում պահվում են պատանդի կարգավիճակում։

Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխեել են Բաքու, բոլորին տարբեր հոդվածներով մեղադրանքներ առաջադրել և 4 ամսով կալանավորել, վերջերս Բաքվի դատարանը նրանց կալանքի ժամկետը կրկին երկարաձգեց, այս անգամ՝ արդեն 5 ամսով։