Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ՌԴ բարձրագույն պաշտոնյաների մակարդակով ինտենսիվ այցելությունները Բաքու պայմանավորված են մեծ տարածաշրջանի զարգացումներով՝ Իրանի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են առաջանալ Իրան-Իսրայել հնարավոր էսկալացիայի ժամանակ, և այդ պրոցեսներում յուրաքանչյուրի դիրքավորմամբ: «Յուրաքանչյուրը փորձում է իր քաշին և իր ազդեցությանը համապատասխան՝ ոչ միայն սեփական դիրքավորում ապահովել, այլև որոշակի ծառայություններ մատուցել իր դաշնակիցներին: Ես կարծում եմ, որ թե՛ Շոյգուի, թե՛ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պայմանավորված էր ոչ միայն տարածաշրջանում ՌԴ դիրքերի ճշտմամբ, այլ նաև ՌԴ-ն ինչ-որ չափով փորձում է երաշխավոր լինել Իրանի առջև՝ առնվազն Ադրբեջանի չեզոքության առումով հնարավոր զարգացումների ժամանակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա նկատեց՝ միակ պետությունը, որը դեմ է Սյունիքում Ադրբեջանին «միջանցք» տալուն, Իրանն է. «Իրանը գրեթե բաց տեքստով ասում է, որ՝ եթե նույնիսկ դուք չկռվեք ձեր սահմանի համար, մենք կռվելու ենք, որովհետև դա մեր ընդհանուր սահմանն է: Պարզ է, որ դա ուղղակի իրենց անվտանգային խնդիրն է, և իրենք մինչև վերջ էլ դրա համար պայքարելու են: Պատահական չէ, որ Իրանը՝ լինելով ավանդական քաղաքակրթություն, իրենք այլընտրանքային ճանապարհ առաջարկեցին, Ադրբեջանին և Թուրքիային ասելով, որ եթե նրանց հետաքրքրում է տնտեսական կոմպոնենտը, ապա այնտեղով կարող են անցնել: Փաստացի, Իրանն արտաքին քաղաքականության մեջ հօգուտ Հայաստանի ավելի մեծ աշխատանք է տարել՝ այդ միջանցքի հետ կապված, քան Հայաստանի իշխանությունները: Ժամանակին Էրդողանն ասում էր, որ միջանցքի միակ խոչընդոտն Իրանն է: Իրանը մինչև վերջին փամփուշտն իր դիրքերը պահելու է և պահում է»:Բելառուսի նախագահ Լուկաշենկոն մասնավորապես վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները կդիմեն Մոսկվայի ու Մինսկի օգնությանը, և այստեղ հարց է առաջանում, թե այդ որ երկիրն է երբևէ դիմել Մինսկի օգնությանը, իսկ Հայաստանի ղեկավարության քաղաքականության վերաբերյալ ասել է հետևյալը. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:
Լուկաշենկոյի այս հայտարարությունների վերաբերյալ Վիգեն Հակոբյանը հետևյալն ասաց. «Լուկաշենկոն Պուտինի խոսափողն է: Ինչպես երկրի ներսում երկար ժամանակ Պուինի խոսափողը Ժիրինովսկին էր և ասում էր այն, ինչ Պուտինը հրապարակային խուսափում էր ասել, արտաքին քաղաքական ասպարեզում Պուտինի խոսափողը Լուկաշենկոն է, այսինքն՝ այն, ինչ ասել է Լուկաշենկոն, համարենք, որ Պուտինի տեսակետն է, Պուտինի նախազգուշացումն է»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում