Նիկոլ Փաշինյանն օրերս այցելել էր Արարատի մարզ։ Այգավան գյուղում, երբ բնակիչները բողոքում էին խաղողի մթերման գներից, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե առաջին բանը, որ գյուղացիները պետք է անեն, ապա պետք է մտածեն խաղողի ինքնարժեքն իջեցնելու մասին։Լուսառատ գյուղում էլ նա բնակիչներին խորհուրդ էր տվել մշակվող խաղողի սորտերը փոխել, սկսել մշակել գինու սորտեր և այնպես անել, որ գյուղատնտեսությունը զարգացնեն շուկային համարժեք։
Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի առաջարկների, ոլորտում առկա խնդիրների ու Կառավարության անգործության մասին, ասաց՝ հարցերից խուսափելու համար, պարզ է, որ Կառավարության ղեկավարը գյուղացիներին պետք է հորդորի խաղողի նոր սորտեր մշակել։«Բնության մեջ խաղողը կենդանի էակ է՝ մարդու նման։ Պետք է նախապատրաստես, հիմնես, խնամք տանես, որպեսզի բերք տա։ Խաղողագործության ոլորտում այս գործընթացը տևում է 3-5 տարի։ Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը բնակիչներին հորդորում է՝ նոր սորտեր մշակեն, նշանակում է, որ ինքը երկու անգամ էլ պետք է ընտրվի ու մնա պաշտոնին։ Մարդիկ լսեն իր հորդորները, եղածը քանդեն, մեկ տարում հողը նախապատրաստեն, հետո մի քանի տարում հիմնեն, այնպես, որ 6 տարի անցնի, ինչը նշանակում է, որ մարդը սովից պետք է մահանա, մինչև վեց տարի այդ ամենն անի։ Սա աբսուրդ է, հարցից խուսափելու, գյուղացուն խաբելու ինչ-որ բան ասելու համար է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Սարգսյանը։
Այս համատեքստում մեր զրուցակիցը հեռավար հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ խաղողի նոր սորտերի համար Կառավարությունը սերմակայաններ, տնկային տնտեսություններ ունի՞։ Եթե կա, ապա կարող է խաղողագործներին դրանց գտնվելու վայրի մասին տեղեկացնի, որպեսզի նրանք օգտվեն։
«Հասարակ հարցեր կան, որոնք Նիկոլ Փաշինյանին չեն տալիս, նա էլ գնում է՝ գյուղացիներին ինչ պետք է՝ ասում է ու հեռանում։ Տարիներ առաջ, մինչև 2018 թվականը, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ խաղողը պետք է լինի 200-280 դրամ, գինու սորտերը՝ 300-500 դրամ, բա ուզում եմ հասկանալ, այդ ասածներն ի՞նչ եղավ այդ 7 տարում, ի չիք դարձա՞վ։
Եկել, ասում է՝ ամեն ինչ քանդեք, նոր սորտ աճացրեք, մինչդեռ մեր երկրում աճող բոլոր հայկական սորտի խաղողներն ունեն էնդեմիկ, բնատուր, մաքրասորտ ծագում՝ այս ռելիեֆի մեջ ստացված սորտեր են։ Մի անգամ հարց տվեք Փաշինյանին, բա որ մեր սորտերը փոխենք, մեր արտադրանքը, օրինակ, հայկական քիշմիշի օղի կամ այլ բան, կվերանա, այսինքն՝ հայկական չի՞ լինելու։ Լավ, որքա՞ն կարելի է՝ չիմանալով մանիպուլացնել ու խաբել։ Մենք հիմա այդ ամենը դնենք-քանդենք, մեր գործունեությունը կորցնենք, ապրանքանիշը կորցնենք, բա հետո՞։ Ես հասկանում եմ, որ իրենց մոտ քանդելը լավ է ստացվում, բայց քանդելու փոխարեն՝ թող բարիք ստեղծեն, զարգացնեն ու կյանք տան։
Կամ՝ այսպիսի բան պատկերացրեք, եթե դուք դրսից տնկիներ եք բերում, օրինակ, 8 եվրոյով, պարզ է, չէ՞, որ խաղաղի ինքնարժեքը չես կարող ցածրացնել, պետք է հակառակը՝ բարձրացնես։ Թող մի կլոր սեղան կազմակերպեն, իրենց փորձագետներին հրավիրեն, ես էլ գնամ յուրաքանչյուր հարցի շուրջ հանգիստ քննարկում ծավալենք, ամեն ինչ ներկայացնեմ, կհասկանանք, թե այս ոլորտը, որը հասցրել են անդունդի եզրին, այնտեղից էլ ընկել ու գլորվել է ներքև, այդ ոլորտի մշակները ինչո՞վ պետք է ապրեն»,- հավելեց Արտակ Սարգսյանը։
Նրա բնորոշմամբ՝ այսօր կյանքը թանկացել է, եթե տարիներ առաջ ավելի հեշտ էր այգի հիմնել ու մշակել, ապա այսօր այդ գործընթացը դժվարացել է։ Այս ամենին զուգահեռ՝ խաղողագործն իր դարդերի հետ միասին մնացել է մեն-մենակ, նրան բոլորը խաբում են, նրանք որևէ մեկին հետաքրքիր չեն։
«Իշխանությունը մատի փաթաթան է դարձրել խաղողի սուբսիդավորման ծրագիրը։ Սուբսիդիան տրամադրում են գործարաններին։ Խաղողն ինքնարժեքից ցածր, զոռով, մի կերպ խաղողագործի ձեռքից վերցնում են։
Մեր նախնական մոնիթորինգով՝ այս տարի միջինից ցածր խաղողի բերք է սպասվում, պատճառը բնակլիմայական անոմալ վիճակն էր։ Գյուղատնտեսության ոլորտում, գարնանից սկսած, անոմալիա է տեղի ունեցել։ Այս տարի նաև 7-15 օր խաղողի բերքահավաքն առաջ է ընկել՝ կրկին նույն պատճառով»,- եզրափակեց Արտակ Սարգսյանը։