Այս տարի առաջին անգամ կառավարության ներքին պարտքը գերազանցեց արտաքինին։Հունիսի վերջի տվյալներով, ներքին պարտքը կազմեց 5,9 մլրդ դոլար, արտաքինը՝ 5,7 մլրդ դոլար։
Դա տեղի ունեցավ մի կողմից՝ արտաքին պարտքի նվազման, մյուս կողմից՝ ներքին պարտքի ավելացման հաշվին։
Տարեսկզբի առաջին վեց ամիսներին արտաքին պարտքը նվազել է գրեթե 213 միլիոն դոլարով, ներքին պարտքն ավելացել է 567 մլն դոլարով։ Կառավարությունն իրականացրել է ներքին պարտքի ներգրավման ագրեսիվ քաղաքականություն, ինչը, իհարկե, նոր երևույթ չէ։ Վերջին տարիներին փոխել են պարտքի ձևավորման ռազմավարությունը՝ նախապատվություն տալով ներքին պարտքին։ Այդ քաղաքականությունը բերել է նրան, որ կառավարության ներքին անհամեմատ թանկ պարտքը սկսել է գերազանցել արտաքին անհամեմատ էժան պարտքին։
Սա լա՞վ է, թե՞ վատ, այլ խնդիր է։ Այն ունի՝ ինչպես իր առավելությունները, այնպես էլ՝ թերությունները։ Հիմնական թերությունն այն է, որ ներքին պարտքը թանկ պարտք է։ Դրա համար էլ սովորաբար շատ երկրներ խուսափում են նման պարտքերը ներգրավելուց, որովհետև դրա հետևանքով էապես մեծանում է պարտքի սպասարկման բեռը։ Մի բան, ինչը վերջին տարիներին տեսնում ենք կառավարության պարտքի սպասարկման առումով։
Բայց համարենք՝ կառավարությունը ճիշտ է վարվել, որ շարունակել է ակտիվորեն ավելացնել ներքին պարտքը։ Պետական գանձապետական պարտատոմսեր է թողարկել ու ներքին շուկայից պարտքի տեսքով ֆինանսական միջոցներ ներգրավել՝ բյուջեի դեֆիցիտը փակելու ակնկալիքով։
Ենթադրենք, որ կառավարությունն ունեցել է այդ միջոցների կարիքը։ Եթե ունեցել է, նշանակում է՝ այդ միջոցները պետք է ներդրվեին նախատեսված ծրագրերն իրականացնելու համար։
Իսկ ի՞նչ է արել կառավարությունը. Ծրագրավորվածից ավելի պետական պարտատոմսեր է թողարկել, թանկ գումարներ է ներգրավել, բայց բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման միջոցով նախատեսված ծրագրերն իրականացնելու փոխարեն՝ գումարները տարել, բանկերում ավանդ է դրել։
Առաջին անգամ չէ, որ կառավարությունը, չկարողանալով ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը՝ բյուջետային միջոցներն ավանդադնում է բանկերում, ինչ է թե՝ տոկոսային ցածր եկամուտներ ստանա։ Բայց նորություն էր, որ ավել պարտատոմսեր է թողարկում, թանկ պարտքեր վերցնում ու տանում բանկերում ավանդ դնում։ Այն պարագայում, երբ ազատ միջոցների պակաս կարծես չի ունեցել։
«Հաշվետու ժամանակահատվածում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվել են 18,3 մլրդ դրամ տոկոսավճարներ, որոնք 115,0 տոկոսով գերազանցել են կիսամյակային ծրագրային ցուցանիշը և 12,5 տոկոսով զիջել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ծրագրված ցուցանիշի գերազանցումը պայմանավորված է 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջեի ելքերի կիսամյակային ծրագրային ցուցանիշի համեմատաբար ցածր կատարողականով, որի պայմաններում առաջացել են լրացուցիչ ժամանակավոր ազատ դրամական միջոցներ, որոնք ներդրվել են՝ ապահովելով լրացուցիչ տոկոսային եկամուտներ, ինչպես նաև գանձապետական միասնական հաշվի միջոցների ակտիվ կառավարմամբ, որի արդյունքում հնարավոր է եղել միջին օրական մնացորդը պահել կանխատեսվածից ավելի ցածր մակարդակում:
Տոկոսագումարների գերակատարմանը նպաստել է նաև պետական պարտատոմսերի ծրագրվածից ավելի տեղաբաշխումը, որից ստացված միջոցները ևս ավանդադրվել են՝ ապահովելով լրացուցիչ տոկոսագումարներ»,- այս մասին ասվում է ֆինանսների նախարարության պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվության մեջ։
Հարց է առաջանում, ինչո՞ւ է կառավարությունը ծրագրվածից ավելի պարտատոմսեր տեղաբաշխել, ավելի շատ պարտք վերցրել, եթե չպիտի կարողանար ծախսել այդ գումարները և ստիպված լիներ բանկերում ավանդ դնել։ Սրանից ավելի շատ եկամո՞ւտ են ստացել, թե՞ վնասներ կրել։
Հայտնի է, որ պարտատոմսերը շատ ավելի թանկ են, քան ավանդների տոկոսներն են։
Ինչո՞ւ են բարձր տոկոսով փողը վերցրել, տարել բանկում ցածր տոկոսով դրել։
Հիշեցնենք, որ կառավարության տեղաբաշխած պետական գանձապետական պարտատոմսերի միջին կշռված տոկոսադրույքն այս պահին հասնում է 10,7 տոկոսի։
Եթե կառավարությունը ֆինանսական միջոցների կարիք չի ունեցել ու այդ գումարները պիտի ավանդադներ բանկերում, ինչո՞ւ է ավել պարտատոմսեր տեղաբաշխելով՝ ծանրացրել պարտքը։ Առանց այդ էլ, կառավարության պարտքը՝ հատկապես ներքին պարտքի ծանրաբեռնման պատճառով, լուրջ բեռ է դարձել պետական բյուջեի վրա։ Ընդամենը երկու-երկուսուկես տարի առաջ ներքին պարտքը կառավարության պարտքի նույնիսկ 30 տոկոսին չէր հասնում։ Այսօր գերազանցում է 50 տոկոսը։ Երկու-երկուսուկես տարում այն ավելի քան կրկնապատկվել է՝ էապես մեծացնելով ներքին պարտքի սպասարկման բեռը։
Այս տարվա առաջին կեսին, սեփական պարտքերի տոկոսները սպասարկելու համար, կառավարությունը պետական բյուջեից արդեն հասցրել է վճարել 153,5 մլրդ դրամ՝ շուրջ 32 տոկոսով ավելի, քան նախորդ տարի։ Այսօրվա փոխարժեքով այն մոտենում է գրեթե 400 մլն դոլարի։
Եվ սա ընդամենը վեց ամսվա տոկոսավճարն է, որը նախորդ տարվանից ավելի է 37 մլրդ դրամով կամ գրեթե 95 մլն դոլարով։
Գումարի գերակշիռ մասն ուղղվել է ներքին պարտքի սպասարկմանը՝ 153,5 միլիարդից 106,5 մլրդ դրամ կամ ավելի քան 270 մլն դոլար։
Ընդամենը մեկ տարում ներքին պարտքի սպասարկումն ավելացել է 46 տոկոսով։
Այն 2,2 անգամ ավելի թանկ է նստել պետական բյուջեի վրա, քան արտաքին պարտքի սպասարկումը։ Չնայած դրանք գրեթե հավասարազոր են։
Այդպես է, որովհետև ներքին պարտքի գինն անհամեմատ բարձր է։ Կառավարության ներգրաված դրամային պարտքի բեռը հասնում է 10,7 տոկոսի։ Մինչդեռ արտաքին պարտքինը՝ 3,7 տոկոս է, գրեթե 3 անգամով ավելի քիչ։ Բայց դա չի խանգարում, որպեսզի կառավարությունը մեծաքանակ ներքին պարտք վերցնի՝ բարձր տոկոսներով, մի կողմից՝ ավելացնի պարտքի բեռը, իսկ մյուս կողմից՝ ապախթանի այդ գումարների ներդրումը տնտեսության մեջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