«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆՈՐ ԴԵՍՊԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԿՈՒ ՍՑԵՆԱՐ ԿԱ` ՈՐԸ ԿԸՆՏՐԻ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ

«Հրապարակի» զրուցակիցը ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն է։ Հայաստանը Ռուսաստանում նոր դեսպան ունի՝ նախկին իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ Այդ նշանակումն ինչպե՞ս կազդի ռուս-հայկական բարդ հարաբերությունների վրա, նոր դեսպանն անցյալում Ռուսաստանի համար ոչ հաճելի մտքեր է արտահայտել։

Ռուսաստանում ՀՀ դեսպանի նշանակումը Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքն է եւ Հայաստանի իրավունքն է՝ առաջադրել տվյալ անձին։ Դեսպանի կենսագրությունը կարեւոր է, եւ այն պետք է ուսումնասիրել, բայց դեսպանն այն անձն է, որը պետք է աշխատի ընդունող երկրի հետ իր երկրի հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Դա է պրակտիկան: Դեսպանը չի գալիս, որպեսզի վիճաբանի։ Այն, թե նախկինում ինչ է ասել նոր դեսպանը, կարող ենք ներառել չակերտներում։ Սա՝ մեկ։ Երկրորդ․ Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը շատ յուրահատուկ է եւ տարբերվում է, օրինակ, Հայաստանում ՌԴ դեսպանի պաշտոնից, որովհետեւ Ռուսաստանում շատ մեծ եւ ուժեղ հայկական սփյուռք կա, ընդ որում՝ Ռուսաստանի հայերը, որոնց մեծ մասը նաեւ ՌԴ քաղաքացիություն ունի, պահում է կապն իր պատմական հայրենիքի հետ, շատ ուշադիր հետեւում զարգացումներին, տնտեսական եւ քաղաքական աջակցություն ցուցաբերում Հայաստանին, բայց որոշակի հանգամանքներում կարող են հետ շրջվել ՀՀ ղեկավարությունից, եթե նա վարի այնպիսի քաղաքականություն, որը կհակասի Ռուսաստանում նրանց շահերին։ Ես նկատի չունեմ խոպան եկած պատահական մարդկանց, որոնք, այսպես ասած, սեզոնային աշխատողներ են։ Իրականում այստեղ մեծաքանակ եւ հզոր համայնք կա, եւ դեսպանը հարկադրված է լինելու հաշվի նստել նրա հետ կամ իրեն մեկուսացման մեջ կդնի համայնքից, ինչը քիչ հավանական է։  


Երրորդ հանգամանքը․ նոր դեսպանի նշանակումը համընկավ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բարդ փուլին։ Այդ դժվարությունների ֆորմալ նշաններ գոյություն ունեն, բայց Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից, թեեւ դադարեցրել է համագործակցությունը: Շարունակում է անդամակցել ԵԱՏՄ-ին, շարունակում է տեղակայված մնալ ռուս սահմանապահների բավական սոլիդ կոնտինգենտ, զարգանում են առեւտրատնտեսական կապերը, Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ էմբարգո կամ պատժամիջոցներ չի կիրառում, եւ Ռուսաստանում հայաֆոբ քաղաքականություն չկա, ռուս լրագրողներն ու վերլուծաբանները, այդ թվում՝ ես, հանդես են գալիս Հայաստանի արտաքին քաղաքականության քննադատությամբ, բայց չենք քննադատում ամբողջ հայ ժողովրդին, որի հետ կապերի խորացմամբ մենք շահագրգիռ ենք, քանի որ Ռուսաստանն իր ճակատագիրը չի առանձնացնում հայ ժողովրդի ճակատագրից եւ քաղաքական պատասխանատվություն է կրում նրա ֆիզիկական գոյության համար։ Այնպես որ, դեսպանի համար հեշտ չի լինելու։ Եթե նա Երեւանից ստանա այնպիսի կարգադրություններ, որոնք կմղեն խթանել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը` սա մի սցենար է։ Եթե գործի դեսպանի աշխատանքի համար ընդունելի սկզբունքներով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, այլ սցենար է։ Ես Ռուսաստանում ՀՀ տարբեր դեսպանների եմ ճանաչել, կարծում եմ՝ ամենահաջողը պարոն Եսայանն էր, նա մշտապես համագործակցում էր ռուս վերլուծական շրջանակների հետ, ակտիվ աշխատում էր հայկական սփյուռքի հետ, այդ շրջանում հայ-ռուսական հարաբերությունները վերելք էին ապրում։ Հաջորդ դեսպանները եւս հաջողված էին, եթե չեմ սխալվում՝ դեսպան Միրզոյանը եւս աշխատում էր ռուսական փորձագիտական հանրույթի հետ, Երեւանի եւ Մոսկվայի միջեւ տարաձայնությունները հարթվում էին երկխոսության միջոցով, լայն հանրային դաշտ չէին բերվում, հայկական թեմաներով զբաղվող փորձագետները լոյալ դիրքորոշում ունեին, քանի որ ելնում էին նրանից, որ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, որի հետ մենք շահագրգիռ ենք  համագործակցել։ Հեռացող դեսպանը ռազմական ոլորտից է, նա առավելապես շփվում էր զինվորականների հետ, փորձագիտական համայնքի հետ շփման շրջանակ չուներ։ Պետք է նշել, որ հենց նրա դեսպանության շրջանում հայ-ռուսական հարաբերությունները հասան վատթարացման պիկին։ Մեզ մնում է մաղթել, որ նոր դեսպանն ըմբռնումով մոտենա իր պաշտոնին եւ աշխատի հանուն համագործակցության եւ ոչ կոնֆրոնտացիայի։

