«ԻՐԵՒԱՆԸ ՏԱՆՔ, ՈՐ ՀԱՆԳԻՍՏ ՄԵՌՆԵՆՔ»

Հայաստանը սեփական ղեկավարի համար դարձել է հեծանվացավի աղբյուր, իսկ Ադրբեջանի ղեկավարի համար՝ տշոցիի գնդակ: Այն ժամանակ, երբ Իլհամն աշխարհաքաղաքական խաղեր է տալիս, Նիկոլը հեծանիվ հայտնաբերած մանուկի նման հաճույք է ստանում դրա «թամբին» բազմելուց: Սկզբում ռուսական, այնուհետև արևմտյան, հետո դեմ առ դեմ ու կրկին ռուսական հարթակներ փոխած Իլհամի խաղն ընդդեմ Հայաստանի նմանվում է մեկ դարպասի վրա խաղի: Ու ի տարբերություն մանկական ֆուտբոլի՝ երբ դարպասապահը չեզոք կողմ է, Իլհամի խաղի դեպքում միայն դարպասապահն է հայկական թիմից, որովհետև խաղադաշտում բացակայում են հայկական թիմի մնացած անդամները: Բայց եթե ենթադրենք, որ ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, առկա է հայկական թիմ, ապա նրա վարքագիծը համապատասխանում է «գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ» հրամանով կատարվող անկանոն շարժումներին: Իսկ հրամանն էլ,  բնական է, տրվում է թշնամու կողմից: Ու մեր ազգային արժանապատվությունը ոտքի տակ գցող այս խաղը կշարունակվի այնքան, որքան ժամանակ մենք կհանդուրժենք երկրի ղեկավարի պաշտոնին Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի առկայությունը:Մեր դժբախտությունը, սակայն, պայմանավորված է ոչ միայն այդ անձի գոյությամբ: Մեր ցավն այն է, որ «Նիկոլի վարչապետություն-անվտանգային սպառնալիքներ» պատճառահետևանքային կապը չի ընկալվում պետական իշխանության այն կառույցների ղեկավարության կողմից, որոնց առաջնային նպատակը հենց անվտանգային սպառնալիքներ չեզոքացնելն է: Չէ, ես հասկանում եմ, որ ստանալով գերբարձր եկամուտներ (աշխատավարձեր ու պարգևավճաներ), այդ անձինք չեն ցանկանում զրկվել անընդհատ ոսկե ձու ստանալու հնարավորությունից: Այն, ինչ իրենց համար ապահովում է Նիկոլի մնալը վարչապետի պաշտոնին: Բայց ենթադրում եմ, որ նրանք ևս գիտակցում են, որ այդպես երկար շարունակվել չի կարող: Հատկապես Հայաստանի շուրջն ընթացող իրադարձությունների համատեքստում: Եվ նրանք վստահաբար կզրկվեն իրենց կուտակած հարստությունից՝ եթե մի օր ոսկե ձու ածող հավն «ամլանա»: Իսկ դա տեղի կունենա, որովհետև նիկոլական խառնակ ժամանակաշրջանն էլ կավարտվի՝ ինչպես ավարտվում է ամեն ինչ մեր կյանքում:

Ի վերջո, մի օր էլ ՀՀ ՊՆ-ն չի հասցնի թողարկել այսպիսի հերթական հաղորդագրություն. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի …-ին՝ ժամը …-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել»: Քանի որ հարյուրերորդ անգամ կրկնված այդ մեխանիզմը վստահաբար երբեք չի ստեղծվի: Դա նույնն է, որ սոված գայլը հանգիստ անցնի զոհի կողքով: Իսկ այդ անհեթեթ մեխանիզմի փոխարեն անհրաժեշտաբար առաջ կգա «Արևմտյան Զանգեզուրը տանք, որ հանգիստ ապրենք» կարգախոսը: Իսկ այնուհետև դրան կհաջորդի «Գյոկչա լիճը տանք, որ հանգիստ ապրենք»-ը: Եվ վերջին ակորդը կլինի «Իրևանը տանք, որ հանգիստ մեռնենք» արտահայտությունը: 

Հ. Գ. Հայաստանյան տեղանունների ադրբեջանական տարբերակներն արդեն, եթե չեմ սխալվում, ներառվել են մեր դպրոցական դասագրքերում: