168.am-ը շարունակում է հանրայնացնել թավշյա իրողությունների շահառու իշխանության ներկայացուցիչների գույքի, եկամուտների, շահերի ու ծախսերի հայտարարագրերը։Հերթականը Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարագիրն է։ Իսկ գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի զեմլյակ, մասնագիտությամբ երկրաբան, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը սկսել է արագորեն բարելավել իր դիրքերը հենց 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո։
Եթե մինչև 2018 թվականը Ռոմանոս Պետրոսյանը մեկական տարով այս կամ այն ընկերություններում ինչ-ինչ գործունեություն էր իրականացնում, ապա 2018 թվականից հետո սկսեց արագորեն պաշտոններ փոխել՝ մարզպետ, նախարար, իսկ այսօր արդեն՝ Պետական վերահսկողական ծառայության պետ։ Ասում են նաև, որ ՊՎԾ ղեկավարը Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից է», ու թերևս հենց դրանով պետք է պայմանավորել կարիերայի այս ցնցող աճերը։
Պաշտոնյայի՝ 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2023 թվականի տարեկան հայտարարագրից մասնավորապես տեղեկանում ենք՝ Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է տնօրինել 3 անշարժ գույք՝ 2001 թվականին Կոտայքի Աբովյան համայնքում «այլ» եղանակով ձեռք բերված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան, 2014 թվականին նույն մարզի Ակունք համայնքում գնված և միանձնյա տնօրինվող հողամաս և 2019 թվականին Երևանի Արաբկիր համայնքում գնված և համատեղ սեփականություն հանդիսացող բնակարան։
Հաշվետու տարում՝ 2023 թվականին, ՔՊ-ական պաշտոնյան գնել է BMW մակնիշի մեքենա, որի համար, ըստ պաշտոնական արձանագրման, վճարել է 6 միլիոն դրամ։
Նա նաև հայտարարագրել է «ԲԻԶՆԵՍ ՌԵՋԵՆՏ» ՍՊԸ-ում իր ունեցած 60 տոկոս բաժնեմաս, որը ձեռք է բերել 2011 թվականին, և որի արժեքը թե՛ տարեսկզբին, թե՛ տարեվերջին կազմել է 60 հազար դրամ։
Ռոմանոս Պետրոսյանի դրամական միջոցները
ՔՊ-ական պաշտոնյան հայտարարագրել է բանկային հաշիվների մնացորդներ՝ տարեսկզբին՝ 8 միլիոն 605 996 դրամի չափով, իսկ տարեվերջին՝ 10 000 եվրոյի և 1 միլիոն 701 057 դրամի։ Կանխիկ 3 միլիոն դրամն էլ տարեվերջին նվազել է՝ կազմելով 2 միլիոն դրամ։
Ռոմանոս Պետրոսյանի հաշվետու տարվա՝ 22 միլիոն 183 491 դրամ եկամուտները գոյացել են ՊՎԾ-ից ստացված 19 միլիոն 601 499 դրամ աշխատավարձից և ՊԵԿ-ից ստացված 2 միլիոն 581 992 դրամ այլ եկամուտներից։
ՊՎԾ պետը նաև հայտարարագրել է բնակարանի համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդ՝ 24 միլիոն 018 532 դրամի չափով։
Ինքը՝ քոլեջի կառավարման խորհրդի նախագահ, կինը՝ փոխտնօրեն․ բազմագործառութային պաշտոնյան
Հայտարարագրից պարզվում է նաև, որ Ռոմանոս Պետրոսյանը, բացի ՔՊ վարչության անդամ հանդիսանալուց, նաև Աբովյանի Բազմագործառութային Պետական Քոլեջ ՊՈԱԿ-ի Կառավարման Խորհրդի նախագահն է, իսկ այդ ՊՈԱԿ-ի կազմակերպադաստիարակչական գծով փոխտնօրենն էլ, ոչ ավել, ոչ պակաս, նրա կինն է՝ Արմինե Պետրոսյանը։