Բայց պատգամավոր Արսենյանը կարծում էր, որ Հարավային Կովկասում ռուսական ներկայությունը Հայաստանի համար անվտանգության երաշխիք չէ, նա հանդես է գալիս Թուրքիայի հետ համագործակցության օգտին։ Այս մտածողությունն ինչպե՞ս կնպաստի այդ օրակարգին։

Դե, Թուրքիային ուղղված նրա կոմպլեմենտարությունը նկատի առնելով, նա կարող էր լինել Թուրքիայում Հայաստանի պոտենցիալ դեսպանը, երբ հարաբերությունները վերականգնվեն, կամ որեւէ արեւմտյան երկրի։ Այդ դեպքում հարց․ նա ինչո՞ւ է Ռուսաստան գալիս, նա Ռուսաստան է գալիս, որպեսզի առճակատմա՞ն տանի։ Դա անհեռանկար է եւ քիչ հավանական։ Հարցն այն է, որ Հայաստանի եւ Փաշինյանի համար Ռուսաստանը եղել եւ մնում է շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող, եւ Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնին պետք է Փաշինյանին շատ մտերիմ մարդ լինի։ Եթե նոր դեսպանը Փաշինյանի մտերիմն է, նոր շրջադարձերն անխուսափելի կլինեն, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող է իրականացվել վարչապետի վստահելի անձի միջոցով, այդ ժամանակ Մոսկվան, այսպես ասած, կարող է կոնֆիդենցիալ բանակցություններ վարել դեսպանի հետ, ինչը դրական կլինի, բայց եթե դա ուղղակի հերթապահ, սովորական նշանակում է՝ դիվանագետի կարիերայի համար, այլ հարց է։ Նման դեպքեր էլ են լինում՝ նշանակում են, պրոտոկոլային ներկայություն է ապահովում, հանդիպումներ ունենում, իրականացնում իր պաշտոնեական լիազորությունները։ Տեսեք, մի կողմից Մոսկվան ողջունում է, որ նա Փաշինյանի կողմնակիցն է, թե նա ինչ է ասել նախկինում, հիմա նշանակություն չունի, նա հայտնվել է Մոսկվայում, եւ դա խոսում է հարաբերությունների որոշակի վստահության մասին։ Մյուս կողմից, ես չեմ կարծում, որ Փաշինյանն իր մերձավոր կողմնակցին Մոսկվա կուղարկեր՝ վիճելու, թե` Գյումրիից հեռացեք, ՀԱՊԿ-ից ենք դուրս գալիս։ Այդ դեպքում նա, գուցե, օրինակ, Փարիզում սպասեր, մինչեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ապա ուղարկվեր պարոն Էրդողանի մոտ։ Այստեղ,  կարծում եմ, այլ բան է, սա ժեստ է, սովորական լեզվով ասած՝ սա Ռուսաստանի համար ոչ այնքան վատ ցուցիչ է։ Հնարավորություն է ստեղծվում՝ նոր երկխոսություն սկսելու։

Պարոն Զատուլինը կարծիք էր հայտնել, թե այս նշանակմամբ վստահելի հարաբերություններ չեն ձեւավորվի։

