ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ ԴԵՂՈՐԱՅՔԸ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ․ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆ ԴԻՄԵԼ Է ՔԱՅԼԵՐԻ

Երեւանի թիվ 12 պոլիկլինիկան, որը գտնվում  է Ավան վարչական շրջանում, պետպատվերի շրջանակում տրամադրվող դեղերը չի կարողանում փոխանցել քաղաքացիներին։ Այս մասին մեզ ահազանգել է հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող քաղաքացիներից մեկը՝ նշելով, թե 2024 թվականին չի ստացել «Ատորիս» կոչվող դեղահաբը՝ նախատեսված խոլեստերին ունեցողների համար, սրտի, արյան ճնշման դեմ նախատեսված դեղահաբերը։

««Ատորիս» ընդհանրապես չեմ ստացել, ստիպված գնում եմ, ու այնպես չէ, որ այն մատչելի դեղ է, ճնշման համար դեղը ստացել եմ ամբողջ տարվա ընթացքում 4 ամսվա համար, իսկ սրտի դեղը եւս կիսատ եմ ստացել։ Նախորդ անգամ գնացինք, ասացին՝ չկա, իրենք էլ չեն ստացել»,-նշեց մեզ ահազանգած անձը։

Տեղեկացանք, որ պետպատվերով դեղորայքը հասցնող «Ագաստ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել պոլիկլինիկայի դեմ՝ նշելով, թե իրենցից դեղորայքը չեն վերցրել։

Մենք խոսեցինք պոլիկլինիկայի փոխտնօրեն Վառվառա Մելիքյանի հետ, խնդրի հետ կապված , նա նշեց․ «Մենք հենց հիմա «Ատորիսն» էլ ունենք, սրտի դեղն էլ ունենք։ Եղել է ժամանակ, որ չենք ստացել, որովհետեւ քաղաքապետարանը տենդերը տվել էր, դեղորայքը վերջացել էր, հիմա մենք ենք տվել դեղորայքը, եւ ունենք արդեն երևի 15 օր։ Օրինակ, հենց հիմա չարչարվում եմ, բայց «Ատորիսի» փոքր դոզան չենք կարողանում շահել, էդպիսի հարցեր կան»։

Ճնշման դեմ դեղորայքի առկայության վերաբերյալ ասաց, որ գրեթե բոլոր դեղերը ունեն, եւ,եթե անգամ պոլիկլինիկայից չեն կարողանում ստանալ, ինքը քաղաքացիներին ուղորդում է դեղատնից ստանալ ․ «Ես դեղատանն այնպես եմ ուղարկել պայմանագիրը, որ անվճարն էլ կարողանան ստանալ, 50%-ով էլ, այսինքն օգտվում եմ նաեւ դեղատներից»։

Իսկ ինչ վերաբերում է «Ագաստ» ՍՊԸ-ի կողմից դատական հայց ներկայացնելուն, ասաց, թե բոլոր հիմնարկների դեմ է հայց ներկայացրել․ ««Ագաստը» դեղորայքը չի բերում, մենք էս անգամ արել ենք այն, ինչ կարող էինք չանել․ ինքը բերել է, մենք չենք ընդունել, որովհետեւ ինքը շատ դեղորայքներ է շահել, 6 ամսվա ընթացքում չի բերել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3ec78b3ead55da41436bc9ed19a868be