Իմ կանխատեսումը մի փոքր այլ է։ Իրավիճակը շատ արագ է փոխվում, ընդ որում՝ արմատապես, եւ կանխատեսումը, որը մենք արել էինք նախկինում, այդ թվում՝ ես, որ վտանգների ցունամին ոչ թե հյուսիսից է գալիս՝ Ռուսաստանից, այլ հարավից՝ Մերձավոր Արեւելքից, իրականանում է։ Տարածաշրջանն ապակայունանում է, ցնցումների մեջ է, եւ այդ իրադարձությունները կպայմանավորեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Հայաստանը հիմա շատ բարդ իրավիճակում է՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը չկա, չնայած պատերազմն ավարտվել է 2020 թվականին, միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը կա, որը ստորագրվել է Ռուսաստանի աջակցությամբ։ Կարգավորված չեն հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչ էլ ասեն այդ հատուկ ներկայացուցիչները, ինչպես էլ աշխատեն ինչ-որ ռեժիմների դյուրացման ուղղությամբ, փաստ է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական եւ առեւտրատնտեսական հարաբերություններ հաստատված չեն։ Շատ հավանական է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո էական փոփոխություն կրի Վրաստանի արտաքին քաղաքականությունը։ Վրաստանը, որը հանդես էր գալիս որպես Հայաստանի ժողովրդավարական գործընկեր, կարող է փոխել իր դիրքորոշումը, եւ Հայաստանը կմնա Արարատ լեռան ու ինչ-որ բանի միջեւ պարփակված` իր ճահճում, հասկանո՞ւմ եք։ Դեպի Արեւմուտք գնալ, որի վրա նա հույս է դրել, շատ բարդ կլինի՝ Սեւ ծովո՞վ, այնտեղ Ուկրաինան է, իսկ շուտով, գուցե՝ Օդեսան, եւ ուկրաինական բոլոր նավահանգիստներն անցնեն Ռուսաստանի վերահսկողության տակ, այդ ժամանակ դա պետք է անել Ռումինիայի, Բուլղարիայի միջոցով։ Պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանն ինչ կոմբինացիայի մեջ է հայտնվելու։ Այնպես որ, անկախ նրանից՝ սիրում է Երեւանը Մոսկվային, թե չի սիրում, հարկադրված է լինելու Մոսկվայի հետ կամուրջներ կառուցել։ Գուցե դա չլինի ջերմ գրկախառնություն կամ կրքոտ համբույր, բայց դա կարող է լինել նորմալ համագործակցություն՝ ելնելով փոխադարձ շահերից։
Ռուսաստանի դիրքորոշման մասին․ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր հարաբերություններն ունի, բայց Հայաստանը չի դիտարկում որպես մանրադրամ, մենք Անկարայի հետ ինքնուրույն երկխոսություն ենք վարում՝ նույնիսկ Ադրբեջանը հանելով փակագծերից։ Թուրքիայի հետ մենք մեր հարաբերություններն ունենք, եւ այնտեղ միջնորդներ չկան, ուստի մենք չենք դավաճանում Հայաստանի շահերն այդ հարաբերություններում՝ Թուրքիայի հետ կոնսենսուսի համար։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է սովորի գրագետ կողմնորոշվել։ Փաշինյանն Ալիեւից սովորելու բան ունի՝ հանուն իր ազգային շահերի, մեծ խաղացողների շահերն օգտագործելու տեսանկյունից։ Ալիեւին, օրինակ, հաջողվեց իր շահերի համար օգտագործել ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Թուրքիայի ռեսուրսը։ Երեւանը, լինելով ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ, այդ ռեսուրսը չկարողացավ օգտագործել, բայց պետք է սովորել դա անել։ 
Այնպես որ, դեսպանը պետք է կարողանա նորովի կամուրջներ կառուցել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ։ Պարադոքս ասեմ՝ Հայաստանը երբեք ռուսական մեդիատիրույթում չի ընկալվել որպես քաղաքական ընդդիմախոս, էլ չեմ ասում՝ թշնամի։ Բավականին կարճ ժամանակահատվածում Հայաստանի ընկալումը կտրուկ փոխվեց, վերջին 1-2 տարիների ընթացքում, բացառությամբ զբոսաշրջային բլոգների կամ մշակութային, խոհարարական անդրադարձների, ռուսական ԶԼՄ-ներում ես չեմ հանդիպել Հայաստանի մասին պատմող որեւէ դրական հոդված։ Սա խնդիր է, որովհետեւ հայերը մեծ ներդրում են ունեցել Ռուսական կայսրության կայացման գործում, մեծ ավանդ ունեն Խորհրդային Միության զարգացման գործում, ներկայում հայերը մասնակցություն ունեն Ռուսաստանի զարգացմանը։ Հայաստանի քաղաքացիները, որոնք նաեւ ռուսական անձնագրեր ունեն, այսօր Ուկրաինայում Ռուսաստանի համար են պատերազմում, մենք հայկական ծագմամբ սպայական կազմ ունենք։ Մեզ համար կարեւոր է, որ հայերն իրենց ճնշված չզգան՝ հայրենիքում  քաղաքական զարգացումների պատճառով, նրանք մեր լիիրավ քաղաքացիներն են։ Թեեւ նրանք իրենց հարմարավետ են զգում Ռուսաստանում, բայց, ուզենք, թե ոչ, այդ բացասականը, որը տեղ է գտել հայ-ռուսական հարաբերություններում, անդրադառնում է նրանց վրա։ Սա պետք է հարթել: Եթե նոր դեսպանը ձգտի դա անել, մենք նրան կաջակցենք, իհարկե, եթե նա դիմի։

Ամփոփելով, կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանն իր դուռը բաց է պահում Հայաստանի վերադարձի համար։

Այո, եթե դա տեղի ունենա, մենք միայն կողջունենք։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի դեսպանը։ Եթե նա գրագետ գործի, չաշխատի կոնֆրոնտացիայի համար, որովհետեւ նախկինում հայկական սփյուռքը պառակտելու փորձեր էին արվում, եթե հասկանա, որ ընդհանուր շահեր կան ոչ միայն Ռուսաստանում ապրող հայերի, այլեւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ` որպես ռազմավարական գործընկերների, նա շանս կունենա լինելու հաջողված դեսպան եւ լուծելու շատ նուրբ, կոնֆիդենցիալ հարցեր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/661912082d39959f9159b35ea03e044b